ուրբաթ, 27 մարտի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերին, ՀՀ-ում նաև ԵՄ նախագահող երկիրը (Չեխիա) ներկայացնող Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաշ Կնոտհեին և ԵՄ խորհրդատվական խմբի անդամներին։
Ողջունելով հյուրերին, վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրամիության ղեկավարությանը` Հայաստանի դիմումին արագորեն արձագանքելու և մեր երկրին աջակցելու նպատակով ԵՄ խորհրդատուների խումբ գործուղելու համար։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ եվրոպական հարուստ փորձը, անկասկած, օգտակար կլինի նաև Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի, տարբեր ոլորտներում հիմնարար բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։
Ընդգծելով խորհրդատվական այս ծրագրի կարևորությունը, Ռաուլ Լուցենբերգերը տեղեկացրել է, որ Հայաստանը Եվրոպական հարևանության քաղաքականությանը մասնակցող առաջին երկիրն է, որտեղ իրականացվելու է այդպիսի ծրագիր։ Ըստ նրա, Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի հետ համատեղ իրականացվելիք ծրագիրը շարունակական է լինելու, որոշակի փուլի ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, դիտարկվում է նաև հետագա երկարաձգման հնարավորությունը։ Ներկայացնելով ԵՄ խորհրդատվական խմբի անդամներին, Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշել է, որ նրանք խորհրդատվական աջակցություն են տրամադրելու ՀՀ պետական մի շարք մարմինների, այդ թվում` ՀՀ կառավարության աշխատակազմին, Աժ-ին, տարբեր նախարարությունների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Ռաուլ Լուցենբերգերը և Թոմաշ Կնոտհեն շեշտել են նաև ծրագրի ոչ միայն երկկողմ, այլև միջազգային նշանակությունը։
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը համատեղ արդյունավետ աշխատանք է մաղթել ԵՄ խորհրդատվական խմբին, կարևորելով գործուն աշխատանքային ծրագրի կազմումն ու դրա նպատակային իրականացումը։