երեքշաբթի, 24 մարտի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` հոլանդական խմբում նաև Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Ռուդոլֆ Յան Թրեֆերսին։
Քննարկվել են ներկայիս համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում Համաշխարհային բանկի հետ Հայաստանի հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
Շնորհակալություն հայտնելով պարոն Թրեֆերսին` ՀԲ-ում մեր երկիրը ներկայացնելիս կատարած արդյունավետ աշխատանքի համար, վարչապետը հույս է հայտնել, որ այսուհետ ևս Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք հիմնականում ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, կօգնեն հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ճգնաժամը մի կողմից նաև նոր հնարավորություններ է ստեղծում, որից պետք է օգտվել` ավելի եռանդուն իրականացնելու բարեփոխումները, հավաքագրելու ներքին կարողությունները, բացահայտելու մրցունակ ոլորտները։ Ըստ նրա, Հայաստանում տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քիմիական, հանքահումքային և այլ ոլորտներում աճի որոշակի ներուժ կա, որը նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ հնարավոր է արդյունավետորեն զարգացնել։