հինգշաբթի, 23 ապրիլի 2009
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 5 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպության կիսակառույց շենքի ուժեղացման աշխատանքների իրականացում» ծրագիրը, «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բժշկական կենտրոնի կառուցում», «Վորլդ Վիժն ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք և Սառնակունք գյուղերի ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգում», «ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի համայնքների երեխաների համար թատերական ներկայացումների կազմակերպում» և «Հանուն կանանց առողջության» ծրագրերը։ Վերջին ծրագիրն իրականացվում է Գյումրու մարզում, որի նպատակն է աջակցել կանանց` վերարտադրողական առողջության մասին ունեցած գիտելիքների մակարդակի բարձրացմանը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։