հինգշաբթի, 19 դեկտեմբերի 2002
Հայ մեծ գրող, ՀԽՍՀ և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Հրանտ Մաթևոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ վարչապետի նախագահությամբ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ է նշանակվել Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը, ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը, ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի գրողների միության վարչության նախագահ Լևոն Անանյանը, ՀՀ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռոբերտ Ամիրխանյանը, Սերգեյ Իսրայելյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ալվարդ Պետրոսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, դերասան Սոս Սարգսյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, արձակագիր Աղասի Այվազյանը:
Որոշվել է Հ. Մաթևոսյանի թաղումը կատարել Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է թաղման ծախսերը կատարել ՀՀ 2002 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
* * *
Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 67-րդ տարում երկարատև, ծանր հիվանդությունից հետո վախճանվեց մեր ժամանակի խոշորագույն գրող Հրանտ Իգնատի Մաթևոսյանը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ից Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:
Կառավարական հանձնաժողով