հինգշաբթի, 18 դեկտեմբերի 2008
Այսօր ՀՀ Արագածոտնի մարզում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստն անցկացվել է Օշական գյուղում գտնվող Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից դպրատանը։ Մինչ նիստն սկսելը ՀՀ վարչապետը և կառավարության անդամներն այցելել են եկեղեցի և ծաղիկներ դրել Մաշտոցի շիրիմին։
Կառավարության արտագնա նիստն սկսվել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հաշվետվությամբ` մարզի 2008թ. սոցիալ-տնտեսական վիճակի, առկա խնդիրների, իրականացված ներդրումների և նախատեսվող ծրագրերի մասին։
Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունը որոշել է Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող մեռելոց հիշատակի օրվա կապակցությամբ, 2009թ. հունվարի 7-ի աշխատանքային չորեքշաբթի օրը տեղափոխել 2008թ. դեկտեմբերի 27-ը` շաբաթ օր։
Կառավարությունը որոշում է ընդունել «Սևան ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին»։ Նախագծի մշակումը պայմանավորված է Սևանա լճի հայելու և ալիքի ազդեցության նիշերի` ՀՀ օրենսդրությամբ կանխատեսվող չափով բարձրացման հետևանքով «Սևան» ազգային պարկի և վերջինիս սահմանից դուրս` դեպի ցամաք, ապագա ռեկրեացիոն գոտիների կազմակերպման համար նախատեսվող և հարակից համայնքների վարչական սահմաններում ընդգրկված որոշակի հողամասերի օգտագործման, այդ թվում` կառուցապատման խնդիրները կանոնակարգող միջոցառումների սահմանման անհրաժեշտությամբ։ Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներում ընդգրկված տարածքներն առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ, որոնք` ըստ կառուցապատման ռեժիմների, տարանջատվում են միմյանց հարող 3 հաջորդական ենթագոտիների։ Տրվում է նաև դրանց նկարագիրը։ Որոշմամբ սահմանված բոլոր ենթագոտիներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման և օգտագործման իրավունքի տրամադրման համար որոշվել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և սահմանվել են դրա գործառույթներն ու իրավասությունները։ Որոշման համաձայն, սահմանված կարգին համապատասխան տրամադրված հողամասի սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքի պայմանագրերը կնքվում են. առաջին և երկրորդ ենթագոտիներում` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, իսկ երրորդ ենթագոտում` համապատասխան համայնքի ղեկավարի հետ։
Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ, որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում հողամասերի օգտագործման նկատմամբ գյուղատնտեսական սահմանափակումները։ Հանձնարարվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում ՀՀ վարչապետին սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել որոշմամբ սահմանված ենթագոտիներում հողամասերի տրամադրման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության կարգի վերաբերյալ։ Հանձնարարվել է նաև 4-ամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու մասին» N927-Ն որոշումը` սույն որոշման դրույթներին համապատասխանեցնելու վերաբերյալ, ինչպես նաև մեկ տարվա ժամկետում ապահովել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով կնքված «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողատարածքներից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագրերի համապատասխանեցումը սույն որոշման պահանջներին։
Նիստում գործադիրը հավանություն է տվել «Միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման հայեցակարգային մոտեցումներին»։ Նշված խնդիրների անհրաժեշտությունը կարևորվել է այն հիմնավորմամբ, որ ակտիվ տարածքային քաղաքականության մշակումը և իրականացումը, որը նպատակաուղղված կլինի տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմացմանն ու հետ մնացող տարածքների տնտեսական զարգացման արագացմանը, ՀՀ կառավարության ռազմավարական գերակայություններից մեկն է։ Ընդ որում` տարածքային զարգացման անհամաչափությունների պատճառներից է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում մեծ թվով փոքր և թույլ կարողություններով համայնքների առկայությունը։ Փաստաթղթի համաձայն, պետության կողմից իրականացվող լիազորությունների և ֆինանսական միջոցների ապակենտրոնացման գործընթացներին զուգահեռ, ելնելով բնակչության շահերից և տնտեսական նպատակահարմարությունից, համայնքային խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով համայնքները կարող են կամավոր և ՀՀ կառավարության նախաձեռնությամբ միավորվել միջհամայնքային միավորումներում։ Որոշման մեջ սահմանվում են նաև համայնքների խոշորացման չափորոշիչները։
Կառավարությունը հաստատել է «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու բարեկարգման միջոցառումների ցանկը։ Որոշումն ընդունվել է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքներին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 13-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգին համապատասխան։ Սահմանվել է, որ որոշման հավելվածով նախատեսված միջոցառումները (բացառությամբ 4-րդ կետի) իրականացվում են համապատասխան պատասխանատու մարմիններին` իրենց գործունեության իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն` որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումը (Գողթի համայնքի և «Գառնի -Գեղարդ» զբոսաշրջային երթուղում ընդգրկված համայնքների կանոնավոր աղբահանության կազմակերպում) իրականացնելու նպատակով, ՀՀ 2009թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Կոտայքի մարզպետարանին 29 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ։ Որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացման համար պատասխանատու մարմիններին հանձնարարվել է համապատասխան միջոցառման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, 10 օրվա ընթացքում միջոցառման կատարման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարին։ Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը 1 շաբաթվա ընթացքում ՀՀ կառավարություն կներկայացնի առաջարկություն` Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի սահմանից սկսած Ջրվեժ համայնքի տարածքով անցնող ավտոճանապարհի առաջին կիլոմետրի սպասարկումն ապահովելու վերաբերյալ։ Հանձնարարվել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարին` որոշման 4-րդ կետով նախատեսված վերոհիշյալ տեղեկատվությունը ստանալուց հետո, 15 օրվա ընթացքում իրականացված միջոցառումների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարություն, ինչպես նաև «Երևան-Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու հետ կապված և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերաբերող խնդիրներ հայտնաբերելու դեպքում, վերջիններիս առաջարկություններ ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարություն։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգին։ Հայեցակարգը մշակվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հիմնադրույթներին, «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությանը», ինչպես նաև Եվրամիության անդամ երկրներում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին համապատասխան։ Նշվել է, որ հիմք ընդունելով կրթության համակարգում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները, հայեցակարգը միտված է դրանց աստիճանական զարգացմանը` նախանշելով գերակա ուղղությունները։ Որոշմամբ հավանություն է տրվել նաև Հայաստանում մասնագիտական կրթության բարեփոխումների 2009-2011թթ. միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին։
Կառավարությունը հաստատել է ՀՀ սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, սննդային հավելումների և սննդամթերքի հետ շփվող նյութերի մասին ծանուցման կարգը։ Փաստաթղթի կիրառմամբ սննդամթերքի և հիշյալ նյութերի արտադրության և շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը պետական կառավարման լիազոր մարմնին իրենց տնօրինության ներքո գտնվող վտանգավոր արտադրանքի մասին ծանուցմամբ կնպաստեն վերջինիս կողմից կատարվող ստուգումների արդյունավետության բարձրացմանը։ Արդյունքում սպառողական շուկայում կկանխվի վտանգավոր արտադրանքի իրացումը, կապահովվի դրա հետկանչումը և կկանխարգելվի սննդային թունավորումների առաջացումն ու տարածումը։
Նիստում կառավարությունը որոշել է ստեղծել բնության հատուկ պահպանվող տարածքների համապատասխան հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով, ինչպես նաև հաստատել է հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը թույլատրել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմին` ՀՀ ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժիններում բացել «Հայկական սփյուռք» անվամբ արտաբյուջետային բանկային հաշիվ։ Սահմանվել է, որ հիշյալ հաշվի մուտքերը բարերարների կողմից նվիրատվություններ են, իսկ ելքերը կատարվում են ՀՀ ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվով` ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով հայկական սփյուռքի հետ կապված ծրագրերի ֆինանսավորման նպատակով։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 12 մլն 37.5 հազար դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը` 2008թ. ընթացքում լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Նախագծի ընդունման նպատակն է օրենքի դրույթների կատարելագործումն ու հստակեցումը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում վարչարարության արդյունավետության բարձրացումը, այդ թվում` վարչարարության ժամկետների կրճատումը, քաղաքացիների սպասարկման համար առավել բարենպաստ պայմանների սահմանումը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված քաղաքացիների բողոքների, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը։
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «ՀՀ-ում տեղական հարկերի մասին» հայեցակարգից բխող միջոցառումների իրականացմամբ։ Օրինագծի ընդունման հետ կապված, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին։
Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2005թ. մարտի 3-ի «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին» N461-Ն որոշման մեջ, որը նպատակ ունի հավասար պայմաններ ապահովել ոստիկանության ծառայողների, ոստիկանության տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների և քաղաքացիական ծառայողների երեխաների զարգացման խնդիրների իրականացման համար։
Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 16-ի N1908-Ն որոշման մեջ, որի նպատակն է առավել արդյունավետ և արագ կազմակերպել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում կանխիկ տուգանք գանձելու համար տրվող անդորրագրերի փոխանցման, ստացման, հաշվառման և կանխիկ վճարված տուգանքներից հավաքված գումարը ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին փոխանցելու գործընթացը։
Նիստում հավանություն է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որով առաջարկվում է «Մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակով» և «Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը» հոդվածներում նշված գործերով իրավասու մարմին ճանաչել ՀՀ ոստիկանության մարմինները` ի դեմս ոստիկանության բաժինների պետերի և նրանց տեղակալների։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 9 մլն 800 հազար դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքը շրջանցող Մ-16 ավտոճանապարհի ջրահեռացման կարգավորման աշխատանքների կատարման համար։ Եվս 200 հազար դրամ է հատկացվել` աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով։
Այլ որոշումներով գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 144 մլն 969.2 հազար դրամ է հատկացրել ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզպետարաններին` ՀՀ կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի «Գումար հատկացնելու մասին» N997-Ա որոշման համաձայն ՀՀ 2007թ. պետական բյուջեից հատկացված միջոցներով հիշյալ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացված աշխատանքների համար վճարման ենթակա գումարներից նույն որոշման համաձայն պահված գումարները համապատասխան կապալառուներին` սահմանված ընթացակարգով երաշխիքային ժամկետի ավարտից հետո վճարելու նպատակով։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 21 մլն դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների նախարարությանը, այդ թվում` 20 մլն դրամ` ֆինանսական վերահսկողության, պետության գույքային շահերի պաշտպանության, ինչպես նաև գանձապետական համակարգի ոլորտում ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու և 1 մլն դրամ` ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում կանխիկ տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերի լրացուցիչ տպաքանակ (150 000 հատ) տպագրելու նպատակով։ Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ կառավարության 2008թ. պահուսատային ֆոնդի հաշվին, 10 մլն 116.1 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ սահմանադրական դատարանին` դատարանի վարչական շենքին կից կառույցի շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով։
Գործադիրը հավանություն է տվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին ևս, որի նպատակն է զորակոչային տարիքի (18-27 տարեկան) քաղաքացիների` սահմանված կարգով ՀՀ զինկոմիսարիատներ ներկայանալու և իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու (տարկետման ձևակերպման հիմքեր ներկայացնելու կամ համապատասխան հանձնաժողովում բժշկական փորձաքննություն անցնելու համար) ապահովումը։
Կառավարությունը հաստատել է ՀՀ 2008թ. հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2008թ. հուլիսի 1-ի դրությամբ։ Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարներին և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել ՀՀ մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար։ Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշտելուց հետո, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշտելուց հետո, համաձայնեցնել ՀՀ մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար։
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 16-ի N913-Ա որոշման մեջ, որի համաձայն, մասնավորապես, «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Պուշկինի N25 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից 277.1քմ մակերես և 1 մլն 269 հազար 268 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող մասը հետ է վերցվել և ամրացվել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» ԲԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղ. Երևան, Նուբարաշենի խճուղի 9 հասցեում գտնվող 2297.1 հա հողատարածքը` զբաղեցված 3 շենք-շինություններով հանդերձ, մասնակի հատուցմամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության։ Նշված գույքը ձեռք բերելու նպատակով, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 15 մլն դրամ է հատկացվել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը։ Որոշվել է հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը։
Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ մի շարք նախարարությունների աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատող որոշումներում լրացում կատարելու վերաբերյալ, որը պայմանավորված է ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ նախարարին, տվյալ դեպքում` ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության նախարարներին կից կոլեգիալ մարմնի ստեղծման անհրաժեշտությամբ։ Հանձնարարվել է նախարարներին` որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո, 15-օրյա ժամկետում ստեղծել կոլեգիա ու հաստատել դրա կազմը և աշխատակարգը։
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որով առաջարկվում է հաստատել սահմանների փոփոխման ենթակա համայնքների ցանկը։
Մեկ այլ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ մարզպետներին` առաջարկել համայնքների ղեկավարներին պետության կողմից համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից, ինչպես նաև հողերի նպատակային նշանակության փոփոխման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցներն առաջնահերթության կարգով ուղղել համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների ու գոտիավորման այլ փաստաթղթերի մշակմանը։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրինագծի ընդունմամբ պայմանավորված, հավանություն է տրվել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ, ՀՀ մաքսային օրենսգրքում, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ։
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթներով, գործադիրը փոփոխություններ ու լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի N562-Ն, ինչպես նաև փոփոխություն 2001թ. ապրիլի 12-ի N282 որոշումների մեջ` պետական գույքի արդյունավետ կառավարման հետ կապված մի շարք խնդիրների կանոնակարգման նպատակով։
«Իրավական ակտերի մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է պետական սեփականություն հանդիսացող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված քաղ. Իջևան, Մելիքբեկյան 6 հասցեում գտնվող 358.2 քմ մակերեսով և 1 մլն 110 հազար 126 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը և դրա սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0.0146 հա հողատարածքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԿԱ ոստիկանությանը` նշված շենքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը տեղակայելու նպատակով։
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` կառավարությունը հանաձայնել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջնորդությանը` հիմնարկին ամրացված 615.96 քմ ընդհանուր մակերեսով և 6 մլն 675.2 հազար դրամ հաշվեկշռային արժեքով Երևան քաղաքի Աճառյան 44 հասցեում գտնվող հանրակացարանային կացարանները այնտեղ բնակվող բնակիչներին նվիրելու վերաբերյալ։
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 12-ը նշել որպես ծխախոտի դեմ պայքարի Ազգային օր։
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ազգային ժողովի նախագահին` 2008թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 12։00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` ՀՀ կառավարության հավանությանն արժանացած մի քանի տասնյակ ՀՀ օրենքների նախագծերի քննարկման և ընդունման նպատակով։