հինգշաբթի, 18 հունվարի 2001
ՀՀ կառավարության նիստից հետո, այսօր վարչապետ Անդրանիկ Մարագարյանի մոտ լսվել է նաև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Այն ներառում է տարբեր ոլորտներում՝ մակրոտնտեսական և միկրոտնտեսական, պետեկամուտների քաղաքականության, բյուջետային գործընթացի կառավարման, բյուջեի կատարման, բյուջետային քաղաքականության վերլուծության և մեթոդաբանության, արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծախսերի ֆինանսական ծրագրավորման և դրանց կատարման ընթացքի մոնիտորինգի, պետության և համայնքների դրամական հոսքերի կառավարման և մի շարք այլ ոլորտներում նախարարության կատարած աշխատանքները:
Վերջինի հետ կապված, ՀՀ վարչապետը կարևորեց 2001 թ. համայնքային բյուջեները ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ժամանակին ներկայացնելու խնդիրը և հանձնարարեց այս ուղղությամբ արագացնել աշխատանքները: Վարչապետը կրկին անդրադարձավ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության էկոնոմիկայի հատվածի աշխատանքին, վերահաստատելով անցած տարվա ընթացքում արտահայտած իր այն գնահատականը, որ նախարարությունում աշխատանքի հիմնական ծանրությունն ընկած է ֆինանսների հատվածի վրա, էկոնոմիկան իր կոչմանը համապատասխան գործառույթներ չունի և ըստ այդմ էլ արդյունավետ գործունեություն չի իրականացնում: Նախարարության ղեկավար անձնակազմը ևս այս կարծիքին էր և համարում է, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պիտի լինի երկրի տնտեսական զարգացման ծրագրի մշակողն ու համակարգողը: Նախարարության գործառույթների հստակեցման և տնտեսության մեջ նրա արդյունավետ դերկատարում ունենալու հարցը կառավարությունը առաջիկայում կդիտարկի:
Այսօրվա քննարկմանը ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վարչապետը հանձնարարեց՝ հաշվետվության մեջ ներառել նաև անցած տարի գիտահետազոտական ինստիտուտների կատարած աշխատանքի արդյունավետության աստիճանը երկրի տնտեսության մեջ և ներկայացնել կառավարություն:
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվետվությունն այսօր չավարտվեց, քանի որ սա կառավարության լոկոմոտիվ-նախարարություններից է, որի աշխատանքի որակից է մեծապես կախված նաև գործադիր իշխանության մյուս նախարարությունների աշխատանքը, վարչապետի առաջարկով, հաշվետվության մանրամասն քննարկումը հետաձգվեց մինչև մյուս շավաթվա սկիզբը և հանձնարարվեց քննարկմանն ապահովել բոլոր նախարարնների ներկայությունը: