երեքշաբթի, 27 հունվարի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Քեյ-Փի-Էմ-Ջի» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին` Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների ավագ գործընկեր Էնդրյու Քրենստոնի գլխավորությամբ։
Պարոն Քրենստոնը ներկայացրել է Հայաստանում «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը։ Նա նշել է, որ «Քեյ- Փի-Էմ-Ջի»-ն հանդիսանում է աուդիտորական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտացված ընկերությունների ցանց, որի նպատակն է աշխատակազմի գիտելիքներն օգտագործել ի շահ հաճախորդների, աշխատակիցների և շուկաների։ Նշելով, որ «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ն Հայաստանում իր գրասենյակը հիմնել է 1997թ.-ին, Էնդրյու Քրենստոնը հավաստել է, որ ընկերության գրասենյակների լայնածավալ ցանցն ապահովում է անհրաժեշտ ռեսուրսներ` բարձրորակ ծառայություններ մատուցելու համար։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանում, ԱՊՀ մի շարք այլ երկրների համեմատությամբ, բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման համար, ինչը հնարավորություն է տալիս «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերությանը, նաև տարածաշրջանի որոշ երկրների համեմատ, ընդլայնելու և զարգացնելու իր բիզնեսը Հայաստանում։ Էնդրյու Քրենստոնը տեղեկացրել է, որ ընկերությունն այսօր արդեն ՀՀ-ում ունի մոտ 100 աշխատակից, որոնց թիվը, համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի պայմաններում անգամ, կրճատելու մտադրություն չունի։ (Վրաստանում, օրինակ, գործունեության երկու տարիների ընթացքում ընկերության աշխատողների թիվը, ըստ պարոն Քրենստոնի, 30-ից չի անցնում)։ Նա նշել է, որ լավատեսորեն է տրամադրված Հայաստանի Հանրապետությունում «Քեյ- Փի-Էմ-Ջի»-ի բիզնեսը երկարաժամկետ հեռանկարում զարգացնելու հարցում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել ընկերությանը հետագա գործունեության ընթացքում` հավաստելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը, իրավասության շրջանակներում, ընկերությանն աջակցելու հարցում։