երկուշաբթի, 6 ապրիլի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի հրամանագրերով թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար և Թատրոնի միջազգային օրվա առթիվ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրված, ՀՀ պատվավոր կոչումների արժանացած, ինչպես նաև երգիծանքի ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար ու Երգիծանքի և հումորի օրվա առթիվ ՀՀ պատվավոր կոչումների արժանացած արվեստի գործիչներին։
Շնորհավորելով արվեստի աշխարհում իրենց բազմամյա գործունեությամբ ու վաստակով աչքի ընկած արվեստագետներին և հանձնելով պետական պարգևները, վարչապետը նշել է, որ սա ևս մի առիթ է ընդգծելու ինչպես արվեստի կարևորությունը մեր կյանքում, պետության վերաբերմունքը արվեստի նկատմամբ, այնպես էլ մեծարելու այն նվիրյալ գործիչներին, ովքեր մեր հասարակության մեջ ունեն մեծ համբավ և հեղինակություն։
Պարգևատրված և ՀՀ պատվավոր կոչումների արժանացած արվեստագետները երախտագիտություն են հայտնել ժողովրդի և պետության կողմից ջերմ վերաբերմունքի ու բարձր գնահատանքի արժանանալու համար, հավաստիացնելով, որ այսուհետ ևս իրենց տաղանդն ու կարողությունները կնվիրաբերեն հայ արվեստի հետագա զարգացման ազգաշահ գործին։
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել արվեստի գործիչներին, ընդգծելով, որ այդ հաջողությունները սպասված են մեր ժողովրդի կողմից, քանի որ դրանք նախ և առաջ նպատակ ունեն ծառայելու հենց ժողովրդին և հայ մշակույթին։