ուրբաթ, 14 մարտի 2003
ՀՀ վարչապետ, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է հիմնադրամի խորհրդի նիստ։ Քննարկվել է հիմնադրամի գործադիր գրասենյակի 2002 թ. գործունեության հաշվետվությունը։ Գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է, որ անցած տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել հիմնականում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանի մի շարք համայնքներում։ Համայնքներից ստացվել են կրթական, առողջապահական, խմելու, ոռոգման ջրերի և այլ ոլորտներին վերաբերող 294 ծրագրեր։ Փորձաքննության ենթարկված և առաջին փուլով անցած 180 ծրագրերից հաստատվել է 89-ը։ Ըստ զեկուցողի, 2002 թ. կապալառուների հետ կնքվել են 81 պայմանագրեր 4,7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ 46 ծրագրերի շինարարական աշխատանքներն ավարտվել են։ Դրանց թվում կառուցված և վերանորոգված 24 դպրոցներից 18-ը (40 տոկոսը) աղետի գոտում են, որոնցից 12-ը նորակառույց։ Տարեվերջի դրությամբ շինարարական աշխատանքներն ընթացել են 55 ծրագրերի շրջանակներում, որոնք հիմնականում (75 տոկոսը) դպրոցներ են։ Ընդ որում, Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում ընթացքի մեջ են 34 դպրոցական ծրագրեր, որոնցից 17-ը նորակառույց։ Հաշվետվության համաձայն, 2002 թ. կատարված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 4.19 մլն ԱՄՆ դոլար։ Ստեղծվել է մոտ 63 հազար մարդ*օր աշխատատեղ։ Ընդհանուր առմամբ, բոլոր ծրագրերի գծով աշախատանքներն իրականացվել են 116, իսկ շինարարական աշխատանքների գծով 118 տոկոսով։ Շարունակվել է համագործակցությունը տեղական և արտասահմանյան կազմակերպությունների մասնավորապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Թուֆենկյան» հիմնադրամի, «Ազնավուրը Հայաստանին», «Վարդանանց ասպետներ», «UNHCR» և այլ կազմակերպությունների հետ։
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կարևորելով դպրոցաշինության ոլորտը, հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն դարձնել և կարճ ժամկետում ըստ մարզերի առաջարկություններ ներկայացնել դպրոցների կահավորման, ինչպես նաև ջեռուցման արդյունավետ եղանակների ներդրման խնդիրների վերաբերյալ։
Քննարկման արդյունքում Սոցներդրումների հիմնադրամի ծրագրի գրասենյակի 2002 թ. գործունեությունը գնահատվել է բավարար։