շաբաթ, 28 մարտի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր, ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների ուղեկցությամբ, այցելել է «Փոքր Մհեր» կրթահամալիր, մասնակցել կրթօջախի ստեղծման 7-ամյակին նվիրված հանդիսությանը, որն առաջին անգամ նշվում է որպես ծննդյան տոն։
«Փոքր Մհեր» կրթահամալիրը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է 2001թ.մարտին, կրթական գործունեությունն սկսվել է 2002թ. սեպտեմբերի 1-ից` 40 հայկազուններով (սովորողներով)։ Կրթահամալիրի գործունեության հիմնական նպատակներն են` կազմակերպել և իրականացնել երեխաների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան հիմնական ընդհանուր, միջին (լրիվ) և ռազմահայրենասիրական կրթական ծրագրեր։ Կրթահամալիրի սաներից շատերը զինծառայողների, զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են։
Շնորհավորելով կրթահամալիրի 7-ամյակի առթիվ, վարչապետը նշել է, որ այն յուրօրինակ կրթօջախ է, որտեղ դաստիարակվում է ճշմարիտ հայրենասերների սերունդ, որն իր արժանի տեղը կգտնի մեր երկրի կյանքի ամենատարբեր ոլորտներում։
Հանդիսության պաշտոնական արարողությունից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել նաև մշակութային ծրագրին, որտեղ հանրապետության ճանաչված արտիստների հետ միասին, իրենց կատարողական ունակություններն են ցուցադրել կրթահամալիրի հայկազունները և Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտական երգչախումբն ու նվագախումբը։