երեքշաբթի, 14 հունվարի 2003
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի է ունեցել համալսարանի հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստը, որին մասնակցել է հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։
ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Սարգսյանը զեկուցել է 2001-2002 ուստարում համալսարանի գործունեության հիմնական արդյունքների մասին։ Ըստ նրա, հաշվետու ժամանակաշրջանը բնորոշվել է նախևառաջ համալսարանի կարգավիճակի և կառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ։ Մի շարք կարևոր ուղղություններով արձանագրվել են դրական ցուցանիշներ։ Մասնավորապես, կատարվել են ընդունելության ծավալների աճի վերաբերյալ առաջադրանքները։ Հինգ հիմնական կրթական ծրագրերով համալսարան են ընդունվել ավելի քան 3000 ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։ Նախորդ տարվա համեմատ մոտ 15 տոկոսով աճել է շրջանավարտների թվաքանակը։ Պահպանվել են համալսարանի համակարգչային պարկի համալրման և նորացման առկա միտումներն ու տեմպերը։ Զգալիորեն աճել են բուհի արտաբյուջետային եկամուտները։ Առաջընթաց է նկատվել միջազգային ծրագրերի իրականացման գործում։ Միաժամանակ, Յու. Սարգսյանը նշել է, որ դեռևս շատ ջանքեր կպահանջվեն այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ուսման որակի բարելավումը, առաջադիմության անկման կանխումը, դասախոսական կազմի երիտասարդացումը, արտասահմանցի ուսանողների ընդունելության ավելացումը և այլն։
Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետու զեկուցումը։ Քննարկումից հետո խորհրդի անդամները հաստատել են նաև Հոգաբարձուների խորհրդի կանոնադրության մեջ կատարվելիք փոփոխությունները, որոնք բխում են համալսարանի կարգավիճակի և կառուցվածքային բարեփոխումների տրամաբանությունից։
2003-ը հոբելյանական տարի է ճարտարագիտական համալսարանի համար, լրանում է բուհի հիմնադրման 70-ամյակը։ Այդ առիթով, հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը և համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանը շնորհակալություն են հայտնել հոբելյանական կառավարական հանձնաժողովին և անձամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ինչպես համալսարանի, այնպես էլ նրա հոբելյանի նկատմամբ դրսևորած ուշադրության համար։ Վարչապետը գոհունակություն է հայտնել համալսարանում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքներից և նոր հաջողություններ մաղթել հանրապետության համար կարևոր այդ բուհին։