հինգշաբթի, 25 դեկտեմբերի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նշելով, որ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահը կարող է արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ հրավիրել և վարել, Սերժ Սարգսյանն ասել է, թե ընթացիկ տարում առաջին անգամ է օգտվում այդ իրավունքից։ Նա առաջարկել է նիստն սկսել առաջադրված օրակարգով` քննարկելով պաշտպանության ոլորտին վերաբերող հարցը, որից հետո հայտարարել ընդմիջում և օրակարգի մնացած հարցերը քննարկել ՀՀ վարչապետի վարած նիստի շրջանակներում։
Նիստն սկսվել է ՀՀ պաշտպանության նախարարի ներկայացրած` «ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և ՀՀ ՊՆ քննչական ծառայության կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ և ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ստեղծելու մասին» որոշման նախագծի քննարկումով։ Որոշումն ընդունվել է` հնչած առաջարկությունները հաշվի առնելով։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հիշյալ որոշման կապակցությամբ, ընդգծել է, որ այսպիսով, փաստորեն, մենք պաշտպանության բնագավառում մոտենում ենք բարեփոխումների ավարտին. «Եվս մի քանի օր և վերջնականապես կունենանք պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կառուցվածքները, ֆունկցիաներն ամբողջովին կտարանջատվեն, և մեր պաշտպանության նախարարությունն արդեն կգործի նոր պայմաններով։ Կարծում եմ, որ սրանք ճիշտ որոշումներ էին։ Այս ճանապարհը մենք անցնում ենք արդեն երեք ու կես տարի։ Այդ տարիների ընթացքում հաջողվել է որոշակի նախապատրաստական աշխատանք կատարել, և կարծում եմ, որ այս որոշումներով մեր պետության պաշտպանողականությունն ավելի կամրապնդվի»։
Կառավարության նիստի ընդմիջմանը ՀՀ նախագահը կառավարության անդամներին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել հաջողություններ։