ուրբաթ, 19 հունվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի /ՀՍՆՀ/ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում քննարկման էին ներկայացված կառավարության կառուցվածքային և կադրային վերջին փոփոխությունների արդյունքում խորհրդի կազմում առաջացած փոփոխությունների անհրաժեշտության հարցը, 2000թ. հիմնադրամի կատարած աշխատանքների մասին տեղեկատվությունը /հաշվետվությունը, ըստ կանոնակարգի, կներկայացվի մեկ ամիս հետո/, ՀՍՆՀ-ի 2001թ. ծրագրեր, բյուջեն, ընթացիկ հարցեր:
Սոցներդրումների հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահը ՀՀ վարչապետն է, հաստատել է առաջարկված փոփոխություններով խորհրդի նոր կազմը, որտեղ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարարին փոխարինել է ներկայիս նախարար Վարդան Խաչատրյանը, կազմում ընդգրկվել են տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը, Երևանի նորանշանակ քաղաքպետ Ռոբերտ Նազարյանը և «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրենը:
Խորհրդի մյուս անդամները, որ մինչ այս գործում էին, մնացին կազմում: Ընդհանուր առմամբ, ՀՍՆՀ-ի խորհուրդը բաղկացած է 13 անդամից:
Որոշվել է կառավարության առաջիկա նիստում հաստատելու համար պատրաստել որոշման նախագիծ՝ խորհրդի կազմում անդամների ի պաշտոնե, այլ ոչ թե անվանական ընդգրկվելու մասին, որպեսզի գործադիր իշխանությունում տեղի ունեցող փոփոխությունները խորհրդի կազմում փոփոխություններ արձանագրող որոշման անհրաժեշտություն չառաջացնեն:
Սոցներդրումների հիմնադրամի 2000թ. կատարած աշխատանքները ներկայացրել է գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Նա նշել է, որ անցած տարվա ծրագրերը բազմազան են եղել և ընդգրկել են տարբեր ոլորտներ՝ կրթական, ոռոգման և խմելու ջրի համակարգեր, մանկատներ, ծերանոցներ, համայնքային կենտրոններ և այլն:
Ծրագրով նախատեսված գրեթե ամբողջ գումարը ծախսվել է, և դրա արդյունավետությունը հիմք է հանդիսացել երկրորդ ծրագիրը սկսելու համար: Այն մոտ 2 մլն-ով ավելի է առաջին ծրագրից և ընդգրկում է շուրջ 100 ծրագրեր՝ դարձյալ տարբեր ոլորտներում:
Խորհրդի անդամները բարձր են գնահատել ՀՍՆՀ-ի առաջին ծրագրի արդյունքները, որի օրինակն այսօր փորձում են օգտագործել մի շարք երկրներ:
2001թ. ծրագրի հետ կապված նշվել է, որ այն նպատակ ունի օժանդակել ՀՀ կառավարության ջանքները՝ ուղղված հանրապետության բնակչության ցածր եկամուտ ունեցող խավերի կենսամակարդակի բարելավմանն ու տեղական նշանակության հաստատությունների ամրապնդմանը: Հիմնադրամի ֆինանսական միջոցները բաշխվում են ըստ մարզերի: Ընտրության հարցում պահպանվում է անկողմնակալության սկզբունքը: Առաջին 4 մարզերը, խորհրդի հաստատմամբ, Շիրակը, Լոռին, Վայոց ձորը և Արագածոտն են: Հինադրամի գործադիր տնօրենը հավաստեց, որ ծրագրի իրագործման արդյունքում այս տարի աղետի գոտում ամբողջությամբ կավարտվի դպրոցաշինությունը, և տնակային պայմաններում ուսուցումը այլևս կբացառվի:
Վարչապետը կարևորել է ծրագրի օպտիմալացման խնդիրը, անհրաժեշտ համարելով տվյալ ոլորտի նախարարության քաղաքականության շրջանակներում աշխատանքի պլանավորումը, քանի որ հաճախ դպրոցաշինություն է կատարվում առանց հաշվի առնելու այդ բնակավայրում այդքան թվով դպրոցների պահանջարկը, որոշ դեպքերում էլ գործող դպրոցի հարևանությամբ կառուցվում է մեկ ուրիշը՝ անհրաժեշտ բոլոր չափանիշներին համապատասխան, այն դեպքում, երբ հարևան դպրոցի պատուհանները ապակի էլ չունեն:
Տարբեր ոլորտներում կուտակված են բազմաթիվ խնդիրներ, սակայն, ըստ վարչապետի, պետք է դրանց լուծման առաջնահերթություն սահմանել՝ սկսելով տվյալ բնակավայրի համար ամենակենսական և սուր խնդիրների լուծումից, ինչպիսիք կարող են լինել խմելու, ոռոգման ջրի ապահովումը և այլն:
ՀՍՆՀ գործադիր տնօրենն իր հերթին գնահատման չափանիշների խստացման, հստակ չափորոշիչների սահմանման անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի եղած միջոցները ամբողջությամբ արդյունավետ ծառայեն:
Սոցներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2001թ. բյուջեն՝ դրանում նշված առաջակությունները և դիտողությունները հաշվի առնելու պահանջով: