Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 ապրիլի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը նիստն սկսել է կարևոր հայտարարությամբ.
«Օպերատիվ շտաբը, որը մշակում է հակաճգնաժամային միջոցառումներ, հայտարարում է մրցույթի մասին, որը մենք սկսելու ենք երկուշաբթի օրվանից։
Գաղտնիք չէ, որ մեր տնտեսության զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը շինարարությունն է, և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներն առաջին հերթին իրենց վրա զգացին հենց մեր կառուցապատողները, որովհետև օտարերկրյա ներդրումների ծավալները կտրուկ նվազեցին շինարարության ոլորտում և դա բացասաբար անդրադարձավ համախառն ներքին արդյունքի մեր ցուցանիշների վրա։ Ինչպես նաև գաղտնիք չէ, որ շինարարությունը ամենամեծ մուլտիպլիկատիվ էֆեկտն ունի համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ, քանի որ շինարարությունն իր հետևից շարժում է մեր տնտեսության մի մեծ հատված։ Եվ հասկանալի է, որ շինարարությունում ներդրումային ծավալների կրճատումը էական նշանակություն ունի ընդհանուր տնտեսական համակարգի համար։ Եվ այս նոր նախաձեռնությունը, որով հանդես է գալիս օպերատիվ շտաբը, նպատակ ունի խթանել շինարարությունը ՀՀ-ում։
Մենք որոշում ենք ընդունել տրամադրել պետական երաշխիքներ կառուցապատողներին` առաջին փուլում մինչև 20 մլրդ դրամի չափով։ Պետական երաշխիքներ, որոնք հնարավորություն կտան կառուցապատողներին վարկային միջոցներ ներգրավել առևտրային բանկերից։ Այսօր առևտրային բանկերում լիկվիդայնության մակարդակը չափազանց բարձր է, նրանք ունեն կուտակած ռեսուրսներ և միակ գործոնը, որը զսպում է նրանց ավելացնելու վարկավորման ծավալները, ռիսկայնության գնահատումն է։ Հասկանալի է, որ պետությունը չի կարող այս պահին չմիջամտել և չվերցնել իր վրա որոշակի ռիսկեր, նպատակ ունենալով աշխուժացնել տնտեսությունը։ Բոլոր կառուցապատողները կարող են դիմել օպերատիվ շտաբին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր։ Փաստաթղթերի ցանկը և հայտարարության տեքստը այսօր կտեղադրվի կառավարության կայքէջում, և բոլոր կառուցապատողները հնարավորություն կունենան ծանոթանալու փաստաթղթերի փաթեթին, որ նրանք այդ կերպ նախապատրաստեն ու ներկայացնեն կառավարության օպերատիվ շտաբին։ Նախնական քննարկումներ տեղի են ունեցել կառավարությունում` ե՛ւ կառուցապատողների հետ, ե՛ւ Կենտրոնական բանկը քննարկումներ է իրականացրել առևտրային բանկերի հետ. այն կանոնները և պայմանները, որոնք մենք առաջարկում ենք, երկկողմ ընդունելի են։ Ենթադրվում է, որ առաջին հերթին նախապատվությունը տրվելու է այն անավարտ շինարարական օբյեկտներին, որոնց պատրաստվածության աստիճանը հասնում է մինչև 75 տոկոսի։ Հասկանալի է, որ դրա նպատակն է հնարավորին չափ արագ շրջանառության մեջ դնել և վաճառքի հանել պատրաստի բնակարաններ։ Գրավադրվելու է անշարժ գույքը, որպես պարտավորություններ պետության նկատմամբ, ընդ որում, գրավադրված գույքը չպետք է ծանրաբեռնված լինի այլ պարտավորություններով։
Միևնույն ժամանակ, դուք տեղյակ եք, որ 2009թ. պետական բյուջեում, որը հաստատվեց Ազգային Ժողովի կողմից, նախատեսված էր, որ Կենտրոնական բանկն ստեղծելու է հիփոթեքային հիմնադրամ։ Հիփոթեքային հիմնադրամի ստեղծման նպատակն է խթանել, որպեսզի զարգանա նաև երկրորդային շուկան, և երկրորդային շուկայի միջոցով մենք կարողանանք ավելացնել վճարունակ պահանջարկ։ Կենտրոնական բանկը նույնպես այսօր հանդես է գալու հիփոթեքային հիմնադրամի ստեղծման մասին հայտարարությամբ։ Այսինքն` մեր այս հակաճգնաժամային միջոցառումը ներառում է երկու ուղղություններ` և առաջարկի, և պահանջարկի խթանման միջոցով մենք նպատակ ունենք տեղից շարժել շինարարությունը և, բնականաբար, դա իր դրական ազդեցությունն է թողնելու ընդհանուր տնտեսական մթնոլորտի վրա, խթանելու է ներդրումների ավելացումը մասնավոր հատվածում։ Եթե այս 20 միլիարդանոց փաթեթը կարողանանք արագորեն իրացնել և գնահատել ռիսկայնության մակարդակը, մենք չենք բացառում, որ կառավարությունը տրամադրվող երաշխիքների ծավալները կավելացնի ևս 20 մլրդ դրամով։ Այնպես որ, սպասում ենք, որ կառուցապատողներն արագորեն արձագանքեն մեր այս հայտարարությանը, և մենք կարողանանք հնարավորին չափ կարճ ժամանակահատվածում ապահովել լայնածավալ վարկավորում, որը կնպաստի տնտեսական աճի ցուցանիշների բարելավմանը»։

Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, գործադիր որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճահականության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N1330-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Որոշման ընդունումը պայմանավորված է ներկայումս գործող բոնուսների հաշվարկման մեխանիզմն առավել արդյունավետ մեխանիզմով փոխարինելու անհրաժեշտությամբ։ Նպատակը ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացի նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմի կատարելագործումն է, ինչը հնարավորություն կտա զգալիորեն կրճատելու ՀԴՄ կտրոնների չտրամադրումը ու նաև կտրոնների վրա գործարքի իրական արժեքների արտացոլումը։ Ներդրվող նոր մեխանիզմի համաձայն, եռամսյակի ընթացքում վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոններից պետք է կազմվեն խմբաքանակներ։ Յուրաքանչյուր խմբաքանակում ներառվող կտրոնների քանակը տատանվում է 50-ից մինչև 1000 կտրոն` հստակ ֆիքսված քանակներով։ Յուրաքանչյուր խմբաքանակի համար սահմանվում է գործարքների արժեքների հանրագումարի նվազագույն շեմ` հիմք ընդունելով գործարքի միջին արժեքի 2000-ից մինչև 6000 և ավելի դրամ մեծությունները։ Եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա ընթացքում հարկային մարմին ներկայացված յուրաքանչյուր խմբաքանակների համար հաշվարկվում է բոնուսի կոնկրետ գումար, որը կախված է խմբաքանակի կտրոնների գործարքների արժեքների հանրագումարից։ Բոնուսների մեծությունները տատանվում են գումարային նվազագույն շեմերի նկատմամբ 2.5-ից մինչև 3.3 տոկոսի սահմաններում։ Ներկայացված խմբաքանակների կտրոնները հարկային մարմնի կողմից ստուգվելուց հետո, դրանք ներկայացնող ֆիզիկական անձին տրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձևով միջնորդագիր` հաշվարկված բոնուսը ստանալու նպատակով բանկ ներկայացնելու համար։ Բոնուսը վճարվում է բանկերի կողմից` ներկայացված միջնորդագրի և անձնագրի հիման վրա, յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում։
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի N1854-Ն որոշման մեջ, որի նպատակն է սահմանել «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների` ըստ ՀՀ մարզերի (Երևան քաղաքի) և համայնքների բաշխման հստակ մեխանիզմներ, հստակեցնել ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հոսքերի մեխանիզմը, բարձրացնել ծրագրի, ինչպես նաև կատարման ընթացքի և արդյունքների նկատմամբ մոնիտորինգի և վերահսկողության արդյունավետությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի N1854-Ն որոշումը համապատասխանեցնել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ամրագրված առանձին դրույթների պահանջներին։
Այս հարցի կապակցությամբ, վարչապետը նշել է, որ այն կառավարության հակաճգնաժամային ծրագրի կարևորագույն տարրերից է.
«Համաշխարհային բանկը նույնպես կարևորում է այս միջոցառումը, որպես ե՛ւ սոցիալական բովանդակություն ունեցող, ե՛ւ նոր աշխատատեղերի ստեղծում, աղքատության կրճատում ապահովող։ Այսինքն` ընդհանուր սոցիալական փաթեթի մեջ այն ամբողջությամբ տեղավորվում է, եթե մենք կարողանանք արդյունավետությունը բարձրացնել և իսկապես աշխատանքներ կատարվեն ու մարդիկ աշխատանքի դիմաց վարձատրվեն։ Ես կարծում եմ, որ առաջին փուլում, երբ հավաքագրենք հայտերը, ճիշտ կլինի խորհրդակցություն անցկացնել, հասկանալու` թե ի՞նչ տիպի աշխատանքներ են առաջարկվում համայնքների կողմից։ Ես կարծում եմ, օրինակ, որոշ շինարարական աշխատանքներ` դպրոցի վերանորոգում, կտուրի վերանորոգում և այլն, որոնք բարձր պրոֆեսիոնալիզմ չեն պահանջում և կարող են հենց տեղական աշխատուժն օգտագործելով իրականացվել, այս գումարներից կարող ենք հենց այդպիսի խնդիրներ լուծել և դրա համար, կարծում եմ, նաև քաղաքաշինության նախարարությունը պետք է մասնակցի այս աշխատանքներին և հուշի մեզ, թե որո՞նք են այն օբյեկտները, որտեղ կարող ենք հենց այս հասարակական աշխատանքների շնորհիվ դպրոցներում ներքին հարդարման և այլ թեթև աշխատանքները կատարել։ Կարծում եմ, որ այս 700 մլն-ը այդ տեսակետից կկարողանանք շատ արդյունավետ օգտագործել, մյուս կողմից էլ, եթե մարդկանց ապահովելու ենք աշխատանքով, պետք է հասկանանք, թե դա ի՞նչ ազդեցություն է թողնում աղքատության ցուցանիշների վրա, որովհետև իրենք այդ ամիսների ընթացքում իրական եկամուտներ են ստանալու, և աղքատության ծրագրում պետք է կարողանանք ցույց տալ, որ տեղի է ունենում բարելավում»։
«ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2009թ. ծրագիրը և ծրագրի միջոցառումների ժամանակացույցը։ Նշվել է, որ այս ծրագիրն ապահովում է 2008թ. ծրագրի շարունակականությունը։ Ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները և ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։ Տեխնոպարկի ստեղծումով հնարավորություն կընձեռնվի արտադրական գործընթացներում ընդգրկելու Գյումրի քաղաքի և, ընդհանրապես, Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին` փոքր ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով, նախանշելով դրանց գերակայությունները և զարգացնելով մրցունակ ուղղությունները։ Ծրագրի իրականացման նպատակն է` ապահովել Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգից բխող միջոցառումների կատարումը` պահպանելով քաղաքի ավանդական մշակութային նկարագիրը, այն դարձնել ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներ, գործարար միջավայրի համբավ ունեցող կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող ձեռնարկությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։
Հարցի կապակցությամբ վարչապետը կարևորել է ծրագրերի իրականացման ընթացքում մասնավոր հատվածի հետ ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունը. «Մեր նպատակն է տեխնոպարկում հնարավորին չափ ներդրումներ ունենալ նաև մասնավոր հատվածից, դրա համար անհրաժեշտ է ավելի շատ PR-ի վրա ուշադրություն դարձնել, ներկայացնել այն հնարավորությունները, որ այս ծրագիրն ընձեռնում է մասնավորի համար», - ասել է վարչապետը։
«ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է Հրազդան գետի վրա (Դավթաշեն-Զովունի-Թբիլիսյան խճուղու կապ) ավտոճանապարհային կամրջի կառուցման աշխատանքների համար ՀՀ 2009թ. պետական բյուջեի Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերով նախատեսված 936 մլն 500 հազար դրամն ուղղել մի շարք այլ` առավել հրատապություն ունեցող ծրագրերի իրականացմանը։ Այդ թվում` 561 հազար դրամ` Երևան քաղաքի բակային տարածքների և արտաքին լուսավորության ցանցի վերանորոգմանն ու կառուցմանը, 375 մլն 500 հազար դրամ` «Երևան» հիմնադրամին պետական օժանդակության տրամադրմանը` Երևանի թաղային համայնքների կողմից Երևան քաղաքի փողոցներում և բակային տարածքներում նախատեսվող լայնածավալ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին օժանդակելու նպատակով։ Կարևորելով որոշման ընդունումը, վարչապետը նշել է. «Ես կարծում եմ, որ սա ճիշտ վերաբաշխում է, որովհետև համար մեկ խնդիրը, որն այսօր մտահոգում է երևանցիներին, աղբահանության խնդիրն է, և ես համոզված եմ, որ այս գործառույթները, որ դուք հիմա նախաձեռնել եք, հնարավորություն կտան, որ այս տարի մեր քաղաքացիները զգան, որ էական փոփոխություն կա աղբահանության կազմակերպման գործում»։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2009թ. իր պահուստային ֆոնդից 272 մլն 214 հազար դրամ է հատկացրել ՀՀ գիտության և կրթության նախարարությանը, որից 65 մլն 418.8 հազար դրամ` նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքերի նորոգման, 192 մլն 395.2 հազար դրամ` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լաբորատորիաների և արհեստանոցների վերազինման և 14 մլն 400 հազար դրամ` 16 ուսումնական պլանների և մոդուլային ծրագրերի մշակման համար։
Նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2008թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը։ Նշվել է, որ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբում (ԹԱԽ) ընդգրկված բոլոր գերատեսչությունների աշխատակիցներն ակտիվորեն մասնակցել են ԹԱԽ աշխատանքներին, այդ թվում նաև` «ՀՀ-ում 2007-2009թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրով» և դրա ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացմանը։ Աշխատանքային խումբը քննարկել և հավանություն է տվել իր և ԵԱՀԿ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, 2007թ. սեպտեմբերին ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակված թրաֆիկինգի ենթարկված անձանց ազգային ուղղորդման մեխանիզմի նախագծին (ԱՈՒՄ), որը ներկայացվել է Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հաստատմանը, որից հետո «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը» 2008թ. նոյեմբերի 20-ին հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ։ Նշվել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում էական տեղաշարժ է արձանագրվել ՀՀ-ում թրաֆիկինգի դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորման ուղղությամբ` ՀՀ 2009թ. պետական բյուջեի 10 ծախսային ծրագրերով նախատեսվել են 433 մլն 776.6 հազար դրամի հատկացումներ։ 2009թ.-ին առաջին անգամ մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման միջոցառումների գծով ծախսային ծրագրերը ներառվել են «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում։ 2008թ. թրաֆիկինգի դեմ պայքարում ընդգրկված գերատեսչություններում շարունակվել է այդ ոլորտով զբաղվող պաշտոնյաների առանձնացումը և, անհրաժեշտության դեպքում, առանձնացված օղակների ստեղծման գործընթացը` հաշվի առնելով նաև թրաֆիկինգի ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի պահանջները։ Հաշվետվության մեջ մանրամասն ներկայացվել են նաև մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի միջոցառումների իրականացման ուղղությամբ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից 2008թ. կատարած աշխատանքները։
«ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հիշյալ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 131 մլն 623.7 հազար դրամով։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ։ Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծման և Պետական հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (IPSAS) ներդրման նպատակով, Համաշխարհային բանկը տրամադրել է դրամաշնորհներ, որոնց միջոցները նախատեսվում է օգտագործել 2009 թվականին։ Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել այդ դրամաշնորհների 2008թ. չօգտագործված մասերը, ինչպես նաև դրանց համաձայնագրերի շրջանակներում մատուցվելիք ծառայությունների դիմաց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը ներառել ՀՀ 2009թ. պետական բյուջեում։
Կառավարությունը որոշել է ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2008թ. չորրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարությանը ՀՀ 2009թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նշված ընկերություններին վճարելու համար հատկացնել 40, 131, 479 դրամ, որից` «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի գծով – 38, 514, 951 դրամ, «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի գծով – 109,600 դրամ, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի գծով – 1,506,928 դրամ։ Ինչպես նաև 4,690.16 եվրոյին համարժեք դրամ` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գծով, 6,116.8 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից` «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ի գծով - 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գծով – 5,116.8 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Մեկ այլ որոշմամբ, մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և մատուցված ծառայությունների, օդանավերի վերգետնյա, աէրոնավիգացիոն, ավիաօդերևութաբանական տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ սպասարկման դիմաց 2008թ. չորրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով, գործադիրը որոշել է 2009թ. իր պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 71.800 դրամ` «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի գծով, 3596.34 եվրոյին համարժեք դրամ, որից` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գծով – 1985.88 եվրոյին համարժեք դրամ, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի գծով - 1610.46 եվրոյին համարժեք դրամ, ինչպես նաև 4613.41 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին - 3400.41 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին – 1213 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Կառավարությունը հաստատել է ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների հետ կնքված ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ՊՈԱԿ-ներին տրվող սուբսիդիաների հիմքում դրվող ծախսերը տարբերակելու կարգը։ Որոշմամբ տարբերակվում են հիշյալ ծախսերը, կանոնակարգվում են փաստացի քանակական ցուցանիշները դրանց համար 30 և ավելի տոկոսով պակաս կամ ավել լինելու դեպքերում սուբսիդիայի տրամադրման գործընթացը, ինչպես նաև ընթացիկ հաստատուն ծախսերի գծով վճարված, սակայն փաստացի պակաս ծախսված միջոցների տարբերության չափով միջոցները պետական բյուջե հետ վերադարձման հարցերը։ Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 31-ի N1308-Ն որոշումը։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ` այն վարձակալությամբ տրվող գույքի (տարածքի) ամսական վարձավճարների նվազագույն մեծությունները 2008թ. օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ Որոշման վերնագրից և որոշումից հանվել է նաև համապատասխան ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության կանոնակարգման վերաբերյալ դրույթը։ Համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 9-ի N 731 որոշման մեջ։
Կառավարությունը հավանություն է տվել շուրջ մեկ տասնյակ ՀՀ օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է հիշյալ օրենքները «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Նույն նպատակով փոփոխություններ կամ լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, որոնք մշակվել են ի կատարումն ՀՀ վարչապետի 2009թ. փետրվարի 25-ի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 138-Ա որոշման պահանջների։
Գործադիրը որոշել է ՀՀ 2009թ. պետական բյուջեի «Գիտական ամսագրերի և մենագրությունների հրատարակում» ծրագրով նախատեսված 58 մլն 386,7 հազար դրամ պետական աջակցությունը տրամադրել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՊՈԱԿ-ին։
Հարցի կապակցությամբ վարչապետը կարևորել է ՀՀ ԳԱԱ-ի կողմից հրատարակվող գիտության տարբեր բնագավառներին վերաբերող և հանրապետությունում ու արտերկրում հեղինակություն վայելող գիտական 14 հանդեսների էլեկտրոնային կայքերի ստեղծման խնդիրը և հանձնարարել է ՀՀ գիտության և կրթության նախարարությանը` աջակցել հարցի հնարավորինս արագ լուծմանը։
Նիստում հավանություն է տրվել նաև պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված մի շարք օրինագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ։
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ու եկեղեցական տաղավար տոների և դրանց հաջորդող մեռելոց օրերի կապակցությամբ, կառավարությունը որոշել է 2009թ. ապրիլի 13-ի, հուլիսի 20-ի, օգոստոսի 17-ի և սեպտեմբերի 14-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2009թ. ապրիլի 18-ի, հուլիսի 18-ի, օգոստոսի 15-ի և սեպտեմբերի 12-ի` շաբաթ օրերը։


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ