չորեքշաբթի, 11 մարտի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Մայքլ Դեյվիին, բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Վալերի Ռազլոգին և գրասենյակի նախկին ղեկավար Մայքլ Վայնստին։
Քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ մեր երկրի համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Ընդգծելով մինչ այժմ փոխգործակցության բարձր մակարդակն ու արդյունավետությունը, կողմերը կարևորել են համագործակցության շարունակումն ու զարգացումը՝ հատկապես ներկայիս համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Համագործակցության առաջնայնությունների թվում Տիգրան Սարգսյանը նշել է, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, մասնավոր հատվածին, ենթակառուցվածքների զարգացմանն աջակցության ընդլայնումը, ինչը, ըստ նրա, շատ կարևոր է Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն ու հետևանքները հաղթահարելու համար։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վալերի Ռազլոգին՝ ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեության շրջանում ևս Եվրոպական բանկի հետ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։
Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի նախկին ղեկավար Մայքլ Վայնստին՝ անցած տարիներին արդյունավետ փոխգործակցության համար և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ։