հինգշաբթի, 23 ապրիլի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Ապրիլի 24-ը համայն հայության համար կրկնակի խորհուրդ ունի։ Ամեն տարի այս օրը մենք ոչ միայն խոնարhվում ենք Հայոց ցեղասպանության բյուրավոր անմեղ զոհերի հիշատակի առջև, այլև դասեր քաղելով մեր պատմության մեջ անջնջելի հետք թողած իրողություններից, մեր հայացքն ուղղում ենք ներկային ու ապագային։ Պատմությունը հուշում է մեզ, որ ժամանակների մեջ սեփական գոյությունն ու ինքնությունը պահպանելու և զարգացնելու համար` մարդասիրության, ազնվության, ազգային ու բարոյական արժեքների հետ մեկտեղ, նաև ուժ ու մարտունակություն է պետք, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն ունենալ և այդ պետությունը հզորացնել է պետք։ Մեր արդար ձայնը, մեր Դատը աշխարհի չորս ծագերում լսելի դարձնելու համար` համազգային համերաշխություն ու միասնություն է պետք։
Այսօր, երբ գնալով մեծանում է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը, ուզում ենք հավատալ, որ երրորդ հազարամյակ ոտք դրած քաղաքակիրթ ազգերն ու պետությունները ներկայումս` ինչպես երբեք, միակամ են, ըստ էության, ամբողջ մարդկության դեմ ուղղված նման մարտահրավերները` ամեն տեսակի ոճիրներն ու բռնությունները ճանաչելու և դատապարտելու, պատմական արդարությունը վերահաստատելու հարցում։
Վստահ եմ, որ նաև մեր համազգային ջանքերի շնորհիվ, քաղաքակիրթ աշխարհն ավելի ու ավելի է համոզվում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մեր պահանջն ուղղված է ոչ միայն պատմական հիշողությանը, այլև ապագայում աշխարհի որևէ կետում նման ոճրագործությունների կանխարգելմանը, ինչը կնպաստի արագ փոփոխվող և օրեցօր փոքրացող ժամանակակից աշխարհում ազգերի և պետությունների միջև բնականոն հարաբերությունների, փոխադարձ վստահության, համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը։