հինգշաբթի, 27 փետրվարի 2003
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։
Վայոց Ձորի մարզի մի շարք գյուղերի դպրոցական շենքերի հիմնանորոգման նպատակով, գործադիրը որոշեց մարզպետարանին լրացուցիչ հատկացնել 50 մլն դրամ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Նշվեց, որ այդ դպրոցներում վերջին 20 տարում ոչ մի վերանորոգման աշխատանք չի կատարվել, վնասված են ծածկերը, և այժմ վտանգ է սպառնում շենքերի կոնստրուկցիաներին։ Կառավարության պահուստային ֆոնդից 2 մլն դրամ էլ հատկացվեց Ապարանի երկու շենքերի տեղայնացված ջեռուցման խնդրի լուծման համար։
Նիստում հաստատվեց Միջազգային զարգացման ընկերության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում ՀՀ տնտեսական դատարանի, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի շենքի վերակառուցման աշխատանքների կատարման համար 2003 թ. հունվարի 21-ի մրցույթի արդյունքները, որը հաստատել էր ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհուրդը։ Մրցույթի հաղթող ճանաչվեցին համատեղ գործունեության պայմանագրերով հանդես եկող «Հիդրոէներգաշին» ՓԲԸ-ի «ՀԱԷԿ-ի շինարարություն», «Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն» դուստր ՓԲԸ-ները և «Հատուկ էներգամոնտաժ» ՍՊԸ-ն։
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան և 2003 թ. Արամ Խաչատրյանի 100-ամյա հոբելյան նշելու համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով, կառավարությունը թույլատրեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության «Ա.Խաչատրյան տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանդիսանալու «Արամ Խաչատրյան-100» հիմնադրամի հիմնադիր։
«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության պաշտոնների անվանացանկը։
Կառավարությունը համաձայնություն տվեց «ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներին մյուս Կողմի հանրակրթական հաստատություններում տվյալ երկրի քաղաքացիներին հավասարազոր պայմաններով սովորելու թույլտվության իրավունքի ապահովման, ինչպես նաև կրթական հաստատությունների սովորողների և մանկավարժ աշխատողների սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Գործադրի որոշմամբ, «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ձեռնարկությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվեց պետական ոչ առևտրային կազմակերպության։
Որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
2003 թ. մարտի 5-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրության երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով, կառավարությունն իր պահուստային ֆոնդից ԿԸՀ-ի միասնական հիմնադրամին հատկացրեց 154 մլն 961 հազար 740 դրամ։