հինգշաբթի, 19 փետրվարի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գրասենյակի ղեկավար Ռաուլ Լուցենբերգերը, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոտհեն, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի խորհրդականները։
Հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքներին, դրա ազդեցությանը ՀՀ-ի տնտեսության ու կառավարության առաջիկա ծրագրերի, ինչպես նաև երկրի ներքաղաքական իրավիճակի վրա` նկատի առնելով, որ ճգնաժամի արդյունքում, սովորաբար, սոցիալական լարվածությունը զգալիորեն մեծանում է։ Զրուցակիցները խոսել են նաև Թուրքիայի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացի, տարածաշրջանի մյուս հարևանների հետ հարաբերությունների մասին։ Պարոն Սեմնեբիի խնդրանքով, ՀՀ վարչապետը ներկայացրել է նաև ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ ՀՀ կառավարության համագործակցության պատրաստակամությանն ու կարևորագույն մի շարք ծրագրերի իրականացման ուղղությամբ համատեղ աշխատանքի հրավերին այդ ուժերի արձագանքը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդպիսի հրավեր տարբեր առիթներով, այդ թվում` ՀՀ ԱԺ ամբիոնից հրապարակավ հնչեցվել է։
Վարչապետը զրուցակիցներին ներկայացրել է ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարության հակաճգնաժամային ռազմավարությունը, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում` ՀԲ-ի և ԱՄՀ-ի հետ բանակցությունների արդյունքները, ընդգծելով, որ այդ բանակցություններն ավարտվել են լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում. «Պատրաստվում ենք նոր փորձությունների ալիքի դիմակայել և, իհարկե, ԵՄ գործընկերների աջակցության կարիքը 2009-2010 թվականների դժվարին ժամանակահատվածում զգալու ենք։ Մեր ծրագրերը պետք է որոշակիորեն վերանայվեն` նախապատվությունը տալով սոցիալական և ներդրումային ծրագրերին»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը Եվրոպական կառույցների հետ կօգնի հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է նաև Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը համակարգող հանձնաժողով և Ազգային խորհուրդ, որն իր գործունեության հիմքում դրել է 2009-2011թթ. գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների իրականացման ծրագիրը։
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ՀՀ-ն, ինչպես Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ընդգրկված մյուս երկրները, շարունակում է մնալ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում` ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Խավիեր Սոլանան ուշադրությամբ հետևում է ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, իսկ վերջերս ԵՄ արտաքին հարաբերությունների և հարևանության քաղաքականության գծով հանձնակատար տիկին Ֆերերո Վալդների այցը ևս մի վկայություն է ՀՀ-ի հետ ԵՄ հարաբերությունները որակական նոր մակարդակի վրա բարձրացնելու ցանկության մասին։ ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ԵՄ պաշտոնյան ասել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է, որպեսզի Հայաստանում լինի կայուն միջավայր ու հաղթահարվեն 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետևանքները, դրան ուղղված քայլերը լինեն բաց և թափանցիկ։ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ, Պիտեր Սեմնեբին ասել է, թե ԵՄ-ի համար ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Հայաստանը կարևոր գործընկերներ են, ու ԵՄ-ն այսօր և հետագայում էլ օժանդակելու է այդ հարաբերությունների կարգավորմանը։