ուրբաթ, 20 մարտի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի արժեթղթերի տեղաբաշխման շնորհանդեսին։ Միջոցառմանը ներկա էր նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։
Ընկերության կողմից թողարկվող արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմենբրոկ» ԲԲԸ-ն։ «Արցախ ՀէԿ» ընկերությունը նպատակ ունի բաժնետոմսերի տեղաբաշխումից հավաքագրված միջոցներն ուղղել ԼՂՀ-ում մի քանի նոր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը։
Իր ելույթում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախաձեռնությունը խորհրդանշական է համարել` ոչ միայն այն պատճառով, որ համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում կազմակերպվում են նման միջոցառումներ, այլև, որ այն կարող է նոր սկիզբ հանդիսանալ ֆինանսական շուկայի ակտիվացման և դրա արդյունքում` տնտեսության խթանման համար։ Վարչապետը խոսել է նաև ներդրողների համար ներկայացվող նախագծի գրավչության, ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու կարևորության մասին, ինչը կնպաստի ԼՂՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճի հնարավորությունների մեծացմանը։