երեքշաբթի, 27 հունվարի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչներին։
Ողջունելով հյուրերին, վարչապետն իր գոհունակությունն է հայտնել երեկ Թեքեյան մշակութային միությունում անցկացված միջոցառման` «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության 2008թ. մրցանակների հանձնման կապակցությամբ։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը բարձր է գնահատում Թեքեյան մշակութային միության բոլոր ձեռնարկումները։ Ըստ նրա, ամենամյա մրցանակաբաշխությունը, ունենալով հայապահպան նշանակություն, միաժամանակ ուղղված է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում հայ մշակույթի, գիտության ու արվեստի զարգացմանը։
«Թեքեյան մշակութային միության գործունեությունը հայտնի է մեր ժողովրդին։ Բախտավորություն է այդպիսի հիանալի առաքելությանը մասնակցելը։ Միայն ուշադրությունը նման հարցերին, մարդկանց աշխատանքը արժանիորեն գնահատելը չափազանց կարևոր է», - ասել է վարչապետը` ՀՀ կառավարության և իր անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման մասնակիցներին` նրանց ազգանվեր, հայանպաստ գործունեության համար։
ՀՀ վարչապետի որոշմամբ, երկարամյա ազգանվեր գործունեություն ծավալելու համար Թեքեյան մշակութային միության ԱՄՆ-ի և Կանադայի կենտրոնական վարչության փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանը, Շվեյցարիայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Թալին Ավագյանը, ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի Թեքեյան մշակութային միության մասնաճյուղի նախագահ Բաբկեն Մկրյանը և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով։ Հանդիպման ժամանակ վարչապետը շնորհավորել և հանձնել է պարգևները։
Թեքեյան մշակութային միության ԱՄՆ-ի և Կանադայի կենտրոնական վարչության փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` երեկվա միջոցառմանը մասնակցության համար։ Նա ընդգծել է, որ Թեքեյան մշակութային միության գործունեությունը միշտ էլ եղել է հայրենամետ և հայրենակենտրոն։ Ըստ Ե. Ազատյանի, դեռևս խորհրդային տարիներին, Հայաստանի անկախացումից հետո` առավել ևս, ԹՄՄ-ն եղել է հայրենիքի հետ սփյուռքի կապի ամենաակտիվ, ամենաբանուկ կամուրջներից մեկը։ Նա նշել է, որ սփյուռքում չեն պատկերացնում իրենց գործունեությունը` առանց Հայաստանում մշակութային և հոգևոր զարգացմանը խթանող աշխատանքի` սերտորեն համագործակցելով նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ և քաջ գիտակցելով, որ հայ մշակույթի կյանքի աղբյուրը հայրենիքն է։
Հանդիպման մասնակիցները վստահեցրել են, որ առաջիկայում ավելի կընդլայնվի միության նախաձեռնությունների շրջանակը։