շաբաթ, 13 դեկտեմբերի 2008
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհուրդը քննարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տիրող ներկա իրավիճակը, նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ի գիտություն է ընդունել ՀՀ նախագահի 2008թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով «ՀՀ նախագահի 2001թ. հուլիսի 20-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» Ն-Հ 896 հրամանագրում կատարված փոփոխությունները, «Windows Vista» ծրագրի հայերենացման ընթացքը: Քննարկվել և հաստատվել է ՏՏԶԱ խորհրդի աշխատանքային խմբերի աշխատակարգը ևս: Մինչ օրակարգի մյուս հարցերին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդին է ներկայացրել ՀՀ նախագահի 2008թ. սեպտեմբերի 17-ի N247-Ն հրամանագրով Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկված նոր անդամներին ու շնորհավորել նրանց` այդ կապակցությամբ: Այնուհետ խորհրդի անդամները քննարկել են ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տիրող իրավիճակը` հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցությունները: Խորհրդի անդամ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները մեկ տասնյակից ավելի առաջարկներ են ներկայացրել` ճգնաժամի հետևանքով ստեղծված նոր պայմաններում ոլորտի ընկերությունների գործունեության, առկա խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ, որոնք դրականորեն են ընդունվել խորհրդի կողմից: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` բիզնես միջավայրի բարելավմանը, ՏՏ ոլորտի խթանման գործում սփյուռքի հնարավորությունների օգտագործմանը, ոլորտի նորաստեղծ ընկերություններին աջակցության հայեցակարգի մշակմանը և այլ խնդիրների վերաբերող այդ առաջարկները կձևակերպվեն որպես խորհրդի որոշումներ` նշելով դրանց կատարման հստակ ժամկետներն ու պատասխանատուներին: Վարչապետը հորդորել է ընկերությունների ղեկավարներին` հետևողական լինել համատեղ քննարկման արդյունքում ընդունված որոշումների կիրառման հարցում` ՏՏ ոլորտում հակաճգնաժամային այդ ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու և առկա խնդիրներին հիմնավոր լուծում տալու համար: Նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ, ՏՏԶԱ խորհրդի գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշել են, որ դրանք հիմնականում իրականացվել են: Մասնավորապես, ՀՀ արբանյակային կապի ամրակցված կայանների ներկրման, ռադիոհաճախականությունների տրամադրման և օգտագործման գործընթացի պարզեցմանն ուղղված և խորհրդի հավանությանն արժանացած ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջարկությունները կառավարության անունից ուղարկվել են համապատասխան մարմիններին: Մեկ այլ որոշման համաձայն, ստեղծվել է փորձագիտական խումբ` «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի կողմից «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հյուսիս-կենտրոն օպտիկա-մանրաթելային մալուխի օգտագործման էֆեկտիվությունն ուսումնասիրելու նպատակով: Ի կատարումն մեկ այլ հանձնարարականի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների վերջնական ցանկը, կազմակերպչական և այլ խնդիրների լուծմանը վերաբերող առաջարկների փաթեթը պատրաստելու և ՀՀ վարչապետին ներկայացնելու համար: Խորհրդի անդամներին զեկուցվել է, որ համապատասխան հանձնարարականի համաձայն, ՏՏԶԱ խորհրդի քարտուղարությունը քննարկումներ է կազմակերպել նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ղեկավարության կողմից` ՀՀ հարկային օրենսդրության վերաբերյալ ներկայացված առաջարկությունների շուրջ` հրավիրելով Հարկային պետական ծառայության և բիզնեսի ներկայացուցիչներին: Քննարկումների արդյունքում ձևավորվել են կողմերի համար ընդունելի առաջարկներ, որոնք և ներկայացվել են խորհրդի անդամներին: Ներկայացված առաջարկների վերաբերյալ, վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` նախապատրաստել դրանք նաև Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդում (ԵՎԲԱԽ) քննարկելու համար: Հայերեն-անգլերեն երկկողմանի թարգմանչական ծրագրային փաթեթին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցի կապակցությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ հանձնարարականի համաձայն, այդ հարցի շուրջ մեկ անգամ ևս կազմակերպվել են խորհրդակցություններ և խորհրդի անդամներին է ներկայացրել դրանց արդյունքները: Օրակարգի հաջորդ` ՏՏԶԱ խորհրդի աշխատանքային խմբերի աշխատակարգի հաստատման հարցի վերաբերյալ, նշվել է, որ աշխատակարգի համաձայն, խորհրդում ձևավորվում են ռազմավարական քաղաքականության, ներդրումների և բիզնես հնարավորությունների, գիտակրթական, իրավակարգավորման, հեռահաղորդակցության և ինտերնետային ենթակառուցվածքների, մշակույթի և լեզվի, էլեկտրոնային կառավարման աշխատանքային խմբեր: Փաստաթղթով կարգավորվում են այդ աշխատանքային խմբերի գործունեության կազմակերպման, ինչպես նաև դրանում պետական մարմինների, պետական և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության ընթացակարգերը: Նշվել է, որ աշխատանքային խմբերը խորհրդատվական մարմիններ են, որոնք կազմված են ՏՏԶԱ խորհրդի անդամներից` մասնավորապես, ՀՀ կառավարության, մշակութային և գիտաուսումնական հաստատությունների, միջազգային, հասարակական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքային խմբերի հիմնական խնդիրներն են` քննարկել ու խորհրդին առաջարկություններ ներկայացնել Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և ծրագրերի վերաբերյալ` հայեցակարգային մոտեցումների, ծրագրերի և այլ ձևաչափերով: Փաստաթղթում հստակորեն ներկայացվում է աշխատանքային խմբերի լիազորությունների շրջանակը ևս: Խորհուրդը հաստատել է նաև հիշյալ յոթ աշխատանքային խմբերի ղեկավարներին: Նիստում ՏՏԶԱ խորհրդի մշակույթի և լեզվի աշխատանքային խմբի ղեկավար Հայկ Խանջյանը խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացրել «Windows Vista» ծրագրի հայերենացման ընթացքի վերաբերյալ: