Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 նոյեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եզրափակիչ ելույթը ՀՀ 2009թ. պետական բյուջեի ներկայացման ժամանակ

2009-ի բյուջեի նախագիծը հիմնված է միջինժամկետ ծրագրի վրա: Միջինժամկետ  ծախսային ծրագիրն արտացոլում է կոալիցիայի նախընտրական ծրագրերը, ինչպես նաև ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերը, այսինքն` այն թիրախները, որ դրված են կառավարության առջև, միջինժամկետ ծախսային ծրագրում արտացոլված են և բյուջեն կազմված է` ելնելով այդ ցուցանիշներից: Հարցը, որ բոլորին մտահոգում է` արդյո՞ք համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պարագայում կառավարությունը  ընտրել է ճիշտ ռազմավարություն և արդյո՞ք այդ ռազմավարությունը ունի այլընտրանք: Ո՞րն է այդ ռազմավարությունը. մենք նախապատվությունը տալիս ենք մակրոտնտեսական կայունության ապահովմանը, ինչը բարձրացնում է մեր երկրի դիմադրողականությունը տարբեր փորձություններին: Երկրորդ` մենք նախապատվությունը տալիս ենք ֆինանսական կայունության ապահովմանը, որը հնարավորություն է ստեղծում ներգրավել ներդրումներ  մասնավոր հատվածի, և երրորդ` խթանել տնտեսական  աճը բոլոր հնարավոր գործիքներով: Ավելին` մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացրել գործիքների աննախադեպ ցանկ, որ վերջին 17 տարիների ընթացքում մեր կառավարությունը չի կիրառել, այն է` խթանել ազգային արտադրողին,  արտահանողին` տրամադրելով պետական երաշխիքներ, մասնակցելով մասնավոր ձեռնարկությունների կապիտալում, տրամադրելով սուբսիդիաներ` օգնել նրանց մշակել բիզնես ծրագրեր և այլն: Պատգամավորները հարց են հնչեցնում` արդյո՞ք կառավարությունը այդ միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույց ունի, այո, հարգելի գործընկերներ, մենք ունենք հստակ ժամանակացույց և միջոցառումների համար պատասխանատուներ: Ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ Ազգային ժողովում ելույթ ունենալուց հետո առաջին ծրագիրը, որի մասին  ես հայտարարեցի ԱԺ-ում, արդեն  իրականացրել ենք: Կենտրոնական բանկի հայ-գերմանական հիմնադրամին կառավարությունը տրամադրել է 17 մլրդ դրամ փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար և այդ միջոցները ՀՀ-ում ստեղծելու են հազարավոր նոր աշխատատեղեր, ինչը չափազանց կարևոր է 2009 թ. համար: Երկրորդը` այն բոլոր մեծածավալ, խոշոր ծրագրերը, որոնց մասին այս ամբիոնից հայտարարել է ՀՀ նախագահը, նույնպես սկսել ենք  իրականացնել, մասնավորապես` կառավարությունը հավանության է արժանացրել «Համահայկական բանկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնելու ենք ձեր ուշադրությանը: ԿԲ բյուջեով նախատեսված են միջոցներ, ինչպես համահայկական բանկի ստեղծման, այնպես էլ ինվեստիցիոն հիմնադրամի  և հիպոթեքային հիմնադրամի ստեղծման համար: Սրանք առարկայական ծրագրեր են, որոնք մենք իրականացնելու ենք 2009 թ.: Ատոմակայանի կառուցման նախագծման աշխատանքները արդեն իսկ սկսված են և դեկտեմբերին արդեն ձեզ կզեկուցենք  առաջին արդյունքների մասին: Երկաթգծի աշխատանքները նույնպես սկսված են, և մենք մեր բոլոր գործընկերներին ներկայացրել ենք այդ ծրագիրը, ինչպես նաև քննարկել ենք միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ:

Մեր նախապատվությունները լինելու են ենթակառուցվածքները, առաջին հերթին` էներգետիկայի ոլորտը, գյուղատնտեսությունը, ջուրը: Այս ոլորտների համար մենք պլանավորել ենք ծախսել առնվազն 900 մլն դոլար և դրա համար բանակցություններ ենք վարել Համաշխարհային բանկի, Եվրոպական բանկի և Ֆրանսիական զարգացման բանկի հետ: Ենթակառուցվածքների համար մեզ տրամադրվելու են երկարաժամկետ արտոնյալ տոկոսներով վարկեր: Բնականաբար, ենթակառուցվածքների վրա ծախսելով գումարներ` մենք ստեղծելու ենք ավելի բարենպաստ պայմաններ տնտեսության զարգացման համար:

Հաջորդ կարևորագույն  խնդիրը աղետի գոտու վերականգնման աշխատանքներն են: Մենք ծախսելու ենք աղետի գոտում 77 մլրդ դրամ: Աշխատանքները սկսելու ենք 2009 թ-ից,  դուք տեղյակ եք, որ հայտարարված են մրցույթներ` շինարարական կազմակերպություններ ընտրելու համար, առաջին փուլը ավարտված է և շինարարական կազմակերպությունը, որը հաղթել է այդ փուլում, արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ: Շուրջ 5000 նոր  աշխատատեղ է ստեղծվելու յումրիում: Այսօր շինարարական կազմակերպությունները մեզ տեղյակ են պահում, որ պայմանագրեր կնքել են ընդամենը 1000 աշխատողի հետ, այսինքն` լրացուցիչ  պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն և խնդիր կա աղետի գոտում հայթհայթել աշխատուժ: Ահա այս աշխատանքները նույնպես նպաստելու են տնտեսական աճին:

Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ նաև ձեր ուշադրությունը  հրավիրել այն հանգամանքի վրա, որ  մեր գործողությունները պետք է լինեն համալիր և օպերատիվ, դա  նշանակում է, որ մենք 2009 թ. կազմակերպելու ենք կոլեկտիվ կոնսուլտացիաներ միջազգային կազմակերպությունների հետ, հասարակական կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետությունում, ԱԺ-ում պատգամավորների հետ:  Նպատակն է` մարտահրավերների պատասխանները տալիս  հաշվի առնել ձեր կարծիքը, ձեզ դարձնել մասնակից հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սա ամենաարդյունավետ ձևն է:

Այժմ հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ավելի մանրակրկիտ կանգ առնել այն խնդրի վրա, որը մտահոգում է պատգամավորներին, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի վերանայման առաջարկին: Դատական համակարգի աշխատողների աշխատավարձի  բարձրացման խնդրի քննարկումների ժամանակ հնչեցին բազմաթիվ մտահոգություններ, որոնց ես ուզում եմ պատասխանել: Հարգելի գործընկերներ, դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը համալիր միջոցառումների ծրագրի  բաղկացուցիչ տարրերից է: Այդպիսի միջոցառումներ մենք իրականացնելու ենք նաև մնացած ոլորտներում և այս տեսակետից, եթե  խոսքը գնում է դատական համակարգի մասին, ապա չի կարելի միայն աշխատավարձի վրա կենտրոնանալ, քանի որ հասկանալի է, որ աշխատավարձերի բարձրացումը այս համալիր ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկն է միայն: Ես ուզում եմ խնդրին անդրադառնալ հետևյալ տեսակետից` ինչպիսի՞ն է լինելու մեր ռազմավարությունը բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: Սկզբունքները, որոնք մենք  ներկայացնելու ենք ձեր ուշադրությանը, հետևյալն են, առաջինը` ներքին և արտաքին արդարության սկզբունքն է: Ի՞նչ է սա նշանակում` ներքին արդարացիության սկզբունքը  հետևյալն է` աշխատավարձերը ձևավորվում են ելնելով համակարգի ներսում աշխատատեղերի նկարագրությունից: Աշխատատեղերի նկարագրությունը, աշխատատեղերի անձնագրերի  ձևավորումը հնարավորություն է տալիս կառուցել  սանդղակ ըստ պաշտոնների և այդ սանդղակով հստակ տարանջատել աշխատատեղերը միմյանցից և դրանով ապահովել արդարացիությունը: Բարդ աշխատանքը պետք է ավելի բարձր վարձատրություն ստանա, քան պարզ աշխատանքը: Այս համակարգը,  եթե կառուցվում է, կանոնները  լինում են հստակ, չափանիշները լինում են հստակ և ապահովում են արադարացիություն համակարգի ներսում: Արտաքին արդարացիության սկզբունքը ենթադրում է, որ մենք  պետք է ապահովենք կապը աշխատավարձի համակարգում շուկայական աշխատավարձերի հետ, որպեսզի մասնագետները, որոնք զբաղեցնում են պաշտոններ  այս կամ այն հասարակական աշխատանքի ոլորտում, համադրելի լինեն շուկայական աշխատավարձերի հետ: Շուկայում այդ պահին գործող աշխատավարձերը ուղենիշային են լինում մեզ համար: Կարևորը` խնդիրը վերաբերում է ոչ թե համակարգերի միջև այս արդարացիության սկզբունքը ապահովելուն, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար արդարացի աշխատավարձի սահմանմանը և խնդիրը կայանում է նրանում, որ դուք չեք կարող ապավինել շուկայական աշխատավարձերին, քանի որ շուկայում այդպիսի աշխատանք չկա և դա նշանակում է, որ այդ հարցում պետք է լինի քաղաքական կոնսենսուս: Սրա մասին է վկայում նաև միջազգային փորձը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերը, ներքին և արտաքին արդարացիությունը որոշվում է քաղաքական կոնսենսուսի ներքո: Որպեսզի մենք ձեզ ներկայացնենք մի նյութ, որը կարող է արժանանալ քննարկման և այս հարցի կարգավորմանը նպաստել իրականացրել ենք հարցումներ` ներգրավելով ԱԺ պատգամավորներին, ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին, նախարարներին, կառավարության ներկայացուցիչներին, որպեսզի պատկերացնենք, թե ինչպիսին է քաղաքական կոնսենսուսի հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում, և գործոնները, որով մենք փորձել ենք ապահովել խնդրի լուծումը, հետևյալն է` պաշտոնատար անձինք ինչ դերակատարություն ունեն որոշումներ կայացնելու ժամանակ, մասնավորապես` ունե՞ն նրանք լիազորություններ սահմանելու նպատակներ և առաջնահերթություններ, իրագործման ենթակա որոշումներ կայացնու՞մ են, թե՞ ոչ: Երկրորդ գործոնը ազդեցության գործոնն է` որքանո՞վ է պաշտոնատար անձի որոշումը ազդեցություն թողնում երկրի մասշտաբներով կամ որոշումների ազդեցությունը տվյալ ոլորտի մասշտաբով, երրորդ գործոնը բարդության գործոնն է, մասնավորապես նրա կողմից ղեկավարվող ոլորտի բարդությունը կամ ոլորտների բազմազանությունը: Չորրորդ գործոնը հաղորդակցության գործոնն է, անհատների հետ բանակցելու, համոզելու, համաձայնության գալու ունակությունները, զանգվածների հետ հեշտությամբ հաղորդակցվելու կարողությունները և այլն: Եվ վերջին գործոնը որակավորման գործոնն է` արդյո՞ք համապատասխան ոլորտի փորձ և գիտելիքներ պահանջում է այդ պաշտոնը, լեզուների իմացությունը, համակարգչային իմացություններ և այլն: Այս գործոններով մենք իրականացրել ենք հարցումներ և նախնական կազմել ենք սանդղակ և պաշտոնները բաժանել են չորս խմբի, ինչպես նաև արդյունքները համադրել ենք միջազգային փորձի հետ: Այդ փաստաթուղթը մենք հանձնելու ենք ձեր դատին, լինելու են քաղաքական քննարկումներ և այն քաղաքական կոնսենսուսը, որ ձեռք կբերվի Ազգային ժողովի հետ քննարկումների ժամանակ, կառավարությունը հիմք կընդունի և դրա հիման վրա կներկայացնի ամբողջական աշխատավարձի հայեցակարգ, որը երկարաժամկետ առումով կարձանագրի հարաբերությունները ըստ ոլորտների, ըստ գերատեսչությունների, և մենք կհամարենք, որ այս հարցի շուրջ ունենք քաղաքական կոնսենսուս: Սա է լինելու մեր մոտեցումը: Հասկանալի է, որ պատգամավորները պահանջում են, որպեսզի մենք հնարավորինս արագ լուծենք այդ խնդիրը, մենք այս աշխատանքներն ավարտել ենք, շուտով կներկայացնենք ձեր դատին, ԱԺ նախագահի հետ մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, թե ինչպես ենք կազմակերպելու քննարկումներն այս հարցի շուրջ, բայց կարծում եմ, որ ինքնըստինքյան սա բարդ խնդիր է, որովհետև բոլոր գերատեսչությունները, բոլոր քաղաքական ուժերը ունեն իրենց ուրույն պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի այդ սանդղակի ներքո իրենց տեղը և կշիռը: Մեզ օգնել է միջազգային փորձը, որովհետև շատ երկրներ այդ ճանապարհով անցել են և միջազգային փորձը հուշում է, թե որոնք են լինելու ճիշտ լուծումները, իհարկե շատ կարևոր է տեղայնացնել այս մոտեցումները: Քննարկումները Ազգային ժողովում աշխատավարձի շուրջ ևս մեկ անգամ ապացուցում են, որ սա բավականին զգայուն թեմա է, դրա համար մենք կարծում ենք, որ ավելի ճիշտ կլինի, որ երկար ժամանակ ծախսենք կոնսենսուսի գալու հարցում, իսկ հետագայում ավելի հեշտ կլինի կառավարությանը ներկայացնել ձեզ օրենսդրական նախաձեռնություններ այս հարցերի շուրջ:

Ավարտելով խոսքս` հարգելի գործընկերներ, ես ուզում եմ նշել, որ 2009 թվականը լինելու է բարդ տարի մեզ համար, առաջին անգամ տնտեսական ներուժի գնահատականը ավելի բարձր է, քան իրական տնտեսական աճի կարողությունները, ինչը նշանակում է, որ մենք ջանքեր պետք է գործադրենք խթանելու համար տնտեսական աճը ՀՀ-ում և, բնականաբար, մեզնից պահանջվելու է լուրջ, համատեղ աշխատանք ԱԺ-ի հետ: Եվս մեկ անգամ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել շահագրգիռ քննարկումների համար, որոնք խիստ օգտակար էին մեզ համար` հասկանալու, թե որոնք են այն հիմնախնդիրները, որոնք մտահոգում են ինչպես պատգամավորներին, այնպես էլ մեր հանրությանը, և մենք համոզված ենք, որ միասին կկարողանանք այդ բարդ խնդիրները լուծել:   

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ