շաբաթ, 6 դեկտեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Սվերդլովսկի նահանգապետ Էդուարդ Ռոսսելին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում 1988թ. ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նահանգապետ Ռոսսելին և պատվիրակության անդամներին` հրավերն ընդունելու և այդպիսով հնարավորություն ընձեռելու` անձամբ երախտագիտություն հայտնելու երկրաշարժից անմիջապես հետո վերականգնողական աշխատանքներին մասնակցած անձանց և ամբողջ ռուս ժողովրդին` 20 տարի առաջ չափազանց ծանր ու դժվարին օրերին մեր ժողովրդին կարեկից լինելու և օգնության ձեռք մեկնելու համար: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները շարունակաբար ամրապնդվել են, վերածվելով նաև ռազմավարական գործընկերության: Ըստ վարչապետի, այսօր Հայաստանում գործում է համատեղ կամ զուտ ռուսական կապիտալով 1000 ձեռնարկություն, բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են` տարեցտարի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգը համալրելով փոխգործակցության նորանոր ծրագրերով:
ՀՀ վարչապետը հյուրերին ներկայացրել է դեկտեմբերի 5-ին Մոսկվա կատարած իր աշխատանքային այցի ընթացքում ՌԴ կառավարության ղեկավարի հետ քննարկած հարցերի շրջանակը, այդ թվում` համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները համատեղ ջանքերով մեղմելու հնարավորությունները:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի տարածքային վարչական միավորների միջև ուղղակի կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, որը երկու երկրների կառավարությունների կողմից չափազանց կարևորվում է: Վարչապետը տեղեկացրել է, թե Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել են անգամ հաջորդ միջկառավարական նիստը ՌԴ որևէ տարածաշրջանում անցկացնելու հարցը, որը կարող է լինել նաև Սվերդլովսկը:
Նահանգապետ Էդուարդ Ռոսսելն նշել է, թե Հայաստանի հետ Սվերդլովսկը ամենատարբեր բնագավառներում լայն համագործակցություն ծավալելու մեծ հնարավորություններ և հսկայական ներուժ ունի, այդ թվում` գիտական: Նա ՀՀ կառավարության ղեկավարին ներկայացրել է մետալուրգիայի, մեքենաշինության, առողջապահական սարքավորումների ու դեղորայքի արտադրության, էներգետիկայի, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում Սվերդլովսկի տարածաշրջանի ներուժը, տնտեսական ներկայիս վիճակն ու համագործակցության որոշակի առաջարկություններ քննարկել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, առևտրատնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու տեսանկյունից, բավականին հետաքրքիր և ոգևորիչ է համարել առաջարկությունները` նշելով, որ կհանձնարարի Հայկական զարգացման գործակալության ղեկավարությանը` այցելելու Սվերդլովսկ և տեղում հանգամանորեն քննարկելու փոխգործակցության բոլոր հնարավորություններն ու ծրագրերը: Կառավարության ղեկավարն ընդծել է, թե հետագա գործընթացը կպահի իր ուշադրության կենտրոնում: