ուրբաթ, 6 մարտի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալֆրեդո Մանտիկային և նրա գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը նշել է, որ Իտալիայի հետ մեր երկրի հարաբերությունները ներկայումս նոր փուլ են մտել, և Հայաստանը շահագրգռված է հայ-իտալական հատկապես տնտեսական համագործակցության խթանմամբ։
Տիգրան Սարգսյանը և Ալֆրեդո Մանտիկան ընդգծել են, որ չնայած իտալական մի շարք ընկերությունների Հայաստանում ծավալած գործունեությանը, տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս հեռու է բավարար լինելուց և չի համապատասխանում երկու երկրների ունեցած ներուժին։
Իտալիայի արտգործնախարարի տեղակալը ՀՀ վարչապետին ծանոթացրել է այցի ընթացքում իր գլխավորած պատվիրակության ունեցած հանդիպումների, հատկապես ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ երկկողմ տնտեսական զարգացման հնարավորությունների մասին քննարկումների արդյունքներին։ Ըստ նրա, երկուստեք մշակվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման ծրագրերի նախագիծ, որոնցից մեկը Հայաստանի և Իտալիայի Վենետո նահանգի միջև ուղղակի կապերի և համագործակցության հաստատումն է։
Զրուցակիցները միմյանց տեղեկացրել են նաև համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Հայաստանում և Իտալիայում ձեռնարկվող քայլերին։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում հայ-իտալական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։