երեքշաբթի, 27 հունվարի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի, Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը, ՀԲ տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոիրոլոն, Հայաստանում ՀԲ գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը և գրասենյակի համապատասխան աշխատակիցներ։
Քննարկվել են ՀԲ-ի հետ համագործակցությանը, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման նպատակով բանկի կողմից Հայաստանին հնարավոր աջակցությանը, ինչպես նաև հեղինակավոր ֆինանսական այլ կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցությանն ու ընթացիկ բանակցություններին վերաբերող հարցեր։
Վարչապետը հույս է հայտնել, որ ՀԲ-ի հետ Հայաստանի հաջող գործակցությունը, նաև` անցյալ տարի բանկի ղեկավարության հետ վաշինգտոնյան հանդիպումներն ու պայմանավորվածությունները կարդարացնեն մեր ժողովրդի սպասումները` հետագա արդյունավետ համագործակցության առումով։ Զրույցի ընթացքում նշվել է, որ Հայաստանն իր կատարողական բարձր ցուցանիշով մշտապես ներկայացվել է որպես բարեփոխումների օրինակելի երկիր։ Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի առաջին ալիքը մեր երկրին հաջողվել է անցնցում հաղթահարել` ի տարբերություն շատ երկրների, որտեղ ստիպված են ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ զգալի միջոցներ ծախսել։
ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ-ի հակաճգնաժամային ծրագրի ռազմավարությունը համարելով բավականաչափ հստակ և հասկանալի, ևս մեկ անգամ ընդգծել է, որ շեշտադրումներն առավելապես արվելու են ենթակառուցվածքներում ծախսերի ավելացման վրա, մասնավորապես` ոռոգման, էներգետիկայի, ճանապարհաշինության, ՓՄՁ-ի վարկային միջոցների ավելացման, մի շարք նախատեսված բարեփոխումների ուղղությամբ։ Երկուստեք նշվել է, որ ստեղծված իրավիճակն արագացված գործընթացներ է ենթադրում, ինչը նաև կանխարգելիչ բնույթ կկրի` հնարավորություն տալով հետագայում ևս տնտեսության մեջ հնարավոր ցնցումներից խուսափել։ ՀՀ կառավարության ղեկավարը ՀԲ-ին տեղեկացրել է, որ Հայաստանը հաջող բանակցություններ է վարում այլ ֆինանսական կազմակերպությունների` Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Առևտրի և զարգացման սևծովյան բանկի հետ և նախատեսում է ՓՄՁ-ի վարկավորման նպատակով նրանցից ակնկալվող գումարի չափն ավելի մեծացնել` ի հաշիվ ՀԲ-ից այդ նպատակով ակնկալվող գումարի, նկատի առնելով, որ ՀԲ-ի հետ իրականացվող ծրագրերը, ի տարբերություն վերոնշյալ ֆինանսական կազմակերպությունների, ոլորտային առումով ավելի լայն ընդգրկում ունեն։ Դա թույլ կտա հավասարակշռված մոտեցում ցուցաբերել տարբեր ոլորտներում նախատեսվող միջոցառումների ֆինանսավորմանը։