երեքշաբթի, 31 դեկտեմբերի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական
ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի հայրենակիցներ, ամեն տարի այս օրը մեզանից յուրաքանչյուրը կամա թե ակամա հետադարձ հայացք է ձգում անցնող տարուն, մտովի կամ բարձրաձայն ամփոփում այն, գնահատում տարին։ Համոզված եմ, առաջինը, որ մեզանից ամեն մեկն իր ընտանիքի ու պետության համար անհամեմատ կարևոր է համարում նայելով 21-րդ դարում դեռևս անհանգիստ օրեր ապրող աշխարհին խաղաղությունն է իր հարկի տակ, մեր հայրենիքում, — առաջին մաղթանքը միմյանց լինում է թող հարատև լինի այդ խաղաղությունը։ Ցավոք, ամեն բան չէ, որ միայն ցանկությամբ իրականանում է։ Խաղաղությունը ավելի հաճախ ձեռք է բերվում չափազանց թանկ գնով և դժվարությամբ էլ պահպանվում է։ Խաղաղ ապրելու համար, մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ պետք է նախևառաջ հզոր պետություն հզոր տնտեսությամբ։ 2002 թվականի ավարտին, այդ հրամայականը վերահաստատելով, արձանագրում ենք, որ մեր տնտեսությունը աստիճանաբար ոտքի է կանգնում, բացվում են աշխատատեղեր, արտահանման տեսակարար կշռում դրական միտումներ են արձանագրվում, ինչը վկայում է տեղական արտադրության ծավալների ընդլայնման մասին։ Մեր հանդիպումների ժամանակ մարդիկ այլևս չեն բողոքում ամիսներով ուշացող աշխատավարձերից, թոշակներից ու նպաստներից։ Յուրաքանչյուր ամիս կանոնավոր ստանալով պետական բյուջեով նախատեսված հատկացումները, նրանք արդեն այլ պահանջ են ներկայացնում բարձրացնել տրվող գումարների չափը։ Սա խոսուն փաստ է։ Մեզ հաջողվեց մեծ ջանքերի գնով, ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ, ֆինանսական կարգապահություն սահմանելով, կանգնեցնել մի տարուց մյուսը գլորվող ու մեծացող պարտքերի կծիկը և անգամ ետ պտտել այն։ Տարվա ընթացքում կառավարության բազմաթիվ որոշումներ եղան նախորդ բյուջետային տարիների պարտքերի մարմանը գումարներ հատկացնելու մասին, որոնք ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ։ Հաջող տնտեսական տարին թույլ տվեց նաև տարվա ընթացքում երկու անգամ բարձրացնել թոշակները և դեռ եկող տարի էլ բարձրացում նախատեսել, բարձրացնել ուսուցիչների, իսկ 2003 թ-ից նաև դպրոցների վարչական աշխատողների աշխատավարձերը, նվազագույն աշխատավարձի շեմը և այլն։
Պետությունն ի վիճակի չէ սուղ միջոցներով թռիչքաձև բարձրացումներ անել, սակայն կայուն տնտեսական աճը մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ ֆինանսական միջոցներն ուղղել մեր քաղաքացիների կենսական պայմանների բարելավմանը։ Բարեկեցիկ հասարակություն մեկ-երկու տարում չի ստեղծվում, այն էլ սոցիալական բազում խնդիրներ ունեցող երկրում։ Սակայն հաջողությունը հաջողությանը գումարելով, իրար օգնելով և ոչ թե խանգարելով, քայլ առ քայլ տնտեսությունը ոտքի հանելով միայն հնարավոր կլինի զգալի բարեկեցություն ապահովել։ Անցնող տարին մենք ճանապարհում ենք բազմաթիվ ոլորտներում հուսադրող նախադրյալներով, բայց նաև գոյություն ունեցող խնդիրների ողջ գիտակցմամբ։
2003 թվականը մեր երկրի համար պատասխանատու և վճռորոշ տարի է լինելու։ Առջևում երկրի նախագահի և Ազգային Ժողովի ընտրություններն են, որոնց ընթացքով և արդյունքներով շատ բան է պայմանավորվելու եկող ու հետագա տարիների համար։ Ուզում եմ հավատալ, որ մեր ժողովրդին բնորոշ իմաստնությամբ ու շրջահայացությամբ կհաղթահարենք նաև այդ փորձությունը, չվտանգելով և հարվածի տակ չդնելով դժվարությամբ ձեռք բերվածը, չթուլացնելով ամրացող մեր պետականության հիմքերը։ Բոլորիդ մաղթում եմ բարօրություն ու բարություն միմյանց նկատմամբ, համբերություն ու համախմբվածություն մեր հասարակությանն ու պետությանը նետված մարտահրավերները դիմակայելու, դժվարությունները հաղթահարելու ճանապարհին, աներեր հավատ մեր հայրենքի ապագայի նկատմամբ։ Սեր և ջերմություն ձեր ընտանիքներին, խաղաղություն մեր երկրին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։