հինգշաբթի, 13 մարտի 2003
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Երևան քաղաքի համայնքային որոշ խնդիրների լուծման նպատակով ֆինանսական միջոցների առանձնացման մասին կառավարության ընդունած որոշմամբ քաղաքապետարանի համար դեռևս 2001 թ-ին համապատասխան որոշմամբ բացված հաշվին ստացվող միջոցներով կլուծվեն մայրաքաղաքում 1987-1991թթ. պետական կամ հասարակական կարիքների համար իրացված տարածքների բնակտարածություններից զրկված բնակիչների (առաջնահերթության կարգով), ինչպես նաև վթարային շենքերի բնակիչների բնակարանային և այլ համաքաղաքային խնդիրներ:
Նիստում կառավարությունը որոշեց նաև «ՀՀ 2002թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով «Բնակարանային շինարարություն» ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքին՝ ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող մշտական բնակության վայր չունեցող ընտանիքների աջակցության համար նախատեսված հատկացումների 2003թ. հունվարի 1-ի դրությամբ չիրացված 12 մլն. դրամը ընթացիկ բյուջետային տարում ուղղել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու N 90 հասցեում գտնվող հանրակացարանի շենքի վերանորոգմանը՝ նշված աշխատանքների պատվիրատու ճանաչելով Լոռու մարզպետին: Որոշմամբ նույն նպատակի համար հատկացվեց ևս 10 մլն դրամ՝ 2003թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից:
Գործադիրը որոշեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը հատկացնել 2691.6 հազ. դրամ՝ այդ նախարարության ենթակայության «Ռուսական արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գծով նախորդ տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով:
Նիստում հաստատվեց նաև բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը: Այն մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի թիվ 1822 որոշման հանձնարարականի համաձայն: Որոշմամբ սահմանված է, որ անձին հաշմանդամ ճանաչելու կարգն իրականացվում է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների տարածքային մարմինների միջոցով: Փաստաթղթում նշված է անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու, փորձաքննության իրականացման, հաշմանդամի վերափորձաքննության ու փորձաքննական որոշման բողոքարկման կարգը։
Մեկ այլ որոշմամբ հաստատվեց ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրի չափաքանակների և ռեժիմի որոշման կարգը՝ ըստ ջրօգտագործման նպատակների: Հարցի քննարկման ժամանակ նշվեց, որ կարգի կիրառումը կօժանդակի ջրային ռեսուրսների արդյունավետ և նպատակային բաշխման, անտեղի ջրակորուստների կրճատման, ջրօգտագործման նորմատիվային և գերնորմատիվային չափաքանակների հստակեցման գործընթացների կանոնակարգմանը։
«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատեց ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և դրանց միություններին հանձնելու ու սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգը, ինչպես նաև պայմանագրի տիպային ձևը։
ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, գործադիրը հաստատեց հիդրոտեխնիկական կառուցվածքների դասակարգումը ըստ գործառնական նշանակության, կարևորության կարգի, հնարավոր վթարի վտանգավորության, օգտագործման, սեփականության ձևի, տեխնիկական չափանիշների և հիմնական նպատակային նշանակության։ Մեկ այլ որոշմամբ հաստատվեց հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերի խախտումների ցանկը։
«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ընդունված որոշմամբ սահմանվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների ցանկը։ Հարցի ներկայացման ժամանակ նշվեց, որ հատուկ նշանակության օբյեկտները պետության բնականոն գործունեությունն ապահովող այն օբյեկտներն են, որոնց գործունեության խափանումը կարող է հանգեցնել բնակչության և շրջակա միջավայրի համար անկանխատեսելի հետևանքների։ Հանձնարարվեց պետական կառավարման մարմինների ղեկավարներին երկամսյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն ներկայացնել համակարգի սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների անվանական ցուցակը։
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվեց ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպության։
Կառավարության անդամները հաստատեցին 2002 թ. հոկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը։
Գործադրի հավանությանն արժանացավ «Y H T» ՓԲԸ-ի կողմից առաջարկված «Մետաքս» ՓԲԸ-ի ֆինանսական առողջացման ծրագիրն ամբողջությամբ, և պարտատերերի կողմից ծրագրի ընդունման դեպքում որոշակի հանձնարարականներ տրվեցին ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին։