ուրբաթ, 20 դեկտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է շվեյցարական հանրահայտ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ներկայացուցիչներին ընկերության հիմնադիր Ֆրանկ Մյուլլերի գլխավորությամբ։ Վարչապետը նշել է, որ պարոն Մյուլլերի հերթական այցը մեր երկիր վկայում է Հայաստանում «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության լուրջ մտադրությունների և նոր ծրագրերի իրագործման ցանկության մասին։ Անդրանիկ Մարգարյանը նշել է նաև, որ տպավորված է ընկերության գործունեությամբ, որին առիթ ունեցել է մանրամասն ծանոթանալ Առևտրի համաշախարհային կազմակերպությանը մեր երկրի անդամակցության առիթով վերջերս Շվեյցարիա կատարած այցի ժամանակ։ Վարչապետը վերահաստատել է անձամբ իր և կառավարության պատրաստակամությունը «Ֆրանկ Մյուլլերի» և ցանկացած գործարարի գործունեությանը մեր երկրում աջակցելու, ծագող խնդիրներին արագ լուծումներ տալու հարցում և հաջողություն է մաղթել ընկերության աշխատանքին։
Պարոն Մյուլլերը հանդիպման ժամանակ ուրախությամբ է նշել, որ չորս տարի առաջ կատարած առաջին այցից հետո, Հայաստանում զգալի դրական տեղաշարժեր է տեսնում, ինչը լրացուցիչ վստահություն է հաղորդում։ Նա պատմել է իր գլխավորած ընկերության ծրագրերի մասին, նշելով, որ նախատեսում է Հայաստանում գործարան և վերջինիս արտադրանքի վաճառքի կետ հիմնել։ Ըստ նրա, Հայաստանից արդեն մասնագետներ են ուղարկվել Շվեյցարիա վերապատրաստման, և ընկերությունը գոհ է արդյունքներից։ «Աջակցությունը, որի մասին խոսում եք, ես Հայաստանում անմիջականորեն զգում եմ մեր ընկերության գործունեության օրինակով»,- ՀՀ վարչապետն ասել է «Ֆրանկ Մյուլլերի» հիմնադիրը և ավելացրել, որ Հայաստանում, ինչպես Շվեյցարիայում, պետք է առավելագույնս կարևորվի և օգտագործվի գիտական ներուժը, մարդկանց կարողությունները, քանի որ երկու երկրներում էլ բնական ռեսուրսների սակավությունը բնությունը փոխհատուցել է մարդկային մտավոր հարուստ պաշարով։