Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 հունվարի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մինչ օրակարգին անցնելը, վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ մասնավոր հատվածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբն սկսել է իր աշխատանքները։ Ստացվել է բիզնես ծրագրերի շուրջ 70 հայտ.
«Մեր նպատակն էր բացահայտել այնպիսի ծրագրեր, որոնք կարող են մեր տնտեսության դիմադրողականությունը էապես բարձրացնել։ Այդ 70 ծրագրերի զգալի մասն ուղարկվել է լրամշակման, քանի որ ներկայացված տեղեկատվությունը և վերլուծությունները չէին բավարարում մեր աշխատանքային խմբի պահանջներին։ Կան հայտեր, որոնք մերժվել են, և երրորդ խումբը` այն ծրագրերն են, որոնք բավականին հետաքրքրական են թվում մեզ, դրանք անցել են քննարկումների երկրորդ փուլ։ Այստեղ լինելու է պետության աջակցությունը, որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչվեն հնարավորին չափ շուտ։ Հիմնական շեշտադրումն արվելու է ներմուծման փոխադրելիության վրա։ Այս ոլորտում էական անելիքներ ունի մեր գյուղնախարարությունը։ Երկրորդ ուղղությունը` մեր հայրենական արտադրողների կարողության ուժեղացումն է, մասնավորապես, որոնք ունեն արտահանման ուղղվածություն։ Այստեղ նույնպես մենք ունենք մեծ անելիքներ։ Անցած տարի տրված էր հանձնարարություն էկոնոմիկայի նախարարությանը, որ պետք է սկսենք քննարկել մեր արդյունաբերական քաղաքականությունը, այդ թվում նաև` ըստ ճյուղերի։ Հաջորդ շաբաթ մենք սկսում ենք քննարկումները` հրավիրելով նաև ճյուղերի հիմնական ձեռնարկությունների ներկայացուցիչներին։ Քննարկելու ենք քիմիական արդյունաբերության զարգացման խնդիրները, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության խնդիրները և հետագայում ըստ ճյուղերի անդրադառնալու ենք։ Բնականաբար, հասարակությանը տրվելու են ազդակներ, թե ինչպիսին է լինելու պետության քաղաքականությունն այդ ճյուղերում, ինչը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել մի կողմից` մասնավոր ներդրումներ ներգրավելու համար, մյուս կողմից` տեղի կունենա այդ ճյուղերում պետական քաղաքականության իրականացման հստակեցում։ Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնելու է գյուղատնտեսության նախարարության, էներգետիկայի և բնական պաշարների ու էկոնոմիկայի նախարարությունների վրա։ Մենք արձանագրել ենք մի կարևորագույն փաստ` կա պրոյեկտ-մենեջերների պակաս ՀՀ-ում, և շատ գաղափարներ չեն իրականանում այն պարզ պատճառով, որ այդ գաղափարներն իրականացնող պատրաստի ղեկավարներ չունենք, ովքեր կարող են այդ գաղափարից դուրս բերել բիզնես նախագիծ։ Այդ առումով պետք է ուշադրություն դարձնենք ներկայացված հայտերին ու առաջին հերթին օժանդակություն ցույց տանք նշված բացը լրացնելու համար։ խնդրում եմ բոլոր նախարարներին` ուշադրության կենտրոնում պահել այս աշխատանքները և օժանդակել օպերատիվ շտաբին, որպեսզի կարողանանք արդյունավետ քննարկումներ իրականացնել և բացահայտել մասնավոր հատվածի համար ակնհայտորեն շահավետ ծրագրեր ու օժանդակենք», - ասել է վարչապետը։
Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքին (2008թ. դեկտեմբերի 24-ի ՀՕ-219-Ն) համապատասխան, կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը` ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2009թ. պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցները։ Որոշմամբ ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը սահմանվել է 30.00 միավոր, ընտանեկան նպաստի բազային մասը` 10 հազար դրամ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50 հազար դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 հազար դրամ։ Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը սահմանվել է 250 հազար դրամ, զոհված` «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և 2-րդ աստիճանի շքանշանով պարգեատրված անձի ընտանիքի նպաստի չափը` համապատասխանաբար 150 հազար և 100 հազար դրամ։ Սահմանվել են նաև երեխաներին տրվող հավելումների տարբերակման միավորները (տիրույթները), տարբերակված հավելումների, միանվագ դրամական օգնության, ինչպես նաև հրատապ օգնության, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակման պայմաններն ու վճարման ժամկետները։ Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու տարածքային կառավարման նախարարություններին` փաստաթղթի նախագիծը, հնչած որոշակի հարցադրումներից ելնելով, ևս մեկ անգամ համատեղ քննարկել։
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, որոնցով, մասնավորապես, սահմանվում են «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի վճարման կարգը, համապատասխան ձևերը, վերանայվում է սոցիալական խումբ չունեցող անձի անապահովության միավորը (իջեցվում է` նրան աշխատաշուկա ուղղորդելու նպատակով), հստակեցվում են «միայնակ մոր երեխա» սոցիալական խումբ ամրագրելու նորմերը, սահմանվում է «անմրցունակ գործազուրկ» լրացուցիչ սոցիալական խումբ և այլն։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և հանրապետական գործադիր մարմինների 2009թ. գերակա խնդիրները։ Երկօրյա ժամկետ է տրվել` փաստաթղթի վերաբերյալ արված առաջարկությունները հաշվի առնելով խմբագրելու և վերջնական տեսքի բերելու համար։ Հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ՀՀ կառավարության 2009թ. գործունեության ծրագրի կատարման մասին։ Հանձնարարվել է նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում ներառված գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին։
Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի «ՀՀ կառավարության 2008-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N878-Ն որոշման հավելվածի «Կրթություն և գիտություն» բաժնի 13, 14 և 15 կետերում` դրանցով նախատեսված միջոցառումների անվանումները և կատարման ժամկետները ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագրին համահունչ և համադրելի դարձնելու և ծրագրում ներգրավելու նպատակով։
Նիստում կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մասին»։ Սահմանվել է, որ հիշյալ տարրային նորմերի և չափորոշիչների մշակման կարգը պարտադիր է` ՀՀ պետական բյուջեի միջոցների, այդ թվում` վարկերի (եթե վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ), համայնքին տրամադրվող սուբվենցիաների, համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով գումարների, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների, ՊՈԱԿ-ների միջոցների հաշվին իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման համար։ Ոչ պետական բյուջեի միջոցների, այդ թվում` համայնքային բյուջեների հաշվին իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների (հաշվարկման) համար գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մշակման կարգը կրում է խորհրդատվական (կողմնորոշիչ) բնույթ։ Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել «Գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մշակման և հաստատման կարգ» նորմատիվատեխնիկական փաստաթղթի սահմանված կարգով հաստատումն ու պետական գրանցումը։
Հիմք ընդունելով «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջները, կառավարությունը սահմանել է, որ ՀՀ մահացած (զոհված) քաղաքացուն զինվորական հարգանքի տուրք մատուցելու նպատակով կազմակերպված սգո արարողությունների ժամանակ ՀՀ դրոշը գործածվում է` հասարակության և պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած հայ մշակույթի, գիտության, սպորտի, հասարակական-քաղաքական կամ ռազմական գործիչների մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողովներ ստեղծելու դեպքում, ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում կամ միջազգային համաձայնագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), հիշյալ ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի, խեղման կամ հիվանդության պատճառով մահացած նախկին զինծառայողների, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ունեցող և մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի, խեղման կամ հիվանդության պատճառով մահացած ազատամարտիկների, «Հայրենիքի» կամ «Մարտական խաչ» (1-ին կամ 2-րդ աստիճանի), կամ «Տիգրան Մեծ», կամ «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով, կամ Արիության մեդալով պարգևատրված քաղաքացիների հուղարկավորության դեպքում, իսկ ՀՀ այլ պետական պարգևներով պարգևատրված քաղաքացիների հուղարկավորության դեպքում` հուղարկավորություն կազմակերպողների դիմումի հիման վրա` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։
Այլ որոշումներով, «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Հատուկ կայանքների էլեկտրասարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ», «Էլետրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման անվտանգության կանոններ», «Անվտանգության պահանջները մայրուղային գազատարներում» տեխնիկական կանոնակարգերը։ ՀՀ էներգետիկայի և արտակարգ իրավիճակների նախարարություններին հանձնարարվել է փաստաթղթի նախագիծը ևս մեկ անգամ համատեղ քննարկել։
Կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Նախագծով առաջարկվում է վերացնել բուհերում կրթությունն ընդհատած նախկին ուսանողների` իրենց ուսանողական իրավունքների վերականգնման համար 10 տարվա սահմանափակումը և սահմանել, որ 10 տարուց ավելի ժամկետով կրթությունն ընդհատած նախկին սովորողը կարող է վերականգնվել համապատասխան (ոչ ավարտական) կուրսում, եթե առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին։ Նախագծով առաջարկվում է առավել ամբողջական իրավական հիմքեր ապահովել գործող ազգային մարզական համակարգի ներկայացման համար, մասնավորապես, հստակեցնել սպորտում գործող տարբեր մարմինների և պետական ու հասարակական կազմակերպությունների հարաբերություններն ու պարտավորությունները։
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Կանադայի կառավարության միջև հայտագրերի միջոցով կնքվող` ընդունող պետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունքի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
«Հարկերի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 27-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N582-Ն որոշման մեջ` հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող ավելացված արժեքի հարկ
(ԱԱՀ) վճարողների մասին տեղեկատվության թափանցիկության ապահովման նպատակով։ Որոշման ընդունումը կօգնի կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին` առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կատարված գործարքների վերաբերյալ հարկային մարմիններին տեղեկություններ ներկայացնելիս։
Գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 7-ի «ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը հաստատելու մասին» N941-Ն որոշման մեջ, որով նախատեսվում է ծրագրով հաստատված միջոցառումների կատարման ժամկետների փոփոխություն, ինչը հնարավորություն կընձեռի իրատեսական ժամկետներում ապահովել այդ միջոցառումների կատարումը։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Օրինագծերի ընդունման նպատակը ՀՀ տարածքում գործող ֆոնդային բորսայում ընկերությունների և ռեզիդենտ ընկերությունների կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման գործընթացների խթանումն է։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և պետական եկամուտների կոմիտեին որոշման նախագիծը ևս մեկ անգամ համատեղ քննարկել։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որով առաջարկվում է սահմանել, որ ԿԲ-ի պարտքի կառավարումն իրականացվում է վճարային հաշվեկշռի և ֆինանսական կայունության ապահովման նպատակով։
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշի նկարագրությունը և ձևը։ Որոշման համաձայն, խորհրդանիշի կիրառման դեպքերը սահմանվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից։ Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ հունվարի 30-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշը հաստատելու մասին» N89-Ն որոշումը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի N1810-Ն որոշման մեջ, որի նպատակը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների համալրման (յուրաքանչյուր մարզում մեկ տարածքային մարմին սկզբունքով) միջոցով ՀՀ օրենսդրությամբ տեսչությանը վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման ապահովումն է։
Կառավարությունը հավանություն է տվել պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված «Գրադարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Կառավարությունն առաջարկել է ԱԺ պատգամավորներին` առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված նախագծի քննարկումից, և ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացվելիք նախագիծը համադրելով իրենց հեղինակած օրենքի նախագծի հետ` համատեղ նախապատրաստել մեկ միասնական օրենքի նախագիծ` ՀՀ Աժ քննարկմանը ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված գույքը` Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտայի N49/3 հասցեում տեղակայված շենքի 6-րդ և 7-րդ հարկերը` 925 քմ մակերեսով տարածքը, 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին` փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոնի ձևավորման և մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով։ Հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը թույլատրել է «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող 2365136 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց։ Որոշվել է նշված գույքը, որպես պետական սեփականություն, ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել ՀՀ Շիրակի մարզի Բավրա համայնքին` այնտեղ բնակվող ընտանիքներին անհատույց սեփականաշնորհելու նպատակով։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Նամականիշ» ՓԲԸ-ն։ Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին` ընկերության լուծարման գործընթացն ավարտելուց հետո, ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, կառավարությունը որոշել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկայի գյուղական համայնքի ղեկավար Արամայիս Վարդանյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված` վերջինիս մահվան կապակցությամբ։ Որոշվել է նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և հիշյալ համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` այդ նպատակով ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից 427764.55 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ