երկուշաբթի, 22 դեկտեմբերի 2008
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Յակով Զարոբյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հանձնաժողովը քննարկել է աշխատանքային խմբի կողմից անվանի պետական-քաղաքական գործչի 100-ամյակին նվիրված միջոցառումների կատարման ընթացքը և առաջիկայում նախատեսվող աշխատանքները։ Նշվել է, որ Յակով Զարոբյանի ծննդյան օրը` սեպտեմբերի 25-ին, արդեն իսկ Հայաստանի ազգային արխիվում կազմակերպվել է նրա կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարչական, արխիվային նյութերի ցուցահանդես, հաղորդումներ են հեռարձակվել հեռուստատեսությամբ և ռադիոյով։
2009թ. ընթացքում նախատեսվում է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Յակով Զարոբյանի պետական-քաղաքական գործունեությանը նվիրված գիտաժողովի կազմակերպում։ Կհրատարակվի Եղիշե Ասծատրյանի «Յակով Զարոբյան» աշխատությունը, կթողարկվի փաստավավերագրական ֆիլմ, հուշատախտակ կտեղադրվի անվանի գործչի ապրած` Իսահակյանի 38 շենքի պատին։ Նկատի առնելով նրա մեծ վաստակը Արփա-Սևան թունելի, ինչպես նաև Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրի կառուցման գործում, առաջարկվել է հուշահամալիրի տարածքին հարող ծառուղին և Սևանի ավազանի դպրոցներից մեկը կոչել Յակով Զարոբյանի անունով։
Քննարկման արդյունքում հանձնարարվել է` բոլոր առաջարկությունները հաշվի առնելով, վերջնական տեսքի բերել իրականացվելիք միջոցառումների ծրագիրը և ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի հաստատմանը։