Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 փետրվարի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են տեղական արտադրության խթանմանն ու արտահանման ծավալների աճին, այդպիսով նպաստելով երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմմանը։
Հիմք ընդունելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009 թ. հունվարի 23-ի նիստի արձանագրային որոշումը, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք 3 մլն 400 հազար ԱՄՆ դոլար գումարով` որպես «Էյչ- Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ից ներգրավվող 1 մլն 500 հազար ԱՄՆ դոլար և գործող 1 մլն 900 հազար ԱՄՆ դոլար ժամկետային վարկերի հիմնական գումարի վերադարձման ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով։ Որոշվել է որպես երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց ընդունել «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքը, սարքավորումները, ինչպես նաև պահեստում առկա պատրաստի արտադրանքի մնացորդը` շրջանառու գրավի կանոններով։ Որոշումն ընդունվել է` նկատի ունենալով, որ ՀՀ-ում արտադրված մրգերի և հատապտուղների արտաքին շուկաներում մրցունակության ապահովման միակ իրատեսական ճանապարհը դրանք օրգանիկ բազայի վրա տեղափոխելն է։ Այդ գործընթացի նախաձեռնությամբ հանդես է եկել «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ն, որն ունի օրգանիկ արտադրության և արտահանման միջազգային պահանջները բավարարող համապատասխան սերտիֆիկատներ, և կառավարության աջակցությունը կնպաստի հիշյալ նախաձեռնությունն ընդլայնելուն։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրին։ Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` ծրագրի ֆինանսավորման համար, «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրով ՀՀ գյուղատնտեսության նախարարության գծով նախատեսված հատկացումների հաշվին «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ին տրամադրել 300 մլն դրամ (Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ։ Հանձնարարվել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարին` ապահովել որոշմամբ հավանության արժանացած ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և դրանց մոնիտորինգի համակարգի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունների և «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի միջև համապատասխան պայմանագրի կնքումը։
Այս որոշումների վերաբերյալ վարչապետը նշել է. «Մենք ըստ էության, ձեզ հետ միասին մի նոր էջ ենք բացում` պետություն-մասնավոր հատված համագործակցության բնագավառում։ Նմանատիպ ծրագրեր նախկինում երբեք չեն իրականացվել, երբ պետությունը ուղղակի աջակցում է մասնավոր հաջողված բիզնեսին` ընդլայնելու հնարավորությունները, բացահայտելու նոր շուկաներ։ Մեր այսօրվա այս երկու որոշումները ստեղծում են նոր հնարավորություններ «Թամարա Ֆրութ» ընկերության համար։ Բացի դրանից, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. մենք մի նոր մեխանիզմ ենք ներդնում` ինչպե՞ս պետք է պետությունը գյուղատնտեսության մեջ իրականացնի սուբսիդավորում, որպեսզի այդ միջոցները չփոշիանան, որպեսզի ծառայեն նպատակին և լինի պատշաճ վերահսկողություն։ Այսօր առաջարկվող մեխանիզմի էությունը կայանում է նրանում, որ այդ սուբսիդավորման գործընթացը առաջին հերթին վերահսկվելու է հենց մասնավոր հատվածի` «Թամարա Ֆրութի» կողմից, որը շահագրգիռ կողմ է, որպեսզի հատկացված միջոցները չփոշիանան, և եթե պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսությունը, ապա այդ գումարը հասնի հենց այն գյուղատնտեսական ապրանք արտադրողին, որի ապրանքը համապատասխանում է «Թամարա Ֆրութի» կողմից ներկայացված չափանիշներին։ Մենք եռակողմ համաձայնագիր ենք ստորագրելու, ինչը երաշխավորելու է, որ այսուհետև սուբսիդավորմանն ուղղված պետական միջոցները ծառայելու են բուն նպատակին։ Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս գործընթացը վերահսկվելու է և շահերի բախում է լինելու ոչ միայն «Թամարա Ֆրութի», գյուղատնտեսության մեջ ներգրավված մարդկանց, մեր ֆերմերների, պետության, այլ նաև հասարակության կողմից, ինչը մենք նույնպես չափազանց կարևորում ենք։ Օպերատիվ շտաբի ընդունած ցանկացած որոշում պետք է դառնա հրապարակային քննարկման առարկա և հասարակության կողմից վերահսկվի։ Երրորդ առանձնահատկությունն այն է, որ «Թամարա Ֆրութը» ունի սերտիֆիկատ, որը վկայում է լավագույն չափանիշներին համապատասխան օրգանիկ ապրանքների արտադրության մասին, ինչի արդյունքում էլ նրա համար բացվում են նոր միջազգային շուկաներ, որտեղ օրգանիկ ապրանքի պահանջարկն այսօր չափազանց մեծ է և գներն էլ շուկայական համանման ապրանքներից 40 տոկոսով ավելի բարձր են։ Այսպիսի միջոցառումը նպաստելու է ե՛ւ տեղական արտադրողի ծավալների բարձրացմանը, ե՛ւ արտահանման ծավալների կտրուկ աճին։ «Թամարա Ֆրութը» հաջողված ձեռնարկություն է, որն ունի հաջող պատմություն, բավականին գրագետ մենեջմենթ, դրական համագործակցություն առևտրային բանկերի հետ, և այս ամենը հույս է ներշնչում, որ կառավարության որոշումը կծառայի բուն նպատակին։ Ռիսկերի մեր գնահատականը այնպիսին է, որ պետության հետ «Թամարա Ֆրութի» ձեռնարկի հաջողության հավանականությունը չափազանց մեծ է։ Ես մանրակրկիտ եմ անդրադառնում այս խնդրին, որովհետև սրանք առաջին նմանատիպ որոշումներն են, որ ընդունվում են կառավարության կողմից, և մենք ձեզ հետ միասին, ՀՀ-ում ձևավորում ենք մի նոր ավանդույթ` պետություն-մասնավոր համագործակցության դաշտում։ Սա մեր հակաճգնաժամային ռազմավարության կարևորագույն գործիքներից մեկն է, որ մենք այսուհետ պետք է օգտագործենք», - ասել է Տիգրան Սարգսյանը։
ՀՀ մաքսային օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է թույլատրել «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված մեքենասարքավորումների և արտադրությանն անհրաժեշտ այլ պարագաների (ընդամենը 161 միավոր) նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները երկարաձգել մինչև 2011թ. ապրիլի 30-ը։ Ընկերության գործունեությանն աջակցելուն ուղղված որոշումն ընդունվել է` նկատի առնելով, որ ընկերությունը ներկայումս կազմակերպել է կարի արտադրություն Երևան և Վանաձոր քաղաքներում` ապահովելով շուրջ 700 աշխատատեղ, երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսում է Հայաստանում իրականացվող գործունեությունը տարածել նաև հանրապետության սահմանամերձ մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ, Տաշիր և այլն), որտեղ կստեղծվեն շուրջ 10 հազար նոր աշխատատեղեր։
Կարևորելով այս որոշման ընդունումը, վարչապետն ընդգծել է.«Տեքստիլի բնագավառում մենք հանդիպում ենք ունեցել թեթև արդյունաբերության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, և այժմ համատեղ մշակում ենք ծրագրեր, որոնք պետք է նպաստեն տեքստիլի բնագավառում ՀՀ-ի որոշակի դիրք զբաղեցնելուն։ Ընդհանուր առմամբ, այս բնագավառում մրցակցությունը աշխարհում գտնվում է չափազանց բարձր մակարդակի վրա` խիստ մրցակցություն կա, և ամեն երկիր փորձում է իր հարաբերական առավելությունը բացահայտել։ Մենք այսօր ունենք «ՎԿՍ Արմենիա» ընկերություն, որը միջազգային ասպարեզում մեծ փորձ ունենալով, ունի առավելություն այլ ընկերությունների համեմատ։ Եթե այս ծրագիրը հաջողություն ունենա Հայաստանում ու ստեղծվի շուրջ 10 հազար աշխատատեղ, ապա դուք տեսնում եք, որ, ըստ էության, հանքահումքային արդյունաբերության համեմատ, այստեղ զբաղվածների թիվը երկու անգամ ավելի կարող է լինել ՀՀ-ում։ Եթե մեր խոշորագույն հինգ ձեռնարկությունները հանքահումքային արդյունաբերությունում այսօր ունեն 6 հազար աշխատող, ապա միայն այս ծրագրի իրականացումը մինչև 10 հազար աշխատատեղ է ստեղծելու ՀՀ-ում, ինչը բավականին լուրջ խնդիր է մեզ համար։ Այսօրվա որոշումով, մենք, ըստ էության, հնարավորություն ենք ստեղծում «ՎԿՍ Արմենիա»-ի համար, որպեսզի նա արդյունավետ ձևով իրականացնի իր ծրագրերը ՀՀ-ում։ Ավելին` մենք օպերատիվ շտաբում քննարկել էինք մեկ այլ բիզնես ծրագիր, որը ներկայացված էր Վայոց ձորից և, եթե այդ մարզում գործող «Տարոն» ձեռնարկությունը համագործակցի «ՎԿՍ»-ի հետ, ապա նաև «Տարոն» ձեռնարկությունում կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Այդ պատճառով, սա կարևոր ծրագիր է մեզ համար։ Եվ մենք պետք է կարողանանք ընդհանրապես այս ոլորտին նոր շունչ հաղորդել»։
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրենքի նախագիծն ընդունվել է` իրավական դաշտի բարելավման, վարչարարության նվազեցման նպատակով։ Հաշվի առնելով նաև զարգացած, անցումային և այլ երկրների փորձը` ԱԱՀ-ի հաշվարկման, հավաքագրման և գանձման ոլորտում, օրենքի նախագծով առաջարկվում է` կիրառել որոշ ապրանքների ներմուծման դեպքում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը մինչև 3 տարի ժամկետով, եթե այդ ապրանքների մաքսային արժեքը կամ ներդրումային փաթեթի արժեքը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և ավելի։ Նշվել է, որ առաջարկությունը համահունչ է նաև ԱԱՀ-ի հաշվարկման և գանձման մասով վարվող IMF-ի քաղաքականությանը, այն է` մաքսային սահմանի վրա կատարել ԱԱՀ-ի ամբողջական հաշվառում` ապահովելով ԱԱՀ-ի գանձման իրականացումը տարբեր փուլերում։
Վարչապետն այս նախագիծը ևս կարևորել է, նշելով, որ այսօրվա գնահատականներով արմատական այս փոփոխության արժեքը կազմում է շուրջ 5 մլրդ դրամ։ «Մենք գիտակցաբար գնում ենք այս քայլին, որովհետև առաջնահերթությունն այսօր տալիս ենք նոր ներդրումային ծրագրերին, որոնք միտված են նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Մենք ստանում ենք առաջարկություններ` նոր ձեռնարկություններ, արտադրություններ ստեղծելու վերաբերյալ։ Մասնավոր հատվածի հետ մեր բազմաթիվ հանդիպումները վկայում են այն մասին, որ այս որոշումը կարող է լուրջ խթան հանդիսանալ, որպեսզի ՀՀ-ում կազմավորվեն նոր ձեռնարկություններ, այդ թվում նաև այն խոշորագույն ներմուծող ընկերությունները, որոնք ՀՀ-ում ներկայացնում են հայտնի արտասահմանյան բրենդներ, այս որոշումն ընդունելուց հետո, պատրաստ են իրենց արտադրությունները բացել ՀՀ-ում։ Դա է պատճառը, որ մենք այս փուլում ազատական ռեժիմ ենք սահմանում ծրագրային փաթեթների համար։ Այսինքն, պետք է կառավարություն ներկայացվեն ամբողջական ծրագրեր, որոնք ենթադրում են արտադրությունների կազմակերպում ՀՀ-ում։ Ապագայում եթե այս ծրագիրը հաջողությամբ պսակվի, մենք 2010-2012թթ. միջինժամկետ ծրագրում կարող ենք գնալ ավելի ռադիկալ որոշումների, այն է` ընդհանրապես սարքավորումները, որ ներմուծվում են ՀՀ, սահմանի վրա ավելացված արժեքի հարկով չհարկել, բոլորի համար այս ռեժիմը կիրառել, բայց այսօր մենք դրան պատրաստ չենք, որովհետև գինը չափազանց մեծ է։ Այս որոշումն ինքնին ենթադրում է արմատական փոփոխություն։ Մեր գնահատականներով համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի պայմաններում սա իրապես լուրջ խթան է լինելու, որպեսզի նաև մեր հայրենակիցներն աշխարհի տարբեր երկրներում իրենց արտադրությունները տեղափոխեն Հայաստանի Հանրապետություն», - ասել է Տիգրան Սարգսյանը։
Այլ որոշումներով կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերին ևս, որոնցով առաջարկվում է ձեռագործ գորգերի արտադրությունն ազատել շահութահարկից և ավելացված արժեքի հարկից։Նշվել է, որ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվողների համար հարկման բարենպաստ պայմանների ստեղծմամբ, ինչը կնպաստի ազգային և մշակութային մեծ արժեք ունեցող արհեստագործական այդ ճյուղի զարգացմանը, միջազգային տարածմանն ու դրանով զբաղվողների քանակի ավելացմանը։
Որոշման ընդունման կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այսուհետև ձեռագործ գորգերի արտադրությունը ՀՀ-ում դիտարկվելու է որպես ժողովրդական արհեստ։ Այդ պատճառով մենք այսուհետ ձեռագործ գորգերի արտադրությունը ազատում ենք շահութահարկից և ավելացված արժեքի հարկից։ Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե ձեռագործ գորգերի արտադրությունը տեղափոխում ենք արդյունաբերական դաշտ, ապա դրանք կորցնում են իրենց մրցունակությունը և, ընդհանրապես, այդ բոլոր արտադրությունները փակվում են ՀՀ-ում, ինչը, բնականաբար, մեզ համար անընդունելի է։ Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, այս բնագավառում ստեղծված իրավիճակը, համարում ենք, որ սա միակ ճանապարհն է, որպեսզի կարողանանք պահպանել այն ավանդույթները, որ կան ձեռագործ գորգերի ոլորտում, այդ ժառանգությունը փոխանցենք մեր ապագա սերունդներին։ Այդ պարագայում է, որ մենք տեղափոխում ենք այս խնդիրը մշակութային դաշտ։ Այսուհետ նաև մեր մշակույթի նախարարությունը պետք է հետևի, որ այս ժողովրդական արհեստը պահպանվի ՀՀ-ում։ Մենք կարծում ենք, որ այս երկու օրենքների ընդունումը` շահութահարկի մասին և ավելացված արժեքի հարկի մասին օրենքներում փոփոխություն կատարելը, ազատում է հարկերից, որի շնորհիվ մենք կարող ենք պահպանել ձեռագործ գորգերի արհեստը ՀՀ-ում»։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որի վերաբերյալ վարչապետը նշել է, որ այն հակաճգնաժամային միջոցառումների ծրագրի օրենսդրական նախաձեռնություններից է։ «Այս որոշումը արդյունք է մասնագիտական լուրջ քննարկումների և բանավեճի, որը տեղի է ունեցել ե՛ւ օպերատիվ շտաբում, ե՛ւ Տնտեսական բարձրագույն խորհրդում։ Արդյունքում մենք եկել ենք այն եզրահանգման, որ այն ապրանքները, որոնք ներմուծում ենք Հայաստանի Հանրապետություն և որոնց նկատմամբ կա մրցակցային դաշտ` մեր սեփական կարողությունների ներքո, այդ ապրանքների վրա են միայն բարձրացվում մաքսային տուրքերը։ Ապրանքների ընտրությունը կատարվել է հետևյալ տրամաբանությամբ` պաշտպանել մեր արտադրողին, որպեսզի կարողանանք համաշխարհային տնտեսական ճգնաժամն ավելի մեղմ հաղթահարել», -ասել է Տիգրան Սարգսյանը։ Նա համոզվածություն է հայտնել, որ առաջարկվող փոփոխությունը էական խթան կլինի, որպեսզի ՀՀ-ում արտադրվող ապրանքների շուկաներն ընդլայնվեն, որովհետև, ըստ նրա, մեր արտադրողները ստանալու են հարաբերական առավելություն մաքսային տուրքերի բարձրացման հետևանքով։ Մեկ օր ժամկետ է տրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարին` հստակեցնելու վերջնական քննարկման անհրաժեշտություն ներկայացնող ապրանքախմբերի ցանկը, օրինագիծը հնարավորինս շուտ Ազգային Ժողով ներկայացնելու, ինչպես նաև մաքսային օրենսգրքի փոփոխություններն արագացված ընթացակարգերով ընդունելու համար։
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է առևտրի իրականացման վայրերի տեղեկատվական տվյալների շտեմարանին ՀՀ հարկային մարմնի հասանելիության կարգը։ Փաստաթղթի համաձայն, առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել հարկային մարմնի հասանելիությունը տեղեկատվական տվյալների շտեմարանին` նշված վայրերում տեղադրված ցանցային հսկիչ-դրամարկղային մեքենաներից GPRS հանգույցի կամ այլ սարքի միջոցով ֆիսկալային տվյալները Գլխավոր սերվեր ուղարկելու ճանապարհով։ Կարգում ամրագրվել է, որ այն առևտրի իրականացման վայրերում, որտեղ ՀԴՄ-ները միանում են լոկալ համակարգչային ցանցով (մալուխային կապի միջոցով) և միացված են առևտրի իրականացման վայրում տեղադրված համակարգչին, յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում ֆիսկալային տվյալներն ուղարկվում են այդ համակարգիչ, որը, իր հերթին, ինտերնետ կապի միջոցով, դրանք ուղարկում է Գլխավոր սերվեր։ Տվյալների տեղափոխումը պետք է իրականացվի ավտոմատացված եղանակով (համապատասխան ծրագրի միջոցով)։ Ըստ Կարգի, Գլխավոր սերվեր մուտք եղած տեղեկատվությունը ծրագրային փաթեթի միջոցով ենթարկվում է մշակման, որի արդյունքում ստեղծվում են հաշվետվություններ` նախօրոք հաստատված ձևերին համապատասխան։ Հաշվետվությունների ձևերը, ինչպես նաև տվյալների շտեմարանից օգտվելու կարգը սահմանվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2009թ. մարտի 1-ից։
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև առևտրի իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանի ներդրման և շահագործման կարգը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 1998թ. հուլիսի 2-ի «Ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 416 որոշման մեջ` հիշյալ կարգը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա նոր մասնավորեցումներն իրականացնել ֆոնդային բորսայի միջոցով, ինչն էլ, իր հերթին, կնպաստի մասնավորեցման գործընթացի թափանցիկության ավելացմանը։
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունել նաև «Պետական գույքի մասնավորեցումը ֆոնդային բորսաների և այլ կարգավորվող շուկաների միջոցով իրականացնելու մասին»։ Որոշվել է այդ նպատակով ֆոնդային բորսայի և այլ կարգավորվող շուկայի, ինչպես նաև արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող ներդրումային ծառայություններ մատուցող անձի ընտրությունն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին` որոշմամբ սահմանված կարգով ընտրված բորսային տրամադրել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկը, դրանց ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքները։ Որոշվել է նաև` սահմանված կարգով ընտրված բորսային առաջարկել` ապահովել վերոհիշյալ ընկերությունների մասին համապատասխան տեղեկատվության հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև դրա հրապարակումից հետո եռամսյա ժամկետում, հրապարակման արդյունքում ստացված առաջարկությունների հիման վրա, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել առաջարկություն` բորսայի միջոցով մասնավորեցման ենթակա ընկերությունների վերաբերյալ։ Հանձնարարվել է Պետական գույքի կառավարման վարչության պետին` նշված ընկերությունների` բորսայի միջոցով մասնավորեցման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն։ Սահմանվել է, որ այն ընկերությունները, որոնք որոշման մեջ նշված եռամսյա ժամկետում բորսայի միջոցով մասնավորեցման առաջարկ չեն ստացել, ենթակա են մասնավորեցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ ձևերով։
Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N40-Ն որոշման մեջ, գործադիրն ուժը կորցրած է ճանաչել որոշմամբ հաստատված ծրագրի 194-րդ կետը` «ՀՀ-ում դեղերի արտադրության համար պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ։ Հիշյալ նախագծի փոխարեն, առաջարկվել է փոփոխություն կատարել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում` ամրագրելով, որ ՀՀ-ում ՊԱԳ պահանջների համար հիմք է ընդունվում Եվրամիության համապատասխան հրահանգը` ՊԱԳ ուղեցույցերով։ Առաջարկվել է նաև օրենքի նույն դրույթը ներառել «Դեղերի և կենսակտիվ հավելումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում, որը ներկայումս գտնվում է ՀՀ կառավարությունում քննարկման փուլում։
Գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N778 և 2007թ. դեկտեմբերի 13-ի N1554-Ն որոշումներում` սպայական, ենթասպայական և շարքային (պայմանագրային) կազմերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների 2009թ. հունվարի 1-ից նախատեսվող կենսաթոշակների միջին ամսական չափերի շուրջ 10.3 տոկոսով բարձրացումն ապահովելու նպատակով։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին` բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային և ապահովագրական ընկերությունների ֆիրմային անվանումների հայտերի ձևակերպման, դրանց ներկայացման, քննարկման և գրանցման հետ կապված հարցերի կարգավորման նպատակով։ Այդ օրինագծի ընդունման կապակցությամբ, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ, «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերին ևս, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 13-ի «ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 30-ի N864 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N1533-Ն որոշման մեջ։ Նշվել է, որ նկատի ունենալով ՀՀ սահմանադրության պահանջները (հավասար մրցակցային պայմանների ստեղծում)` ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 13-ի N1533-Ն որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 30-ի` խմելու ջրի համար ջրօգտագործման վճարի դրույքաչափեր հաստատող N864 որոշման մեջ, որի հետագա կիրառման ընթացքում որոշակի տարընթերցումներ են առաջացել, մասնավորապես, մինչև նշված որոշման ընդունման պահն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ։ Ելնելով հավասար մրցակցային և վճարների գանձման միասնական մեխանիզմների ներդրման գաղափարախոսությունից, սահմանվել է, որ «սույն որոշմամբ փոփոխված դրույթների գործողությունը տարածվում է մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ծագած և դրանից հետո ծագող հարաբերությունների վրա»։
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է թույլատրել ՀՀ կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N997-Ա որոշմամբ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից ՀՀ Արարատի մարզպետարանին հատկացված միջոցներով կառուցված, 24 մլն 936, 35 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, պետությանը սեփականության իրավունքով պատկանող ոռոգման համակարգն ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Հանձնարարվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում նշված ոռոգման համակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել «Մխչյան» ջրօգտագործողների ընկերությանը, ինչպես նաև ապահովել այդ ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանման նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը։
Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող և չլուծարված իրավաբանական անձանց հետագա կարգավիճակի մասին»։ Որոշվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել որոշման հավելվածում նշված պետական ձեռնարկությունները։ Նշվել է, որ որոշման նպատակն է` ՀՀ պետական ռեգիստրի գրանցամատյանից հանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող ձեռնարկությունները և հնարավորինս հայտնաբերել պետական գույք, որը կարելի է իրագործել միայն լուծարման գործընթացով, ինչպես նաև լուծում տալ լուծարման գործընթացի ժամանակ առաջացող խնդիրներին։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ֆինանսների նախարարին, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին։ Լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի N1190-Ն որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման։ Որոշմամբ նաև պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.1 հեկտարը և անտառային հողերից 0.1 հեկտարը փոխադրվել են էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի, Շիրակի մարզի Շիրակավանի, Արարատի մարզի Նորամարգի, Արմաշի, Արմավիրի մարզի Շենիկի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություն կատարելու և որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ։

 

 

 

 

 

 

 

 


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ