չորեքշաբթի, 1 ապրիլի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր, ՀՀ պաշտպանության, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների նախարարների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի ուղեկցությամբ, այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին առընթեր «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն», մասնակցել տիեզերական ընդունիչ կայանի գործարկմանը։ Վարչապետը նաև շրջել է կենտրոնի աշխատասենյակներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։
Ընդունիչ կայանի ստեղծման նպատակը Հայաստանի տարածքի վերաբերյալ ճշգրիտ տվյալների ստացումն է` տիեզերական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Կայանը հնարավորություն է ընձեռնում օգտվել երկրամերձ ուղեծրով (մինչև 1000 կմ) արհեստական արբանյակների հնարավորություններից և կատարել Երկրի հեռահար զոնդավորում, որի տվյալները կօգտագործվեն հանրապետության գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաև անվտանգության ու տնտեսության հետ կապված խնդիրները լուծելիս։