երեքշաբթի, 24 դեկտեմբերի 2002
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններում մրցույթով ընտրված քաղաքացիական ծառայողների երդման առաջին արարողությունը: ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների և ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների աշխատակազմերի ավելի քան երեք տասնյակ ղեկավարները հանդիսավոր երդում են տվել հավատարմորեն ծառայել ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին մրցույթները հաջողությամբ անցնելու և քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու առթիվ: Կարևորելով քաղաքացիական ծառայության ինստիտուտը, վարչապետը նշել է, որ դա առաջին քայլն է մեր երկրում ընթացող պետական կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ: Ըստ կառավարության ղեկավարի, այս ոլորտում ձեռք բերված փորձը հետագայում հաջողությամբ կիրագործվի նաև բարեփոխումների հաջորդ փուլերում։ Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել այն հանգամանքը, որ քաղաքացիական ծառայության պաշտոնների առանձնացմամբ դրանք զբաղեցնողներն ազատվում են քաղաքական գործընթացների կախվածությունից։ «Դուք ամենից շատ պաշտպանված գործիչներն եք լինելու։ Հստակ են ձեր ե՛ւ պարտականությունները, ե՛ւ իրավունքները։ Մեր պետական աշխատանքի հիմքն այն է լինելու, թե դուք ինչպես եք օժանդակելու քաղաքական իշխանություններին իրագործելու նախանշված բոլոր ծրագրերը», -նշել է վարչապետը։ Միաժամանակ, ըստ նրա, մեծանալու է քաղաքացիական ծառայողի պատասխանատվությունը։ Իր պաշտոնում նշանակված ծառայողը պարտավոր է երդմանը հավատարիմ, արդարորեն և ազնվորեն աշխատել։ Վարչապետը հավաստել է նաև, որ իշխանությունները ամեն ինչ անելու են այս ինստիտուտի անկախ կարգավիճակը պահպանելու համար։ «Ճնշումներ թույլ չենք տալու», -շեշտել է նա։
Արարողության վերջում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը մեկ անգամ ևս շնորհավորել են երդման մասնակիցներին քաղաքացիական ծառայողի բարձր կոչմանն արժանանալու, ինչպես նաև առաջիկա Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ և ցանկացել հաջողություններ աշխատանքում ու անձնական կյանքում։