ուրբաթ, 6 մարտի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։
Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում առաջիկա չորս տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերի փաթեթը։
Գոհունակություն հայտնելով Համաշխարհային բանկի հետ մեր երկրի համագործակցության մակարդակից, վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է շարունակելու փոխգործակցությունը նախատեսված բոլոր, այդ թվում՝ կառավարման համակարգի, գյուղատնտեսության, ոռոգման համակարգի բարեփոխումների և այլ ծրագրերի ուղղությամբ, չնայած որ, ըստ նրա, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարությունը ստիպված է լինելու հրաժարվել որոշ ռիսկային նախագծերից։ Տիգրան Սարգսյանը հիշյալ փաթեթում կարևորել է հատկապես սոցիալական ծրագրերի ու նախագծերի իրականացումը։
Ասադ Ալամը, իր հերթին, կարևոր է համարել ՀԲ-ի կողմից տրամադրվող 525մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսումն ու նախատեսված ծրագրերի որակյալ իրականացումը, յուրաքանչյուր ոլորտում հստակ ռազմավարության ապահովումը՝ դրա հիման վրա ներդրումների ներգրավման նպատակով։ Նա նշել է, որ երկու տարի հետո ծրագրերի փաթեթի իրականացման առաջընթացի վերաբերյալ հաշվետվության արդյունքներով հնարավոր կլինի անդրադառնալ նաև ՀԲ-ի կողմից լրացուցիչ ֆինանսավորման խնդրին։
Հանդիպման ժամանակ ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը տեղեկացրել է, որ օրերս Հայաստանի «Աղքատության հաղթահարման աջակցության վարկավորում» ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավում» 2009թ. մրցույթում, և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է հանձնել հիշյալ ծրագրի իրականացման գործում նշանակալից արդյունքներ արձանագրելու համար սահմանված մրցանակը։