հինգշաբթի, 12 փետրվարի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շեմի Ցուրին։
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ` վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Ցուրն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։
Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը և Շեմի Ցուրը համակարծիք են եղել, որ հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունները մտնում են զարգացման նոր փուլ, երկու երկրների միջև ձևավորվում են քաղաքական, տնտեսական նոր հարաբերություններ, որոնց համար կան անհրաժեշտ բոլոր հիմքերը։
Անդրադառնալով Հայաստանի և Իսրայելի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման հեռանկարին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է հատկապես ադամանդագործության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման, այդ բնագավառներում Իսրայելի փորձն օգտագործելու, ինչպես նաև նոր նախաձեռնությունների խրախուսման կարևորությունը։ Շեմի Ցուրը նշել է, որ ձեռնարկած մի շարք միջոցառումների շնորհիվ, Իսրայելին մինչ այժմ հաջողվել է հնարավորինս նվազեցնել համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա, որի փորձը ևս Իսրայելը պատրաստ է կիսել Հայաստանի հետ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեսպանից հետաքրքրվել է Իսրայելում երկու օր առաջ անցկացված խորհրդարանի` Կնեսետի ընտրությունների արդյունքներով, երկրի ներքաղաքական իրավիճակով ու արդեն քաղաքական նոր ղեկավարության ներքո Իսրայելի հետագա զարգացումներով։ Անդրադարձ է եղել նաև 2008թ. Կնեսետ մտած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումներին և ընդունման հնարավորություններին։ Իսկ հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պաշտոնական տեսակետն ու մոտեցումները տարածաշրջանի երկրների, այդ թվում` անմիջական հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ։
Զրույցի ընթացքում Շեմի Ցուրը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի հրեական համայնքի նկատմամբ դրսևորվող ջերմ վերաբերմունքի, հայ-հրեական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում համայնքի հետ շահագրգիռ համագործակցության համար, ինչը ևս, ըստ նրա, նպաստում է երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը։
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպանին` մեր երկրում իր առաջիկա գործունեության մեջ։