ուրբաթ, 28 նոյեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին և Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում մասնավոր տնտեսության խթանման ծրագրի» տնօրեն Ֆրանկ Թիբիթանցլին:
Վարչապետը գոհունակությամբ է խոսել հայ-գերմանական համագործակցության մասին, նշելով, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ԱՄՆ-ից հետո Հայաստանի համար երկրորդ խոշոր ներդրողն է: Երկուստեք կարևորվել են տեխնիկական գործակցության շրջանակներում Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ)-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության հետ առաջիկա համագործակցության ծրագրերի մշակման ընթացքում կառավարության առաջնահերթությունները և առաջարկությունները նկատի առնելու հետ կապված հարցեր: Հյուրերը ՀՀ վարչապետին տեղեկացրել են առաջիկայում Հայաստանում գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում մասնավոր տնտեսության խթանման ծրագրի» գրասենյակ բացելու մտադրության մասին, ինչը նրանց համոզմամբ, հնարավորինս կնպաստի երկկողմ գործակցության զարգացմանը:
Ֆրանկ Թիբիթանցլը անդրադարձել է հատկապես մասնավոր ընկերությունների խրախուսման նոր ծրագրերի կարևորությանը: Դրանցից մեկը, ըստ նրա, «Հարավային Կովկասում մասնավոր տնտեսության խթանման ծրագիրն» է: Նշված ծրագրի շրջանակներում փոխգործակցության նպատակով, Հայաստանում գերմանական կողմն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ` ճշտելու համար համագործակցության ուղղությունները: ԳԴՀ դեսպանը և տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրի տնօրենը առաջիկա ծրագրերի համար կարևորել են արտահանման խթանման, սննդամթերքի անվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքը, համայնքային տնտեության խթանումը, առևտրի բնագավառում արգելքների վերացմանը նպաստող քայլերի մշակումն ու իրականացումը:
Վարչապետը ևս կարևորելով վերոնշյալ մոտեցումները, ընդգծել է, որ կառավարության համար առաջնահերթ են այն ծրագրերը, որոնք միտված են երկրում խթանելու տնտեսական աճը: Այս խնդիրը, ըստ վարչապետի, այսօր արդիական է ոչ միայն Հայաստանի, այլ համաշխարհային տնտեսության համար, ընդհանրապես: 2009թ. Հայաստանում իրականացվելիք ցանկացած ներդրումային ծրագիր, Տիգրան Սարգսյանի խոսքերով, պետք է քննարկել նշված տեսանկյունից: