հինգշաբթի, 29 հունվարի 2009
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մինչև օրակարգի հարցերին անցնելը, վարչապետն անդրադարձել է մի քանի խնդիրների, որոնք վերաբերել են մայրաքաղաքի Մ. Խորենացու փողոցի վրա գտնվող ոսկու շուկայում տիրող իրավիճակին և ձեռնարկվելիք միջոցառումներին, հասարակական վայրում ՀՀ առողջապահության նախարարի երկու տեղակալների անընդունելի պահվածքին, ինչպես նաև ՀՀ կառավարությունում հունվարի 30-ից մեկնարկող ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների 2008թ. գործունեության հաշվետվություններին։
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այսօր իր որոշմամբ խիստ նկատողություն է հայտարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանին և Աբրահամ Մանուկյանին` հասարակական վայրում անընդունելի պահվածքի համար. «Ցավոք, այս երևույթը դեռևս առկա է ՀՀ-ում, և ես ահազանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, որ շատ պաշտոնատար անձինք չարաշահում են իրենց պաշտոնը, չեն գիտակցում, որ տվյալ պաշտոնը տրված է նրա համար, որպեսզի ծառայեն ժողովրդին, այլ ոչ թե օգտագործեն իրենց անձնական շահերի համար և ստանձնելով պաշտոնը` զգան իրենց անպատժելի կարգավիճակում։ Դա անթույլատրելի է։ Այս ահազանգերը վկայում են այն մասին, որ անհրաժեշտություն կա սկսելու երկխոսություն` ինչպիսի՞ն պետք է լինի պետական ծառայողի վարքագիծը։ Մենք շուտով ընդունելու ենք էթիկայի կանոնակարգ, որով սահմանված նորմերը պետք է պարտադիր լինեն բոլորի համար։ Նրանք, ովքեր իրենց աշխատանքը չեն պատկերացնում այդ կանոնների ներքո որպես պետական ծառայող` պետք է դիմում գրեն և ազատվեն աշխատանքից։ Կոպտությունը, բռիությունը, լկտիությունը` ուժեղ ղեկավարի հատկանիշներ չեն, դրանք թույլ ղեկավարի հատկանիշներ են, և մենք ձեզ հետ միասին պետք է պայքարենք այդ ամենի դեմ, դա մեզ համար պետք է լինի անընդունելի», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Անդրադառնալով ոսկու շուկայի խնդրին, վարչապետը նշել է. «Կարծում եմ, շատերդ տեղյակ եք, թե ինչպիսին է վիճակը ոսկու շուկայում։ Ես ստացել եմ դիմում-բողոք ոսկու շուկայի աշխատողների կողմից։ Մարդիկ բողոքում են անմարդկային աշխատանքային պայմաններից ձմեռը ցուրտ է` ջեռուցում չկա, ամառը շոգ է` օդափոխություն կազմակերպված չէ, 1 քմ-ի համար վճարը ահռելի թվերի է հասնում։ Հակասանիտարական վիճակ է ստեղծված, անվտանգության կանոնները չեն պահպանվում։ Այդ տարածքում գործում են արտադրամասեր, արտադրություն է կազմակերպված, որն իր ծավալներով չի զիջում ոսկերչական գործարանին, այդտեղ ևս օդափոխություն չկա, անվտանգության կանոնները պահպանված չեն և, նույնիսկ այս պայմաններում, «ձեզ ձեռնտու չէ, մի աշխատեք»` պատասխանն է տրվում աշխատողներին առևտրի կազմակերպչի կողմից։ Այդ մարդկանց այստեղ բերում է վախը, որ կկորցնեն իրենց աշխատատեղը, չնչին եկամուտները, որ ստանում են։ Իսկ այն գերշահույթները, որ ստանում է առևտրի կազմակերպիչը` թաքցվում են պետությունից։ Նա ստանում է այդ վայրից հսկայական եկամուտներ և այդ մարդկանց համար չի ստեղծում նորմալ աշխատանքային պայմաններ ու հեքիաթներ է պատմում, թե պետությունն է խստացնում պահանջներն իրենց նկատմամբ։ Մենք փոքր և միջին բիզնեսի համար պահանջները չենք խստացրել, հակառակը` խստացրել ենք պահանջները առևտրի կազմակերպչի համար։ Նա պարտավոր է իր գերշահույթներից հատկացումներ կատարել և այդ մարդկանց համար ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ։ Այն օրենքները, որ մենք ներկայացրել ենք և Ազգային ժողովը հաստատել է, հենց դա է պահանջում։ Բեռն ամբողջությամբ մենք դնում ենք առևտրի կազմակերպիչների վրա։ Կարծում եմ, չափազանց կարևոր է, որ այս պարզ ճշմարտությունը տեղ հասցնենք։ Մենք չենք զիջելու այն բոլոր ճնշումներին, որոնք այսօր առկա են։ Մենք գնալու ենք մինչև վերջ, և եթե այդ մարդն ի վիճակի չէ նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել հազարավոր աշխատողների համար, կգտնվեն ուրիշները, ովքեր պատրաստ են այդ ծառայությունները մատուցել, ընդ որում` պետեկամուտների կոմիտեն հայտնաբերել է հարյուրավոր չգրանցված աշխատողների։ Հարկերից խուսափելու ձև է սա, իսկ գերշահույթներով, որ ստացվում են այդ շուկայից, էլիտար տներ, Ծաղկաձորում դղյակներ են կառուցում, մինչդեռ այդ եկամուտների մի մասը պետք է գնար փոքր և միջին բիզնեսի հազարավոր աշխատողների համար նորմալ աշխատանքային պայմանների ստեղծմանը։ Սա է մեր պահանջը։ Եվ մենք հետևողական ենք լինելու»։
Նիստի սկզբում Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ վաղվանից սկսվում է նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների 2008թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։ Այդ կապակցությամբ նա, մասնավորապես, նշել է. «Մենք ձեր գրավոր հաշվետվությունները կհրապարակենք, որտեղ դուք մանրակրկիտ ներկայացնում եք, թե ի՞նչ է կատարվել ձեր ոլորտում։ Հաշվետվությունների ժամանակ մենք կենտրոնանալու ենք միայն բացթողումների և չկատարված աշխատանքների վրա։ Փորձելու ենք հասկանալ` ո՞րն է պատճառը չկատարված աշխատանքների և ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ աշխատանքները 2009-ին արդյունավետ ձևով կազմակերպենք»։
Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր հատվածների համագործակցության (ՊՄԳ) հայեցակարգին։ Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հիմք ընդունելով Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված Հայաստանի ՊՄԳ փորձի և առկա միջավայրի վերաբերյալ հետազոտությունը։ Հայեցակարգի նպատակն է` նախանշել պետություն-մասնավոր հատվածներ համագործակցության ոլորտում պետական քաղաքականության հետագա քայլերը, որը հնարավորություն կտա ամփոփել և վերլուծել ՀՀ-ում ՊՄԳ միջավայրը, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել` ուղղված համագործակցության իրականացման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Հայեցակարգով նախատեսված քայլերի իրականացումը հնարավորություն կստեղծի ուսումնասիրել և օգտագործել ՊՄԳ-ների հնարավորությունները` թե՛ ենթակառուցվածքների ավանդական հատվածներում, ինչպիսիք են էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության և կոմունալ ծառայությունների ոլորտները, և թե՛ այնպիսի համեմատաբար չբացահայտված ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, ձեռներեցությանն աջակցության ծառայությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները, քաղաքաշինությունը, հանրային ծառայությունների կառավարումը և այլն։ Որոշմամբ ՊՄԳ զարգացման ոլորտում կառավարության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Հանձնարարվել է նախարարին` եռամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՊՄԳ զարգացմանն ուղղված միջոցառումներն իրականացնող կառույցի (հիմնադրամի) կանոնադրության նախագիծը և հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Վարչապետը նշել է, որ դա չափազանց կարևոր հայեցակարգ է և այսօր բացառիկ հնարավորություն կա հայեցակարգում ամրագրված սկզբունքներն ի կատար ածելու։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ օպերատիվ շտաբում երեք ծրագրեր արդեն իսկ անցկացվել են վերջին փուլ, որտեղ պետք է որոշումներ կայացվեն, թե ինչպիսի՞ն է լինելու պետության օժանդակությունը։ Այդ երեք ծրագրերն էլ առնչվում են բազմաթիվ նոր աշխատատեղերի ստեղծմանը, մթերումների կազմակերպմանը և այլն։ «Կարծում եմ, որ հիմա ձեզ համար էլ բացառիկ հնարավորություն է ստեղծվում այդ սկզբունքները պրակտիկայում կիրառելու, փորձարկելու համար»,- ասել է նա։ Վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանը` կառավարության հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ` փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման կենտրոնին գումար հատկացնելու վերաբերյալ` այն ծրագրի համար, որը հավանության է արժանացել օպերատիվ շտաբում։ Ըստ նրա, այդ գումարի տրամադրումը պետք է լինի վերոնշյալ հայեցակարգի ներքո, որ ե՛ւ կորպորատիվ կառավարման կանոնները պահպանվեն, վերահսկողական մեխանիզմները լինեն, մոնիտորինգ իրականացվի, ե՛ւ այս հայեցակարգում ամրագրված սկզբունքները փորձարկվեն տվյալ ձեռնարկությունում` հետագայում այդ փորձը նաև մնացած ծրագրերի վրա տարածելու համար։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին` օպերատիվ շտաբի արձանագրությունն ուղարկել ֆինանսների նախարարություն, որպեսզի դրա հիման վրա անհրաժեշտ գումարները կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեն։ Վարչապետն ընդգծել է այդ ծրագրերը հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը ևս, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչպե՞ս է որոշումը կայացվում, ի՞նչ սկբունքներով է գումարը հատկացվում, որո՞նք են երաշխիքները, որ պետական միջոցները չեն փոշիանալու և ծառայելու են իրենց նպատակին։ Ըստ նրա, եթե այդ փորձը հաջողվի, բնականաբար, պետական օժանդակություն ստացող ծրագրերի քանակը կավելանա։
Օպերատիվ շտաբի հավանությանն արժանացած երկրորդ ծրագրում, որին ևս անդրադարձել է վարչապետը, առաջարկվում է պետություն-մասնավոր հատված բավականին հետաքրքիր համագործակցություն` եռակողմ համաձայնագիր գյուղատնտեսության ոլորտում սուբսիդիաներ տրամադրելու, օրգանիկ արտադրություն կազմակերպելու համար։ Ըստ կառավարության ղեկավարի, այդ ծրագիրը նույնպես պետք է անցկացնել մասնավոր-պետություն համագործակցության հայեցակարգի ներքո, որպեսզի այդ հարաբերությունները լինեն ինստիտուցիոնալ, հետագայում այդ փորձը այլ ոլորտների վրա ևս տարածելու համար։ Վարչապետի համոզմամբ, այն, ինչ առաջարկում է մասնավոր հատվածը` սուբսիդիայի մեխանիզմը, ամենաարդյունավետն է, որովհետև մի կողմից` վերահսկելու է պետությունը, մյուս կողմից` մասնավոր հատվածը, որ այդ սուբսիդիաները ծառայեն իրենց նպատակին։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է սուբսիդիաներ և պետական երաշխիք տրամադրել նաև առևտրային բանկերին, որպեսզի վարկային միջոցները տրամադրվեն այդ ձեռնարկությանն ավելի երկար ժամկետով և ցածր տոկոսադրույքներով, որը նույնպես հայեցակարգի ներքո է։ «Կոնկրետ այդ ծրագրերի վերաբերյալ` ստանալով համաձայնություն մեր մասնավոր հատվածի գործընկերներից, կհրապարակենք դրանց բովանդակությունը»,-նշել է վարչապետը, առաջարկելով հաստատել հայեցակարգը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել նաև մշակույթի հանրահռչակման ծրագրին և միջոցառումների ցանկին։ Ծրագրի նպատակն է` նպաստել Հայաստանի վարկանիշի վրա բացասաբար անդրադարձող գործոնների ազդեցության նվազմանը և հայկական մշակույթի ու Հայաստանի, որպես հնամյա, միևնույն ժամանակ նոր մշակութային բացահայտումների վայրի (հասցեի) նկատմամբ միջազգային հետաքրքրության, հայկական մշակույթի դերի ու նշանակության աճին` նաև համաշխարհային մշակույթի շրջանակներում։ Հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարին` ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը։ Հանձնարարվել է նաև մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերն ընդգրկել ՀՀ 2010-2012թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական լիազոր մարմին է ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նիստում փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման մեջ` այդ որոշմանը համապատասխան հարկային վարչարարության օժանդակության նպատակով անցկացված վիճակահանության արդյունքում շահող կտրոն տիրապետող ֆիզիկական անձանց բազային պարգևավճարների (բոնուսների) տրամադրումն առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար։ Որոշմամբ սահմանվել է, որ պարգևավճար (բոնուս) ստանալու համար շահող կտրոն տիրապետող ֆիզիկական անձը պետք է դիմի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետ պարգևավճար (բոնուս) տրամադրելու նպատակով պայմանագիր կնքած ՀՀ տարածքում գործող առևտրային բանկի համապատասխան ստորաբաժանում։ Բանկի և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի միջև իրականացվում է վճարված պարգևավճարների (բոնուսների) վերաբերյալ տեղեկատվության փոխանակում` նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան։ Որոշման կիրառմամբ կկանոնակարգվեն հարկային վարչարարության օժանդակության նպատակով անցկացվող վիճակահանության արդյունքում պարգևավճարների (բոնուսների) տրամադրման հարցերը` կներդրվի մեկ պատուհանի սկզբունքը։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2009թ. իր պահուստային ֆոնդից 6 մլն 320.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի իրականացման նպատակով «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար։ Հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարին` հատկացված գումարը հիշյալ ՊՈԱԿ-ին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։ Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից 37 մլն 245.3 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը` «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար։
Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 14-ի «Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ սահմանելու մասին» N549-Ն որոշման մեջ, գործադիրը ջրային համակարգի ընկերությունների համար սահմանված արտոնությունները երկարաձգել է մինչև 2012թ.` վերջիններիս ազատելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված նվազագույն շահութահարկի ամսական վճարներ կատարելուց։
Նիստում գործադիրը հաստատել է Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդ քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման աշխատանքների կատարման համար 2008թ. նոյեմբերի 17-ին անցկացված ու ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2008թ. դեկտեմբերի 15-ին հաստատված մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ն։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N765 որոշմանը համապատասխան, գործադիրը հաստատել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և այդ ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Սուրենավան, Արմաշ և Երասխ գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավում» մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «ՇՄՇ-23» ԲԲԸ-ն։
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել առանձնացման ձևով` ստեղծելով «ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մեծամորի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան։ Որոշվել է նորաստեղծ ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով հանձնել հիշյալ Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոնի Մեծամորի մասնաճյուղի նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը չգերազանցող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության գույքի, որը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի նորաստեղծ ՊՈԱԿ-ին` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 21-ի` «Վանաձոր-Թեսթ», «Կապան-Թեսթ», «Գյումրի-Թեսթ» և «Օկտան-Թեսթ» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին միացնելու վերաբերյալ N 936-Ն որոշման մեջ` ներկայացված անշարժ գույքի իրավական կարգավիճակը հստակեցնելու նպատակով։
Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը, փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը և փրկարարական ծառայության ծառայողին տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը սահմանելու մասին» N2323-Ն որոշման մեջ` փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների 2009թ. հունվարի 1-ից կենսաթոշակների միջին ամսական չափերի` շուրջ 10.3 տոկոսով բարձրացումն ապահովելու համար։
Նիստում փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 21-ի N1597-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչությունը (ՀՀ պետատոմհսկողություն) ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի վերակազմակերպմամբ։ Փոփոխություններից մեկով կոմիտեին` որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության ծրագրերի համակարգողի, իրավունք կվերապահվի «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի կատարումից բխող բոլոր հաշվետվություններն ու անհրաժեշտ տեղեկատվությունն անմիջականորեն ներկայացնել գործակալություն, ապահովելով դրանց օպերատիվ և պատշաճ տրամադրումը։
Կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես, իրավաբանական անձանց կողմից ինքնահսկման իրականացմանը ներկայացվող պահանջներն ու կարգը սահմանել օրենքով։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված մի շարք օրինագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծերին։ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ նշվել է, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի։ «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ նշվել է, որ կառավարությունը դրանք ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 10-ի N837-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է 2009թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամ սահմանելու հանգամանքով, ինչպես նաև նրանով, որ ի տարբերություն այլ կառավարման մարմինների, ՀՀ ոստիկանությունում դեռևս ներառված չէ քաղաքացիական ծառայության ինստիտուտը։ Որոշմամբ` ըստ աստիճանակարգերի, վերանայվել են ՀՀ ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների պաշտոնների և ՀՀ ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը։