շաբաթ, 7 փետրվարի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել խոշոր ներկրողների և առաքիչների հետ, որոնք տարիների ընթացքում մասնագիտացել են տարբեր ոլորտներում Հայաստանում պահանջարկ վայելող ապրանքատեսակների ներկրմամբ, ունեն փորձ, գիտելիքներ, արտերկրի շուկաների հետ կապեր և կարող են այդ մրցակցային առավելություններն օգտագործել նաև տեղական արտադրության խթանման նպատակով` հնարավոր ապրանքատեսակների մասով ներկրողից դառնալով նույնքան շահութաբերությամբ աշխատող տեղական արտադրող և արտահանող։ Հատկապես համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում ցանկացած պետության համար դա կարևոր հակաճգնաժամային միջոցառումներից մեկն է, և ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կառավարությունը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել տեղական արտադրության զարգացմանը, բացառիկ հնարավորություններ ստեղծելով ներդրումներ անելու համար։ Նշելով, որ վերջին տարիներին ներկրողները բավականին բարենպաստ միջավայրում են իրականացրել իրենց բիզնեսը, սակայն այսօր համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամով պայմանավորված, իրավիճակը փոխվել է, վարչապետն ասել է, թե առկա միջավայրը ներկրողներին թելադրում է փոխել վարքագիծը, գնահատել շուկայի իրավիճակը, առևտրային և վճարային հաշվեկշռի կառուցվածքը.
«Համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամը ստեղծել է նոր իրավիճակ նաև կառավարությունում։ Մենք պետք է ձեռնարկենք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց բովանդակությունը հետևյալն է` իրականացնել այնպիսի ներդրումներ, ընդունել այնպիսի որոշումներ, որոնք նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ-ում, որոնք պետք է բարելավեն մեր առևտրային և վճարային հաշվեկշիռը, միջոցառումներ, որոնք խթանելու են վերամշակման ոլորտի զարգացումը ՀՀ-ում։ Սրանք այն հրապարակային փաստթղթերը և թեզերն են, որ մենք վերջին 6-7 ամիսների ընթացքում ներկայացնում ենք հանրությանը, Ազգային ժողովին, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Կցանկանայի լսել ձեզ, հասկանալու համար` ի՞նչ հարցեր են ձեզ մտահոգում, ի՞նչ խնդիրներ եք դուք տեսնում, ինչո՞վ մենք կարող ենք ձեզ աջակցել, որպեսզի մեր ընհանուր հակաճգնաժամային միջոցառումների ներքո տեղավորվի նաև ձեր գործունեությունը, ձեր ներդրումային քաղաքականությունը»,- ասել է վարչապետը։
Հանդիպման ժամանակ ներկրողները ներկայացրել են իրենց խնդիրները, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և կառավարությանը` իրենց կարողությունները տեղական արտադրության մեջ առավելագույնս օգտագործելու հարցում աջակցության պատրաստակամության և առաջարկի համար։ Նրանք քննարկել են արտադրության կազմակերպման հնարավոր ոլորտները, նաև` տեղում որոշակի ռաջարկություններ ներկայացրել ՀՀ կառավարության ղեկավարին։
Ամփոփելով հանդիպումը, Տիգրան Սարգսայնն ընդգծել է, թե ՀՀ կառավարության համար կարևոր է, որ իր քաղաքականությունը հասկանալի և կանխատեսելի լինի գործարար համայնքի համար, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու և քննարկմանը շահագրգիռ մասնակցություն ունենալու համար։ Վարչապետը հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքում` ներկրող գործարարները ևս առաջիկայում կներկայացնեն իրենց բիզնես ծրագրերը, որոնց իրականացմանը պետությունը պատրաստ է աջակցել։