երկուշաբթի, 23 դեկտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի «Ավասա» գրատուն, որտեղ բացվել է Գարեգին Նժդեհին նվիրված գրքերի ցուցահանդես, որից հետո կառավարությունում հրավիրել է ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ: Քննարկվել են խորհրդի աշխատանքային խմբերի հաշվետվությունները՝ 2002թ. կատարված աշխատանքների վերաբերյալ: Քանի որ նախորդ նիստում զեկուցվել է առողջապահության ոլորտում խորհրդի կատարած աշխատանքների հաշվետվությունը, այսօր սոցիալ-առողջապահական աշխատանքային խմբի ղեկավար, սոցիալական ապահովության փոխնախարար Կարինե Հակոբյանը ներկայացրել է սոցիալական ոլորտում կատարվածը։ Ըստ նրա, հաշվետու շրջանում խմբի անդամների կողմից իրականացվել են «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ ազգային զեկույցի աշխատանքները, որի պաշտպանությունը տեղի է ունեցել Նյու Յորքում, օգոստոսի 7-ին: Խումբը մասնակցել է նաև «Կանայք հակամարտության կարգավորման և խաղաղության կառուցման գործընթացներում» ծրագրի իրականացմանը, կազմակերպել բազմազավակ և միայնակ մայրերի, ընտանիքի հիմնախնդիրներին նվիրված սեմինար-խորհրդակցություններ, «Կանանց գործելակերպը և քաղաքական մասնակցությունը վերջին տասնամյակում» համաժողովը: Հավաքվել և մշակվել են համապատասխան փաստաթղթեր՝ կապված հանրապետությունում առկա դեմոգրաֆիական իրավիճակի հետ: 2002թ. սեպտեմբերին կառավարության որոշմամբ ստեղծված Կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագիր (2004-2010թթ.) մշակող միջգերատեսչական հանձնաժողովն արդեն հրավիրել է երկու նիստ: Ստեղծվել են վերոհիշյալ ծրագրի, ինչպես նաև կանանց և աղջիկների առքուվաճառքի և շահագործման կանխարգելմանն ու զոհերի պաշտպանվածությանն ուղղված ենթածրագրի մշակման աշխատանքային խմբեր: Արդեն իսկ նախանշվել են Ազգային ծրագրի հիմնական ուղղությունները, իսկ ենթածրագիրը վերջնական քննարկման փուլում է:
Ըստ կրթական աշխատանքային խմբի ղեկավար, գիտության և կրթության փոխնախարար Աիդա Թոփուզյանի, խմբի անդամները՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, իրականացրել են կրթության հասանելիության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ուսումնասիրություն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում և Արմավիրի մարզում: Խումբը ներկայացրել է ծրագրի նախագիծ՝ հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների սովորողների անվճար սնունդը կազմակերպելու վերաբերյալ: Անց են կացվել արդեն ավանդական դարձած մանկավարժ կանանց ընդունելություններ ու պարգևատրումներ՝ Ուսուցչի օրվա առթիվ: Խմբի ղեկավարը նշել է նաև, որ առողջապահության նախարարության հետ կատարվել է նախադպրոցական հաստատություների դաստիարակների առողջական հարցերի դրվածքի ուսումնասիրություն Երևանի մի շարք մանկապարտեզներում և մայրաքաղաքի հատուկ տիպի մանկատանը։ Արդյունքում, ՀՀ վարչապետի կողմից հանձնարարական է տրվել առողջապահության նախարարին մանկապարտեզների դաստիարակների և դպրոցների ուսուցիչների առողջական քննությանն ու բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը նախատեսել պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության 2003 թ. ծավալներում։
Մշակութային խմբի ղեկավար, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի փոխնախարար Ալիս Ադամյանը զեկուցել է, որ 2002.-ի համար նախատեսված բոլոր հինգ ծրագրերը հիմնականում իրականացվել են։ Մասնավորապես, կազմակերպվել են արվեստագետ կանանց ստեղծագործություների ցուցահանդեսներ, ստեղծման փուլում է արվեստագետ հայ կանանց վերաբերյալ տեղեկատվական բանկի ձևավորման աշխատանքը, անցկացվել է «Կին-մշակույթ-խաղաղություն» հանրապետական փառատոն-ստուգատես՝ ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Ջավախքում, մշակույթի ոլորտի կանանց գործարարության զարգացման նպատակով կազմակերպվել են մենեջմենթի դասընթացներ և այլն: Խմբի ղեկավարը նշել է նաև, որ կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2003-2010թթ. ազգային ծրագրի շրջանակներում խմբի կողմից մշակվում է համապատասխան համապարփակ ծրագիր: Մշակույթի ոլորտում խորհրդի նախատեսած ծրագրերից մնացել են այն միջոցառումները, որոնք որոշակի ֆինանսավորում են պահանջել։ Վարչապետը հանձնարարել է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին 2003 թ. հիշյալ միջոցառումների անցկացման ժամանակ նախարարության բյուջեից գումարներ հատկացնել։
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել խորհրդին և աշխատանքային խմբերի անդամներին կատարված աշխատանքների համար, նշելով, որ արվածը քիչ չէ, բայց թերևս կարելի էր ավելին անել։ Նա հույս է հայտնել, որ այս տարվա աշխատանքի փորձը հաշվի առնելով, եկող տարի և հետագայում հնարավոր կլինի ավելի մեծ արդյունքների հասնել։