չորեքշաբթի, 22 ապրիլի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին և ՀԲ Զարգացման քաղաքականության վարկային ծրագրերի պատրաստման առաքելության ղեկավար` ՀԲ Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին։
Ներկայացնելով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք առաջիկա երեք տարիների համար նախատեսվող վարկային ծրագրերի կազմման աշխատանքների ընթացքը, պարոն Վարուդակիսը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ, կողմերն արդեն իսկ շատ մոտ են փոխհամաձայնեցված փաստաթղթի ստեղծմանը։ ՀԲ առաքելության ղեկավարը Հայաստանի մակրոտնտեսական շրջանակի գնահատումից հետո կարևորել է նաև համապարփակ բյուջետային շրջանակի գնահատումը, նշելով, որ այն միտված պետք է լինի սոցիալապես անապահով խավերի պաշտպանությանը, աղքատության մակարդակի մեղմմանը։ Նա ներկայացրել է նաև այդ նպատակին ուղղված միջոցառումների վերաբերյալ ՀԲ առաքելության առաջարկությունները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է քննարկվող խնդիրների վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող և նախատեսվող միջոցառումների մասին, գոհունակությամբ նշելով հիմնական հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնության առկայությունը։
Կողմերը հույս են հայտնել, որ մինչև մայիսի կեսերը բոլոր աշխատանքները հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո, Հայաստանին տրամադրվելիք եռամյա վարկային ծրագրերի փաթեթն ընդգրկող փոխհամաձայնեցված փաստաթուղթը կարճ ժամկետում կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի քննարկմանը։