չորեքշաբթի, 22 ապրիլի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ք. Դուբնա) գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սիսակյանին և ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական տնօրեն Յուրի Հովհաննիսյանին։
Կողմերը քննարկել են Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացման հարցեր։
Նկատի ունենալով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, գիտական այլ կենտրոնների հետ իր ղեկավարած ինստիտուտի տասնամյակների համագործակցության փորձը, Ալեքսեյ Սիսակյանը վստահություն է հայտնել, որ չնայած համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի հետևանքով ծագած դժվարություններին, նախատեսվող համատեղ նախագծերն ու ծրագրերը` հատկապես ֆունդամենտալ գիտությունների բնագավառում, նույնպես հաջողությամբ կիրականացվեն։ Կողմերը կարևորել են, մասնավորապես, Հայաստանում միջուկային բժշկության կենտրոնի, Դիլիջան քաղաքում Միջազգային գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հեռանկարային զարգացմանն ուղղված նախագծերը։ Նշվել է, որ վերջին նախագծի իրականացման նպատակով, նախատեսվում է ստեղծել Միջազգային փորձագիտական հանձնախումբ` ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի նախագահությամբ, որի կազմում կընդգրկվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հեղինակավոր գիտական կենտրոնների շուրջ մեկ տասնյակ անվանի գիտնականներ։
Կարևորելով Հայաստանում ֆիզիկայի և աստղաֆիզիկայի հետագա զարգացումը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ղեկավարները հավանություն են տվել նաև այդ խնդրի համակողմանի քննարկման նպատակով Երևանում միջազգային գիտական համաժողով հրավիրելու գաղափարին։