երկուշաբթի, 23 մարտի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիբի-Ջիլանիին։
Վարչապետը բարձր է գնահատել ավելի քան տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող գործունեությունը, որն ուղղված է երկրում երեխայի իրավունքների պաշտպանությանը, առողջության և կյանքի պայմանների բարելավմանը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մանկական հիմնադրամի հետ համագործակցությունը ներկայիս համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում որոշակի յուրահատկություն ունի, ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ ՀՀ 2009թ. պետական բյուջեի սոցիալական ծրագրերը պետք է առավելագույնս պաշտպանված լինեն, իսկ դա վերաբերում է նաև երեխաներին, նրանց առողջության, կրթության, անվտանգության հարցերի լուծմանը։
Տիկին Լեյլի Մոշիբի-Ջիլանին տեղեկացրել է, որ վերջերս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ, մշակել է իր նոր` 6-ամյա ծրագիրը, որը կսկսի իրականացվել 2010 թվականից։ Այդ ծրագրի կարևոր ոլորտների թվում նա նշել է մոր և մանկան առողջության, սննդի անվտանգության, երեխաների կրթության և նախակրթության, շահագործումից երեխաների պաշտպանության և այլ հարցերը, որոնց իրականացման գործում ակնկալել է ՀՀ կառավարության աջակցությունը։ Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչն ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է Երևանում անցկացնել կոնֆերանս` ՄԱԿ-ի, ՀԲ-ի, ԱՄՀ-ի և այլ կառույցների կողմից Հայաստանին ցույց տրվելիք աջակցության հնարավարությունների բացահայտման համար։ ՀՀ վարչապետը խոստացել է այդ կոնֆերանսում ունենալիք բացման խոսքում ներկայացնել իր մոտեցումները քննարկվող հարցերի վերաբերյալ։
Հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավարության ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխաների իրավիճակի վրա, նշելով, որ այդ հարցը 2005թ. արդեն իսկ բարձրացվել է հիմնադրամի առջև։ Նա ընդգծել է, որ արդարացի չէ , երբ աշխարհի որևէ անկյունում աճող սերունդը զրկված է ուշադրությունից, մանավանդ որ, ըստ նրա, երեխաները սահման չեն ճանաչում։