երկուշաբթի, 3 փետրվարի 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի այս տարվա առաջին նիստը։ Մինչև օրակարգին անցնելը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրապարակել է խորհրդի որոշումը անցած տարվա ընթացքում, մայրաքաղաքից բացի, նաև մարզերում ակտիվ գործունեությամբ աչքի ընկած 12 նոր անդամներով խորհրդի կազմը համալրելու վերաբերյալ։ Նշելով, որ խորհրդի կազմի ընդլայնումը նպատակաուղղված է առաջին հերթին երիտասարդության շրջանում տարվող աշխատանքներին հնարավորինս մեծ թվով երիտասարդների մասնակցության ապահովմանն ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել խորհրդի նոր անդամներին։ Այնուհետև երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Վահրամ Բարսեղյանը ներկայացրել է խորհրդի 2002 թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը։ Քանի որ անցած տարվա 11 ամիսների հաշվետվությունը հաստատվել էր խորհրդի նախորդ դեկտեմբերի 20-ին կայացած նիստում, վարչապետի կողմից տրված հանձնարարականի համաձայն, Վ.Բարսեղյանը անդրադարձել է դեկտեմբեր ամսվա կատարողականին, ապա ամփոփել տարեկան հաշվետվությունը։ Նա նշել է, որ նախատեսված բոլոր միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են։ Խորհրդի նախագահը կարևորել է մասնավորապես Համահայկական երիտասարդական կենտրոնի գործունեությունը, «Բազե» երիտասարդական հավաքի, սփյուռքի մասնակցությամբ առաջին համահայկական երիտասարդական խորհրդակցության անցկացումը, ինչպես նաև տարբեր ոլորտներում իրականացված մի շարք միջոցառումներ։ Խորհրդի տարեկան հաշվետվությունը գնահատվել է բավարար։ 2003 թ. իրականացվելիք միջոցառումների ծրագիրը ներկայացնելու վարչապետի հանձնարարականի հետ կապված, Վահրամ Բարսեղյանը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, նաև հասարակական երիտասարդական կազմակերպությունների ներգրավմամբ և նշված ժամկետում փետրվարի վերջին, ծրագիրը կներկայացվի խորհրդի քննարկմանը։
Նիստում առավել ակտիվ գործունեությամբ աչքի ընկած մի խումբ երիտասարդներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով և հուշանվերներով։ Շնորհավորելով բոլորին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նոր հաջողություններ է մաղթել նրանց, նշելով, որ առաջիկայում իրենց ակտիվ գործունեությամբ աչքի ընկած երիտասարդները ևս տարեվերջին նման վերաբերմունքի կարժանանան։