ուրբաթ, 26 դեկտեմբերի 2008
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ ՀՀ համագործակցությունը համակարգող հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի և 2009թ. առաջնայնությունների ու իրականացվելիք միջոցառումների, ԵՄ հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող ծրագրերի, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ), ինչպես նաև դատաիրավական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունները։
Հանձնարարվել է նախարարություններին և գերատեսչություններին` մինչև 2009թ. հունվարի 15-ը ներկայացնել Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող` իրենց կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը և դրանց ֆինանսական գնահատականը։ Հանձնարարվել է նաև ներկայացնել Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող ծրագրերի շրջանակում համագործակցության` նախարարությունների և գերատեսչությունների կողմից իրականացվելիք միջոցառումների առաջնահերթությունները, որոնք կներկայացվեն 2009թ. հունվարի 17-ին կայանալիք հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը։