շաբաթ, 6 դեկտեմբերի 2008
Դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա՝ իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության արդյունքներն ու հեռանկարները: Կառավարությունների ղեկավարներն առանձնազրույց ունեցան ՌԴ կառավարության ընդունելությունների տանը, այնուհետև պատվիրակությունը մեկնեց Մոսկովյան «Սպիտակ տուն»: Կողմերը հանդես եկան հայտարարություններով և ընդհանուր առմամբ դրական գնահատեցին երկկողմ տնտեսական համագործակցությունը: Վ. Պուտինի խոսքով Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճ է արձանագրում և 2007-ի համեմատ աճել է 17%-ով: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1,6 մլրդ ռուբլի:
Տիգրան Սարգսյանը ցավակցական խոսք ուղղեց ՌԴ Կառավարության ղեկավարին և ռուս ժողովրդին Ամենայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի II մահվան կապակցությամբ, ապա վերահաստատեց ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ մոտ 1000 ռուսական ձեռնարկությունների համար ձևավորել բարենպաստ բիզնես-միջավայր: «Հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են բավական դինամիկ», - նշեց վարչապետը: Նա կարևորեց Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ քննարկումները հատկապես համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները համատեղ ջանքերով մեղմելու գործընթացի շուրջ: Ձեռք բերվեց պայմանավորվածություն երկու երկրների ֆինանսների նախարարների հանդիպման և հակաճգնաժամային ծրագրի մանրամասն քննարկման վերաբերյալ: ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ բանկային համակարգում ռուսական կողմը շարունակելու է իրականացնել բոլոր նախատեսված միջոցառումները: Վ. Պուտինի հետ քննարկվեց նաև նոր ԱԷԿ-ի և Հայաստան - Իրան երկաթգծի կառուցման աշխատանքներում ռուսական կողմի մասնակցությունը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տիգրան Սարգսյանն ընդծեց, որ անհրաժեշտ է համարում կտրուկ ավելացնել ֆինանսավորումը ճանապարհաշինության, ջրամատակարարման, աղետի գոտում իրականացվող բնակարանների շինարարության, էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ավելացնել փոքր ու միջին ձեռնարկատերերի վարկավորման ծավալը: Պատրիարք Ալեքսի II-ի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջին աշխատանքային այցի օրակարգը ենթարկվեց փոփոխության, այդ իսկ պատճառով մոսկվաբնակ հայ գործարարների հետ հանդիպումը հետաձգվեց: