երկուշաբթի, 6 ապրիլի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե և կոմիտեի աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախագահ Երվանդ Զախարյանին։
Վարչապետը նշել է, որ Երվանդ Զախարյանն ունի աշխատանքային հարուստ փորձ ու կենսագրություն, որը կնպաստի նաև նոր պաշտոնում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։ Ըստ Տիգրան Սարգսյանի, չնայած անցած տարիների լուրջ ձեռքբերումներին, անշարժ գույքի կադաստրի համակարգում դեռևս շատ անելիքներ կան, մանավանդ որ հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարևոր կետերից է։
Երվանդ Զախարյանն իր խոսքում ևս ընդգծել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող անշարժ գույքի կադաստրի համակարգի ստեղծման ուղղությամբ իրականացված լուրջ աշխատանքը, համոզմունք հայտնելով, որ կառույցում առկա մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատակիցների հետ համատեղ հնարավոր է հաջողությամբ լուծել համակարգի առջև կանգնած արդիական խնդիրները, ապահովել ծառայությունների բարձր որակ։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Մանուկ Վարդանյանին` ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում անշարժ գույքի կադաստրի համակարգի ձևավորման և կայացման ուղղությամբ կատարած լուրջ աշխատանքի համար։ Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ապահովելով շարունակականությունը, Երվանդ Զախարյանին կհաջողվի նոր թափ հաղորդել կառույցում իրականացվող աշխատանքներին։