երեքշաբթի, 24 փետրվարի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել ավելի քան երկու տասնյակ մշակութային գործիչների հետ, ովքեր ներկայացնում են տարբեր բնագավառներ` երաժշտարվեստ, պարարվեստ, թատերարվեստ, գրականություն, նկարչություն և այլն։
Հանդիպման նպատակն էր` մշակույթի գործիչների հետ մտքեր փոխանակել նրանց մտահոգող խնդիրների շուրջ, լսել դրանց լուծման ուղղությամբ հրավիրված գործիչների առաջարկությունները, քննարկել ոլորտի արդիական հարցերը և փոխադարձաբար նրանց ներկայացնել ՀՀ կառավարության քաղաքականությունը, մոտեցումներն ու առկա խնդիրները համատեղ լուծելու հնարավորությունները։
Վարչապետը նշել է, որ պատրաստ է պարբերաբար նմանատիպ հանդիպումներ ունենալ մշակույթի գործիչների հետ, պատրաստ է երկխոսության, և հանդիպման ընթացքում հնչած առաջարկություններն ու բարձրացված խնդիրները առանձին քննարկման առարկա կդարձնի Մշակույթի նախարարության հետ` ճշտելու, թե պետությունը դրանց ո՞ր մասն է ի վիճակի այսօր լուծելու, ի՞նչ առաջնահերթությամբ` նկատի առնելով նաև համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծված դժվարությունները։
Տիգրան Սարգսյանը խոստացել է մշակույթի ոլորտին վերբերող որևէ որոշում կառավարությունում չընդունել` առանց ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկելու, առանց որոշումների կայացման գործընթացում հասարակական կազմակերպություններին ևս ներգրավելու և հասարակական վերահսկողություն ապահովելու. «Առաջարկում եմ համագործակցություն և համատեղ աշխատանք` լուծելու այն խնդիրները, որոնք այսօր մտահոգում են ինչպես ձեզ, այնպես էլ կառավարությանը»,- ասել է վարչապետը մշակույթի գործիչների հետ հանդիպման ավարտին։