հինգշաբթի, 2 ապրիլի 2009
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստում որոշում է ընդունվել ՀՀ 2009-2010 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին։ Սահմանվել է, որ 2009-2010 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` համաձայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի` իրենց տրամադրված տեղերի շրջանակում։
Այս հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ կառավարության նախորդ` Աղվերանում տեղի ունեցած արտագնա նիստում խնդրի քննարկումից հետո, հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը` ուսումնասիրել դոկտորանտուրայի տեղերի խնդիրը, և այն մտահոգությունները, որ եղել են հարցի առնչությամբ, այդ ուսումնասիրության արդյունքում ամբողջությամբ ապացուցվել են. «Այն փաստարկները, որ բերվում էին Աղվերանում, թե այդ տեղերը նպաստում են, որ մարդիկ` գիտության նվիրյալները, հնարավորություն ունենան դոկտորականներ պաշտպանելու, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին` 3 օրվա ընթացքում ծանոթանալ դոկտորանտուրայի մասով հիշյալ ուսումնասիրության արդյունքներին` ընդգծելով հարցին որոշակի և իրատեսական մոտեցում ցուցաբերելու, նշված ոլորտներում որակական բարեփոխում իրականացնելու կարևորությունը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը, այն հիմնավորմամբ, որ դրանով նախատեսված դրույթն արդեն իսկ կարգավորվում է ՀՀ նախագահի 2009թ. հունվարի 14-ի «ՀՀ հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ նախագահի անվանական թոշակ հատկացնելու մասին» կարգադրությամբ։
Հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ ներկայումս հիշյալ մարզիկներին ու մարզիչներին հատկացվող թոշակների մակարդակն այնպիսին է, որ նրանք դառնում են վճարունակ և կարող են երաշխավորված կերպով օգտվել հիփոթեքային վարկերից։ Այդ առնչությամբ Տիգրան Սարգսյանը կարևորել է համապատասխան հայեցակարգի ներդրման արագացումը։ «Մենք արդեն ունենք բավականին մեծ թվով ե՛ւ սպորտսմեններ, ե՛ւ երիտասարդ ընտանիքներ, որոնք կարող են հիփոթեքային վարկերից օգտվել, և այն հայեցակարգը, որ մենք կենտրոնական բանկի հետ համատեղ մշակում ենք, պետք է հնարավորին չափ արագ ներդնել։ Դա նաև հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է, որ մենք պետք է իրականացնենք»,- նշել է վարչապետը։
Կառավարությունը հաստատել է 2009թ. ՀՀ զբոսաշրջության զարգացման ծրագիրը։ Որոշումն ընդունվել է` «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին, ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 16-ի «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող 2008-2012թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1322-Ն որոշմանը համապատասխան։ Ծրագրի ընդունումը պայմանավորված է զբոսաշրջային բնագավառի մարկետինգային քաղաքականությանը, Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորմանը, միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանն ու Հայաստանի միջազգային ինտեգրմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։ Հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` ծրագրի իրականացումն ապահովել «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի միջոցով` վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր։
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պահպանության իրականացման հայեցակարգին։ Նշվել է, որ փաստաթուղթը ներկայացնում է մտավոր սեփականության պահպանության համակարգի ներկայիս առանձնահատկությունները, վերլուծության միջոցով բնութագրում է տնտեսության մեջ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման ներկա վիճակը, բացահայտում առկա խնդիրները և առաջարկում դրանց լուծման արդյունավետ ուղիներ։ Հայեցակարգը մշակվել է` հիմնվելով միջազգային առաջավոր փորձի վրա, հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման ներկայիս միտումները և գիտելիքի վրա հիմնված գլոբալ տնտեսության մրցունակության ապահովման անհրաժեշտությունը։
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը։ Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով նաև էլեկտրական ցանցերի նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկերի աստիճանը։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո։ 3 օր ժամկետ է տրվել` Երևանի քաղաքապետարանի հետ մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու նախագիծը։
«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու գինենյութերի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը, ինչպես նաև հիշյալ գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները։ Մեկ այլ որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի N954-Ն որոշմամբ հաստատված Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները։ Հիշյալ որոշումներն ընդունվել են` դրանցում նշված կարգավորման ոլորտների մասով գինեգործական արտադրանքի տեխնոլոգիական միասնական չափանիշների սահմանման նպատակով, որը կնպաստի թողարկվող արտադրանքի որակի բարելավմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։
Հաշվի առնելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009թ. փետրվարի 13-ի նիստի արձանագրային որոշումը, կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից տնտեսվարող կազմակերպության վարկային միջոցների տրամադրմամբ օժանդակելու նպատակով, ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հիմնադրամին տրամադրել 559 մլն դրամի չափով բյուջետային վարկ, առանց գրավի, 0,001% տոկոսադրույքով, վարկային պայմանագրում նախատեսելով, որ նշված վարկի մարումը հիմնադրամի կողմից իրականացվելու է հիմնադրամի հաշվին այդ վարկի մարման համար նպատակային մուտքերի ստացման դեպքում։ Որոշման համաձայն, տնտեսվարող կազմակերպությունը վարկային միջոցները կտրամադրի տարեկան 12% տոկոսադրույքով (հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ) տնտեսվարող կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքային գրավով, իսկ չբավարարող մասով նաև սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքային գրավով, 5 տարի ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով (հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ), 2 տարի արտոնյալ ժամանակահատվածով (վճարվում են միայն տոկոսագումարները, իսկ վարկի մայր գումարի սպասարկումը տնտեսվարող կազմակերպության կողմից սկսում է իրականացվել երրորդ տարվանից)։ Հիմնադրամի ստացված տոկոսային եկամուտներից կսպասարկվեն վարկի տոկոսները, իսկ մայր գումարի սպասարկումը կսկսվի արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո` տնտեսվարողի կողմից մայր գումարը հետ վճարելու համամասնությամբ։ Հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` հսկողություն ապահովել հինադրամի կողմից բյուջետային վարկի մարման համար որոշման մեջ նշված պայմանների առաջացման դեպքում հիմնադրամի միջոցներից որոշման համաձայն հիմնադրամին տրամադրված բյուջետային վարկի մարման գծով միանվագ կամ մաս-մաս վճարումների կատարման նկատմամբ։
ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան և հիմք ընդունելով ՀՀ Շիրակի մարզպետի միջնորդությունը, կառավարությունը որոշել է թույլատրել Գյումրու քաղաքապետին` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին գնման նախապատվության իրավունքով վարձակալությամբ տրամադրել Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում համապատասխանաբար 23.15 և 1.47 հա մակերեսներով չկառուցապատված և կարգավիճակը չճշտված շինություններով հողամասերը։ Սահմանվել է, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից նշված հողամասերի գնման նախապատվության իրավունքից օգտվելու դեպքում վճարված կադաստրային արժեքի չափով համայնքի կողմից «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին կանխավճարի տեսքով կատարվում է վճարում` որպես համայնքի կողմից Գյումրի քաղաքում «Անի» և «Մուշ» թաղամասերի կառուցապատման ծրագրին ՀՀ կառավարության օգտին համաֆինանսավորում։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2009թ. իր պահուստային ֆոնդի միջոցների հաշվին 13 790,097 հազար դրամ է հատկացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` վերջինիս «Հրազդան-5» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի` մինչև նրա գոյության դադարման պահը անհրաժեշտ պահպանման ծախսերի ֆինանսավորումը (ներառյալ աշխատավարձի վերջնահաշվարկի և արձակման նպաստի գումարները) ապահովելու նպատակով։
ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2009թ. իր պահուստային ֆոնդից 3 մլն 100 հազար դրամ է հատկացրել ՀՀ Սյունիքի մարզպետարանին` Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով։ Հանձնարարվել է ՀՀ Սյունիքի մարզպետին` 10-օրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել Մեղրու տարածաշրջանի անհատական ոռոգման պոմպերով 2008թ. ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի պարտքի ցուցակների վերաբերյալ ճշտված տեղեկատվություն` ըստ առանձին շահառուների։ Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարին` որոշման մեջ նշված գումարը ՀՀ Սյունիքի մարզպետարանին փոխանցել Սյունիքի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում։
«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը, ինչպես նաև հավելավճարի տրամադրման կարգը։ Սահմանվել է, որ 2009թ. ընթացքում դիվանագիտական աստիճանների հավելավճարները կվճարվեն ՀՀ 2009թ. պետական բյուջեի համապատասխան ծրագրով ՀՀ ԱԳՆ-ին հատկացված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում։ Սահմանվել է նաև, որ հիշյալ հավելավճարները վճարվում են միայն ՀՀ ԱԳՆ աշխատակազմում և աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետներին, իսկ նախարարության օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական աստիճանների համար հավելավճարը վճարվում է ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճար սահմանելու մասին» N124 որոշմամբ սահմանված չափով։ Որոշման համաձայն, այն տարածվում է 2009թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Նիստում գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրենքի նախագիծը մշակվել է` հաշվի առնելով քաղաքացիական ծառայության համակարգում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված որոշ իրավական հարաբերությունների կանոնակարգման, ինչպես նաև գործող իրավահարաբերությունների բարեփոխման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, նախատեսվում է օրենքում արտացոլել նաև 2007թ. նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ օրենքով կարգավորվող քաղաքացիական հատուկ ծառայության սկզբունքները, այդ ծառայության կազմակերպման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերությունները։ Օրենքի նախագծով առաջարկվում է նաև քաղաքացիական ծառայության համակարգ ներգրավվող նոր մարմինների աշխատողների աշխատավարձը կարգավորող դրույթ։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ 2009թ. պետական բյուջեի «Պետական մամուլի հրատարակում», «Գրականության հրատարակում» և «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրերով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին հրատարակումների և իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի 6-6 դ հասցեում գտնվող` ընկերության հաշվեկշռում որպես անավարտ շինարարության օբյեկտ հաշվառվող` 22937, 9 հազար դրամ հաշվեկշռային արժեքով բնակելի շենքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։ Որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռք բերված գույքն ամրացնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Որոշվել է նաև նշված գույքը նվիրաբերել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքին` այնտեղ բնակվող ընտանիքներին որպես բնակելի տարածք անհատույց օտարելու պայմանով։
Նիստում որոշվել է նաև ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի արտադրական գոտում գտնվող 250.15 քմ մակերեսով, 3 մլն 35 հազար դրամ գնահատված արժեքով թթվածնային արտադրամասն օտարել մրցույթով։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2009թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 3 մլն 450 հազար դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին` ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 27-ի N914-Ն որոշմամբ հաստատված Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացի Վարդան Աթոյանի սեփականության իրավունքի դադարեցման համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից վճարված գումարից պահված եկամտահարկի դիմաց հիշյալ քաղաքացուն դրամական օգնություն տրամադրելու նպատակով։
Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N1856-Ն որոշման մեջ, գործադիրը սահմանել է, որ «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հանդիսանում է «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որն ուղղված է պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակներում առաջացող հարաբերությունների կանոնակարգմանը նաև այն դեպքում, երբ ՀՀ կառավարության կողմից դոտացիաների հաշվարկներ կատարելու համար լիազորված պետական մարմինը և պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմինը տարբեր մարմիններ են։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատել է ձերբակալված և կալանավորված անձանց ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցելու և պահպանելու կարգը։ Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի «ՀՀ դատարաններ կալանավորված անձանց փոխադրումներն ապահովելու մասին» N1124-Ն որոշումը։
Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 14-ի «Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ սահմանելու մասին» N549-Ն որոշման մեջ, ըստ որի` հաշվի առնելով ոլորտային առանձնահատկությունները, միջազգային բեռնափոխադրումներ (բեռնառաքումներ) իրականացնող ռեզիդենտների նվազագույն շահութահարկը նախատեսվում է հաշվարկել մատուցված բեռնափոխադրման (բեռնառաքման) ծառայությունների արժեքի և միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու համար օտարերկրյա բեռնափոխադրումների կողմից մատուցված բեռնափոխադրման (բեռնառաքման) ծառայությունների արժեքի տարբերությունից ելնելով։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 3-ի N1930-Ն որոշման մեջ, ըստ որի հնարավորություն կընձեռնվի պարզեցնել մեկ մաքսային մարմնից մյուսը մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների փոխադրման կարգը, հսկողություն սահմանել փոխադրման ամփոփագրի շրջանառության նկատմամբ ավտոմատ համակարգչային համակարգի միջոցով, ինչպես նաև նախատեսել ավտոմատ համակարգչային համակարգի խափանման դեպքերում փոխադրման ամփոփագրի լրացման կարգը։
ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 31-ի N2039-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններով Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմը համապատասխանեցվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքին։
Այլ որոշումներով գործադիրը լրացում է կատարել նաև Երևան քաղաքի, ՀՀ մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին որոշումներում, որը բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի պահանջներից։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետին և ՀՀ ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուսի գյուղական համայնքի ղեկավար Գրիշա Մկրտչյանի լիազորությունները։ Որոշվել է նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Նուռնուսի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից 503 հազար 81 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` նշված գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար։
Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 13-ի N1554-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ժամկետային պայմանագրային զինվորական ծառայության փուլին անցման գործընթացի կազմակերպման հանգամանքով։ Որոշմամբ սահմանվել են նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի նվազագույն և առավելագույն սահմանները։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կապված 1980թ. հոկտեմբերի 31-ից հետո ծնված և մինչև 2009թ. գարնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների զգալի թվի հետ, անհրաժեշտություն է առաջացել օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2009թ. մայիսի 1-ը, քանի որ նշված քաղաքացիները 27 տարին լրանալու պատճառով այլևս ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի։ Անհրաժեշտություն է առաջացել օրենքով հստակ սահմանել այն քաղաքացիների շրջանակը ևս, որոնց նկատմամբ չեն տարածվում օրենքի դրույթները։ Առաջարկվել է օրենքում նախատեսել նաև դրույթ` քաղաքացու գործի քննարկումը լիազորված անձի միջոցով իրականացնելու վերաբերյալ։
«Քաղաքացիական ծառայության մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում ևս, որը բխում է ՀՀ մարզպետարանների կառուցվածքների միօրինականացման անհրաժեշտությունից։