երեքշաբթի, 21 ապրիլի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը «Հայկական ճարտարապետությունը և 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովում
Հարգելի հայրենակիցներ,
Սրբազան հայր,
Համաժողովի հարգելի մասնակիցներ և հյուրեր,
Ողջունում եմ «Հայկական ճարտարապետությունը և 21-րդ դարը» համահայկական համաժողովի մասնակիցներին, հյուրերին և կազմակերպիչներին։ Կարծում եմ, որ համաժողովը կծառայի իր նպատակներին և կդառնա համազգային մասնագիտական ներուժի բացահայտման ու արդյունավետ կիրառման, ճարտարապետության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման գրավական։
Հանրապետության նախագահի և կառավարության ծրագրերում կարևոր տեղ է գրավում հայ ժողովրդի հավաքական ուժի ամբողջացումը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելը։ Այդ նպատակով կազմակերպվող ճարտարապետների համահայկական համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել.
- ազգային ճարտարապետական ժառանգության պահպանման, ստեղծագործական յուրացման ու զարգացման, փոխանցման հիմնախնդիրները,
- երիտասարդ ճարտարապետների պատրաստման և վերապատրաստման ներկա հրամայականները,
- արդի ճարտարապետական ոճերի, մոտեցումների, նոր տեխնոլոգիաների և նյութերի ներդրումը հայկական ճարտարապետության մեջ,
- մասնագիտական ընկերակցության ստեղծումը, որը համահայկական մասնագիտական ցանցի ստեղծման նախապայման է։
Հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական զարգացումները և պետական ու միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունները` չեմ կասկածում, որ համաժողովը խորապես կվերլուծի ոլորտում առկա հիմնախնդիրները և կգտնի դրանց լուծման ռացիոնալ ուղիները։
Կարևորելով ողջ աշխարհում սփռված հայ պատմամշակութային ժառանգությունը, ՀՀ Սահմանադրության մեջ` հիմնական օրենքում, մենք ամրագրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստում է հայկական Սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը։
Հարգելի ճարտարապետներ,
Դուք ձեր մտքի սլացքով, ձեր գործերով մասնակցում եք այդ արժեքների ստեղծմանը, հետևաբար պետք է մասնակցեք նաև դրանց պահպանմանը։ Անհրաժեշտ է, որ Ձեր մասնակցությամբ մշակվի ռազմավարություն, որտեղ պետք է ամրագրվեն Հայոց պետության ու հայկական Սփյուռքի համայնքների, զանազան կառույցների անելիքները, որպեսզի կարողանանք միասնական ուժերով հավուր պատշաճի գրառել, հաշվառել, վավերացնել, պահպանել ու պաշտպանել հայ ժողովրդի հազարամյակների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը։
Ճարտարապետությունը հայ ժողովրդի ազգային ինքնության, տեսակի, ոգու, ողջ մշակույթի ամենավառ վկայությունն է ու ինքնաճանաչողության ամենաակնառու ուղին։
Հայկական ճարտարապետությունն ազգային ոգու քարեղեն մարմնացումն է, հայապահպանության, ազգային տեսակի, էության ու իդեալների վավերագրումը։
Հայոց ցեղասպանությանն ու ժողովրդի տարագրմանը հաջորդեցին պատմամշակութային ավերածություններ ու խեղաթյուրումներ, որոնք դեռ շարունակվում են` փորձելով ջնջել մեր հնագույն քաղաքակրթությունը մարդկության հիշողությունից` աղավաղելով պատմությունը։
Այն Հոգևոր Հայաստանը, Հայկական աշխարհը, որ մենք փորձում ենք կառուցել, պետք է հիմնված լինի նախ և առաջ հայ մշակույթի վրա։ Հայկական ճարտարապետական կոթողներն ազգային գաղափարախոսության հիմնասյուներից են։ Ամեն մի տաճար, պալատ, կամուրջ, ամրոց, վանական համալիր, վիմափոր խորան կամ խաչքար մի յուրօրինակ գաղափարագիր է, մի ժառանգական կոդ, որ դեռ պետք է ուսումնասիրել, ճանաչել ու փոխանցել։
Այս համատեքստում և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ի՞նչ կրթական-դաստիարակչական ծրագրեր ու միջոցառումներ պետք է համատեղ մշակել և իրականացնել, որպեսզի յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ ամրագրվի հայ մշակույթի ժառանգորդը, տերը և պահապանը լինելու գաղափարը։ Կցանկանայի, որ այս նյութը դառնար համաժողովի քննարկման առարկա։
Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ 2010թ. Չինաստանի Շանհայ քաղաքում տեղի է ունենալու հերթական ցուցահանդեսը, որին պետք է մեր երկիրը ևս ներկայանա։ Ինչպե՞ս, ի՞նչ գործերով, ի՞նչ բրենդով պետք է ցուցահանդեսում ներկայացվի Հայաստանն աշխարհին։ Դա պայմանավորված կլինի նաև ձեր առաջարկներով, ձեր մտահղացումներով, ձեր տեսլականով։ Մենք ակնկալում ենք ստանալ ձեր առաջարկությունները։
Արդեն իսկ մենք ստացել ենք հետաքրքրական նյութեր Հայկական աշխարհի նոր քաղաքի ստեղծման վերաբերյալ և այլ գաղափարներ և երախտապարտ կլինենք ձեզ, եթե այս համաժողովի ընթացքում այս նյութը նույնպես դառնա ձեր քննարկման առարկան։
Դուք ձեր ճարտարապետական գործունեությամբ ևս խոր հետք եք թողնում աշխարհի քաղաքակրթության, քաղաքների բարեկեցիկ դառնալու գործում, որը և ցուցահանդեսի հիմնական թեման է։
Հարգելի հայրենակիցներ, համաժողովի մասնակիցներ և հյուրեր,
Մեկ անգամ ևս ՀՀ կառավարության անունից համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ մասնակիցներին` ստեղծագործական նոր նվաճումներ և հաջողություններ` իրենց հայրենանվեր գործունեության մեջ։