ուրբաթ, 17 ապրիլի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին և «Երկրի աջակցության ռազմավարություն» ծրագրի առաքելության ղեկավար Սամյա Միտրային։
Գոհունակություն հայտնելով Համաշխարհային բանկի հետ մեր երկրի համագործակցության ընթացքից, վարչապետը նշել է, որ ՀԲ-ի կողմից տրամադրված 85 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներից 50 մլն-ը փոքր և միջին ձեռնարկատիրությանն ուղղելու վարկային ծրագիրն արդեն նկատելի թափ է հավաքում։ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նույն հաջողությամբ կիրականացվեն նաև Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում նախատեսվող առաջիկա մյուս ծրագրերը։
Արիստոմենե Վարուդակիսը ևս ընդգծել է, թե ուրախ է, որ Հայաստանի հետ նոր` քառամյա համագործակցության ծրագրի սկիզբը բավական խոստումնալից է։ Նա վարչապետին է ներկայացրել Հայաստանի աջակցության ռազմավարության նախագիծը, որի շուրջ փոխհամաձայնության գալու դեպքում, ս.թ. հունիսի սկզբներին այն կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի քննարկմանը։ Պարոն Վարուդակիսը տեղեկացրել է, որ այդ փաստաթղթով, որ կազմվել է շատ սեղմ ժամկետում և քննարկվել ՀՀ ֆինանսների նախարարության հետ, նախատեսվում է, մասնավորապես, Հայաստանին տրամադրվելիք 525 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ավելացնել ևս 20 մլն դոլարով։ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է, որպեսզի աջակցության ռազմավարության նախագծով նախատեսվող ուղղությունները համապատասխանեն ՀՀ կառավարության ծրագրերին և ուղղվեն հիմնականում սոցիալական հիմնահարցերի լուծմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներն արդեն իսկ դրական գնահատական են տվել ներկայացված աջակցության ռազմավարության նախագծին և այժմ հիմնական խնդիրը փաստաթղթի հաստատումն ու նախատեսվող ծրագրերի հնարավորինս արագ իրականացումն է, ինչը, ըստ նրա, նաև ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի հաջողության կարևորագույն երաշխիքներից է։
Արիստոմենե Վարուդակիսը և Սամյա Միտրան պատրաստակամություն են հայտնել համագործակցելու նաև այն դոնոր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ցանկություն կհայտնեն աջակցության վարկեր տրամադրել Հայաստանին։